
Սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվողներին ազատել կոմունալ վճարներից․ նոր նախագիծ
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է նախարարության ենթակայությամբ գտնվող սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվողների սպառած բնական գազի, էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման վարձավճարները փոխհատուցել:
Նման առաջարկություն է նախարարությունը քննարկման ներկայացրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Նախարարությունը հաշվարկներով՝ վերջին երկու տարիներին սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուները իրենց սպառած բնական գազի, էլեկտրաէներգիայի և ջրի դիմաց վճարել են ամսական 12 000 դրամ, տարեկան՝ 144 000 դրամ:
Նախարարությունն նախատեսում է որպես փոխհատուցում յուրաքանչյուր կենսաթոշակառուին (մեկ սենյակի համար) ամիսը 12 750 դրամ հատկացնել՝ ակնկալելով, որ այդ պարագայում բնակիչներից յուրաքանչյուրը տարեկան կտնտեսի 153 000 դրամ, որը կկարողանա ծախսել իր կենսականորեն անհրաժեշտ կարիքները հոգալու համար:
Սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում այժմ բնակվում է ավելի քան 200 անձ, որոնցից 59-ը միայնակ կենսաթոշակառու են, այդ թվում` 28 միայնակ կենսաթոշակառու բնակվում է Երևանում և Մարալիկում գտնվող սոցիալական տներում, իսկ 31-ը` հատուկ խմբերին դասված որոշակի կատեգորիայի անձանց համար նախատեսված կացարանում (այլ կերպ անվանվում է նաև «Վետերան» օթևան):
Կառավարության 2015 թվականի որոշմամբ՝ սոցիալական բնակարանային ֆոնդի կացարանով ապահովվում են սեփականության իրավունքով իրենց պատկանող անշարժ գույք չունեցող անձինք, որոնք սոցիալական վիճակով պայմանավորված հնարավորություն չունեն լուծելու իրենց բնակարանային խնդիրը: Այնտեղ բնակվողներին տրամադրում է միայն կացարան, երբեմն էլ որոշ սոցիալական ծառայություններ, սակայն կոմունալ ծառայությունների դիմաց վճարում է բնակիչը, որը հոգում է նաև իր բոլոր անհրաժեշտ ծախսերը` սննդի, հագուստի, կենցաղի հետ կապված:
«Տարիների փորձը ցույց է տվել, որ սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուները հիմնականում (կենսաթոշակը չի բավարարում միաժամանակ և ապրելու, և կոմունալ ծառայությունների դիմաց վճարելու համար) չեն կարողանում վճարել իրենց սպառած բնական գազի, էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման վարձավճարները և պարբերաբար խնդիրներ են առաջացնում կացարանների տնօրինությունների համար. վերջիններս էլ հաճախ բնակիչների պարտքերը մարելու կամ զիջելու խնդրանքով դիմում են ծառայություններ մատուցող կազմակերպություններին, որոնք էլ կամ օգնում են կամ էլ` մերժում»,-հայտնել է նախարարությունը։
Մեկնաբանել