HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ձեռքբերումներ, որոնք կորցնում ենք․ թրաֆիքինգի դեմ պայքարի խնդրի շուրջ

ԱՄՆ կառավարությունն այս տարի  հրապարակեց աշխարհում թրաֆիքինգի հարցերի վերաբերյալ հերթական զեկույցը։ Երկրորդ տարին անընդմեջ Հայաստանը չի հայտնվում այդ չարիքի դեմ առավելագույն ջանքեր գործադրող երկրների առաջին խմբում:  

Իրավիճակը հասկանալու համար կարճ ներկայացնեմ, թե ինչի մասին է խոսքը ԱՄՆ պետքարտուղարության դասակարգմամբ՝ աշխարհի բոլոր երկրները բաժանված են մի քանի խմբերի՝ ըստ այդ երկրներում թրաֆիքինգի խնդրի կարևորության մակարդակի։ Խմբերը չորսն են։ Առաջին խմբում ընդգրկված են այն երկրները, որոնք թրաֆիքինգի դեմ պայքարում առավելագույն ուշադրություն ու ջանքեր են կենտրոնացնում։ Ինչքան ցածր է խումբը, այնքան շատ են այդ չարիքի հետ կապված խնդիրները և քիչ է դրանց լուծման նկատմամբ պետության ուշադրությունը։ Այս դասակարգումից ելնելով՝ ԱՄՆ կառավարությունը կարող է պատժամիջոցներ և այլ միջոցներ ձեռնարկել այն պետությունների նկատմամբ, որոնք ընդգրկված են վերջին խմբերում։ Հայաստանը երկար տարիներ գտնվում էր 3-րդ, այնուհետև՝ 2-րդ խմբում, և միայն 2013թ-ին՝ ՀՀ կառավարության, հասարակական  և միջազգային կազմակերպությունների սերտ  համագործակցության շնորհիվ մեր երկիրը հայտնվեց առաջին խմբում և այնտեղ մնաց մինչև 2017թ-ը։ 2018թ-ին մեր երկիրը տեղափոխվեց 2-րդ խումբ և նույն տեղում մնաց նաև 2019թ-ին։ Սա նշանակում է, որ երկրում թրաֆիքինգի հետ կապված իրավիճակն սկսում է անհանգստացնել մեր միջազգային գործընկերներին, իսկ պետությունն սկսել է ավելի քիչ ջանքեր գործադրել այդ չարիքի դեմ պայքարում։

Թրաֆիքինգի հետ կապված իրավիճակը մեր երկրում միշտ բավականին խնդրահարույց է եղել։ Հիմնական պատճառներից էին  իրավապահ և դատական մարմինների աշխատանքում ձևավորված ոչ բարենպաստ պրակտիկան, քրեական և քրեադատավարական օրենսդրության խնդիրները, հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ պետության ոչ պատշաճ համագործակցությունը։ Իրավապահ մարմինների կողմից թրաֆիքինգի կազմակերպմամբ զբաղվող անձանց հովանավորչության վերաբերյալ մեծ կասկածներ կային։ Թրաֆիքինգի հիմնական երևույթները կապվում էին սեռական շահագործման հետ (հիմնականում դեպի Թուրքիա և Արաբական Միացյալ Էմիրություններ) և երեխաների աշխատանքի շահագործման հետ։ Վերջին տարիներին առավել ակտուալ է դարձել աշխատանքային թրաֆիքինգի թեման։ Թրաֆիքինգի զոհերի իրավական և սոցիալական պաշտպանության հարցերի արդյունավետ լուծում չի գտնվել։

Ստեղծված ոչ բարենպաստ իրավիճակը փոխելու նպատակով Թրաֆիքինգի դեմ պայքարի  խորհուրդը միջգերատեսչական աշխատանքային խմբի հետ միասին 2008թ-ից սկսել էր ակտիվ քայլեր ձեռնարկել։ Արդյունավետ երկխոսություն էր սկսվել հասարակական կազմակերպությունների, փոխշահավետ համագործակցություն՝  միջազգային կազմակերպությունների հետ։ ԶԼՄ-ներն սկսել էին թեմային ավելի շատ ուշադրություն դարձնել, լրագրողների համար հատուկ դասընթացներ և սեմինարներ էին կազմակերպվում, հիմնվեց ամենամյա մրցանակ՝ թեման լուսաբանող լավագույն հրապարկումների համար։

Ամենակարևորն այն էր, որ սկսել էր փոխվել իրավապահ և դատական մարմինների աշխատանքի պրակտիկան։ Անցկացվում էին ոստիկանության, դատախազության մասնագետների ինտենսիվ պատրաստության և վերապատրաստման դասընթացներ, փորձաշրջաններ։ Սկսել էր փոխվել պետական մարմինների վերաբերմունքը խնդրի  նկատմամբ։ Երեխաներին գրանցելու և նրանց իրավունքների պաշտպանության վերահսկողության նոր, լրացուցիչ միջոցներ էին ձեռնարկվել։ Կառավարությունն սկսել էր թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով ինտենսիվորեն համագործակցել օտարերկրյա պետությունների, հատկապես՝ ԱՄՆ դեսպանության հետ։ Կարևոր համատեղ որոշումներ էին ընդունվել ԱՄԷ-ի՝ թրաֆիքինգի հիմնական ուղղություն համարվող երկրներից մեկի հետ։ Ցավոք, հայտնի պատճառներով, հնարավոր չէր նմանատիպ համաձայնության հասնել Թուրքիայի հետ։

Պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների և միջազգային հանրության հետ ինտենսիվ աշխատանքի արդյունքը եղավ այն, որ Հայաստանը հայտնվեց  երկրների առաջին խմբում։ Հայաստանն այդ խմբում հայտնված տարածաշրջանի միակ երկիրն էր։ Ուշադրություն եմ հրավիրում այն փաստի վրա, որ սա 3 հիմնական գործընկերների՝  պետություն-հասարակական կազմակերպություններ-միջազգային հանրություն համագործակցության արդյունավետ և հաջողված օրինակներից էր, որը հանգեցրեց գործնական արդյունքների։ Նման համագործակցության արդյունավետության մասին են վկայում նաև ամերիկացի գործընկերների հետազոտությունները։

Նման գործնական արդյունքը կարևոր է նաև մեր երկրի իմիջի տեսանկյունից։ Եթե Հայաստանն առաջին խմբում է, դա նշանակում է հաջողություն, որոշակի ճանաչում և շահագրգռվածություն՝ դառնալ «թրաֆիքինգից զերծ» կայացած գոտի։ Եթե Հայաստանը երկրորդ խմբում է, դա նշանակում է լճացում պետական մարմինների աշխատանքում, նոր մարտահրավերներ այդ ոլորտում։ Հայաստանում կիրառություն գտած և մեր ազգային ավանդույթների ու պատկերացումների տեսանկյունից անընդունելի համարվող՝ սեռական և երեխաների  թրաֆիքինգին զուգահեռ՝ վերջին տարիներին լուրջ խնդիր են դարձել աշխատանքային թրաֆիքինգն ու անօրինական միգրացիան։ Ժամանակ առ ժամանակ տեղեկատվություն է հանդիպում Հայաստանի քաղաքացի չհանդիսացող անձանց մեր երկրում աշխատեցնելու և առանց վարձատրության ու փաստաթղթերի թողնելու մասին։

Այսօր այս մասին հիշում եմ, որպեսզի գործող իշխանությունների ուշադրությունը հրավիրեմ հետևյալ հանգամանքների վրա

-Նախորդ իշխանություններն ունեցել են ձեռքբերումներ, որոնք հարկավոր է պահպանել և կրկնապատկել՝ առանց նեղսրտելու։

-Հարկավոր է հենց վաղվանից սկսած առավելագույն ջանքեր գործադրել, որպեսզի Հայաստանը մյուս տարի վերադառնա առաջին խումբ։

-Պետք է գլոբալ նպատակ դնենք՝ Հայաստանը դարձնել  ցանկացած տեսակի թրաֆիքինգից զերծ գոտի։

Արմեն Գևորգյան

ՀՀ նախկին փոխվարչապետ 

Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի նախագահ (2008-2014թթ)    

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter