HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Անկրկնելի պատմություն», որ վերջապես «շրջանցեց լեռները»

Գեղարվեստական գրականությունը ես տարեցտարի ոչ թե ավելի արագ, այլ դանդաղ եմ կարդում։ Հազար ու մի բանի ուշադրություն դարձնելով, մտքերս գրառելով։ Բայց Վաչե Սարգսյանի «Անկրկնելի պատմությունը»՝ «Ակեղդամա» եռերգության առաջին վեպը կարդացի մի շնչով:

Գիրքը մի շարք ողբերգությունների կնիք է կրում, որ ցնցում են ընթերցողին։ Նախ՝ հերոսի ճակատագիրը. միայն այն բանի համար, որ հայ գրականության քննությանը Եղիշե Չարենցին չի դատապարտում, տասնութ տարեկանում նա դատապարտվում է տասը տարվա ազատազրկման։ Ապա՝ գրքի ճակատագիրը. առաջին անգամ հրատարակության է հանձնվել 1965-ին, լույս է տեսել... հիսունչորս տարի անց, 2019-ին։ 

Ուրիշ ինչի՞ շնորհիվ է ժամանակակից ընթերցողը մեկ շնչով կարդում՝ համեմատեք ձեր պահանջների հետ. 

ա) բացառիկ կենսափորձի, 

բ) առաջին դեմքով պատումի, որ ներկայության էֆեկտ է ստեղծում. մենք «ուղիղ հեռարձակմամբ» տեսել ենք «9/11»-ը, չեչեն ահաբեկիչների կողմից «Նորդ օստի» դահլիճի գրավումը 2002-ին, Սիրիայի պատերազմը... 2018-ի թավշյա հեղափոխությունը՝ դժվար ենք հավատում վերացական հեղինակի պատումին,

գ) հեղինակի դիտողականության, ապա նկատված «մանրուքները» խաղարկելու, «գործող անձ» դարձնելու ունակության, ինչը ընթերցողին թույլ է տալիս ընդհանրացումներ կատարել՝ բավարար սոցիոլոգիական երևակայության առկայության դեպքում։ 

Ա) Վաչե Սարգսյանի (1924-1987) սիբիրյան ճամբարների կենսափորձը, ցավոք, եզակի չէ. Ռուսաստանում, ապա ՍՍՀՄ-ում տասնյակ միլիոնների են գնդակահարել կամ աքսորել՝ 1917-ի բոլշևիկյան հեղաշրջումից սկսած։ Բայց հազվադեպ մարդիկ են միայն գրավոր վկայություններ թողել՝ մահացու վտանգների, դաժան գրաքննության պատճառով, իսկ շատ օրագրեր ու ստեղծագործություններ ոչնչացվել են։ Ինչը չի «այրվել», բացառիկ, անգնահատելի է որպես պատմական փաստաթուղթ՝ «Անկրկնելի պատմություն»։ 

Բ) Վեպի պատումը առաջին դեմքով է։ 

Գ) Մանրամասների գեղարվեստական «խաղարկման» տաղանդն էլ հեղինակն ի հայտ է բերում վեպի առաջին էջերից։ Վաչե Սարգսյանի ու վեպի հերոսի կենսափորձերը համընկնելու աստիճան մոտ են, բայց եթե Վաչե Սարգսյանը ձերբակալվել է 1942-ին, նրա հերոսը՝ Վազգենը, 1941-ի հունիսին է հայտնվում բանտում, որտեղ շաբաթներ ի վեր լուր չի ստանում, որ… Սովետական Միությունը ներքաշվել է համաշխարհային պատերազմի մեջ. «Մկա դուք էս աշխարքեն չե՞ք, հորի՞ ձըզի քոռի տեղ դրած եք։ Մեկ ամիս լե ավել է, օր նեմեց մըզի կզանա»,- նոր կալանավոր Բեգլարն է միամտորեն կշտամբում մի քանի քառակուսի մետրում իրար գլխի լցրած խցակիցներին։ Լուրը սրում է իրավիճակի դրամատիզմը։ Քաղբանտարկյալները՝ սասունցի Բեգլարը, որի մեղքը Արևմտյան Հայաստանում ծնված լինելն է, հայտնի մարդկանցից՝ «շեկ քանդակագործ» Երվանդ Քոչարը, չնայած վաղօրոք հասցրել է վերացնել Չարենցի կիսանդրին, սիրով զենքը ձեռքին կմեկնեին ռազմաճակատ, ֆաշիստական Գերմանիայի դեմ կռվելու, բայց կրում են «ֆաշիստի» պիտակը։ Զարհուրելի ծեծուջարդի հետևանքով նրանք «խոստովանել» են հայրենիքի դավաճանության մեղքը, ավելին՝ իրենք են սուտ ցուցմունք տվել ուրիշ մարդկանց դեմ. «Ես մի անգամ իմ ընկերներին բողոքեցի առաջնորդի կուլտի դեմ ու կարեկցեցի նրա զոհերին։ Հետո այնտեղ ներկա գտնվողները այստեղ դարձան կազմակերպության անդամներ, իսկ ես նրանց ղեկավարը, ու ինքս այդ բանը հաստատեցի թղթի վրա»,- պատմում է Ռուբենը՝ անվանի դասախոսի թոռը (ընդգծումներն իմն են՝ Վ. Մ.)...  

Խղճահարության չափը

Նկատված երևույթ է, որ մարդը խղճում է ուրիշին մինչև որոշակի աստիճան, հետո պատնեշում է իրեն, «անջատվում է»։ Դա վերաբերում է նաև գրական հերոսների հանդեպ վերաբերմունքին։ «Անկրկնելի պատմության» մեջ բնականաբար շատ է տառապանքը, որից սիրտդ տակնուվրա է լինում, բայց կան և դիմադրություն, որ չի թողնում նյութից խորթանալ։ 

Արդեն կոտրվելուց՝ հարցաքննությանը իր «հանցակիցներին» մատնելուց հետո, ծաղր ու ծանակից նվաստացված, Վազգենը իրենից նորանոր «հակահեղափոխականների» անուններ կորզելու քննիչի հերթական փորձի ժամանակ թվարկում է... թաղի երեխաներին՝ հիմար դրության մեջ գցելով, խայտառակելով նրան պետերի առաջ։ 

Սասունցի Բեգլարը յոթհարկանի հայհոյանքներով է «վրեժ լուծում» իրեն խմբով ծեծող չեկիստներից. «Տվեք։ Թող Բեգլարի աստված լա երկնքում, վին լացի սովոր է»։ 

Ռուբենը, որին շուտով կգնդակահարեն, մտածել, վերլուծել է սովորեցնում իր բախտակիցներին. երբ անմեղ մարդկանց են որպես լրտես բռնոտում, դա հեռացնում է կասկածը իսկական լրտեսներից, և դա է իսկական դավադրությունը երկրի դեմ..  

Դիմադրելն աներևակայելի դժվարանում է, երբ քաղբանտարկյալներին տեղափոխում են միջավայր, որտեղ իշխում են քրեական հանցագործները, ստալինյան համակարգի դրվածքի համաձայն։ Բաքվի Քիշլի բանտում «հյուսիսկովկասցի» հսկա «պախան Կազբեկը» խլում է նորեկներից, ինչ դուրը գա, դանակով հանում ոսկե ատամաշապիկները։ Վազգենն ու ընկերները տեղի չեն տալիս, կռվում են։ Թեև թեթև են պրծնում՝ ոչ մեծ վերքերով, բայց վտանգ կա, որ բանտի վարչակազմը տղաներին իրարից բաժանի, որ քրեականները հետները հեշտ հաշվեհարդար տեսնեն։ Բարեբախտաբար, տեղի հայ կալանավորի միջնորդությամբ հարևան խցի մի ուրիշ գող սպանում է Կազբեկին։ 

Այս և հետագա շատ դրվագներում դրսևորվում է Վազգենի պոռթկուն բնավորությունը՝ ենթադրել տալով, որ դա բխում է նախատիպից՝ հեղինակից։ 

«Հացի փորձություն»

Լուրջ փորձություններից մեկը, որին Վազգենը պետք է դիմագրավի, քաղցն է։ Ես համեմատեցի ֆաշիստական համակենտրոնացման ճամբարների ու ստալինյան «Գուլագի» չափաբաժինները՝ նույնիսկ տխրահռչակ Ներքին գործերի ժողովրդական կոմիսար Լավրենտի Բերիան 1939-ին բողոքում է ճամբարականների ցածր նորմայից (էջ 376)։ Գերմանական ճամբարներում ուտելիքն ավելի բազմազան է, կալորիաները... 20-30%-ով շատ, ինչը թույլ է տալիս մարդկանց պահպանել աշխատունակությունը։ Վերապահմամբ՝ սա «ոչ արիացի» ազգերի ներկայացուցիչներին՝ հրեաներին, գնչուներին, և սովետական ռազմագերիներին չի վերաբերում. Ստալինը չի ստորագրել 1929 թ. Ռազմագերիների հետ վարվեցողության ժնևյան համաձանագիրը, որի 11-13 կետերը հավասար սնունդ էին նախատեսում ռազմագերիների ու սովորական, զորանոցային պայմաններում գտնվող զինվորականների համար, արգելում էր ուտելիքի սահմանափակմամբ պատիժը։ Արդյունքում... ռազմաճակատի գծի երկու կողմում էլ ազատազրկված սովետական մարդկանց հասանելի էր միայն «ոչ արիացիների» սննդակարգը, որը ևս չէր պահպանվում «ճամբարային» գրականությունից հայտնի հրեշավոր կոռուպցիայի պատճառով բռնատիրական երկու երկրում էլ։ 

Երբ Վազգենն է հայտնվում «Գուլագում», տարեկան մահացությունը 30-ականների մի քանի տոկոսից հասնում է 25-ի (1942-43 թթ.), այսինքն, մեռնում է յուրաքանչյուր չորսից մեկը։ Նա և ընկերները... կիսում են հացը իրար հետ, բայց ոչ թե սովամահությունը կանխելու համար՝ չնչին փշուրներ են, այլ ինքնապահպանման բնազդից ծնվող գազանացումը. կալանավորները թույլերից խլում կամ իրարից գողանում են հացը։ 

Ճիշտ է, երկու տարվա ընթացքում երեք բանտ փոխելուց հետո՝ Վազգենը հանգում է այն եզրակացության, որ քաղցած... ավելի հեշտ է. մի կտոր հացը դառնում է կալանավորի կյանքի իմաստը՝ տեղ չթողնելով ազատության կարոտին։

Կյանք՝ աշխատանքի դիմաց 

Աքսորում Վազգենին նոր մարտահրավեր է սպասում. բազմաժամյա տաժանակիր աշխատանքը սպանում է հյուծված աքսորականներին։ 170 սմ հասակով Վազգենը, որ արդեն 38 կգ է կշռում, ընկնում է հիվանդանոց։ Այստեղ նրա կյանքը փրկում են քաղբանտարկյալ բժիշկը, բուժքույրը... իրենց օրապահիկը հետը կիսելով՝ անձնազոհություն, որ արցունք կքաղի զգայուն ընթերցողի աչքերից։ 

Վազգենն էլ ուժեղ կամք ունի. փոքր-ինչ կազդուրվելով՝ ստանձնում է ամենածանր աշխատանքը՝ ծառահատումը, որ կոփվի։ Բայց դա խաղուպար չէ. տայգայում՝ 30-40 աստիճան ցուրտ է, բարձր պլանը չկատարելու պատիժը հացից զրկվելն է։ Նա դիմակայում է, վարպետանում-գերակատարում պլանը և ի վերջո... նշանակվում բրիգադավար։ 

Աշխատանքի հանդեպ Վազգենի նորարարական մոտեցմանը («շատերը զարմանալիորեն ծուլանում են գործի դնել իրենց բանականությունը»), ուրիշ բրիգադների հետ մրցակցությանը նվիրված գլուխները «Անկրկնելի պատմությունը» մոտեցնում են «արտադրական վեպին»՝ երևի թե զուտ սովետական («սոցիալիստական») ժանր, որտեղ դրական հերոսները՝ «ուղղափառ» կոմունիստները, իրենց ռոմանտիզմի շնորհիվ հաղթում են բացասականին՝ անտագոնիստին, որը... հաճախ հենց բարձր պլանն է։ Վազգենի «հոգևոր հայրը» նույնպես սոցռեալիստական վեպին բնորոշ կերպար է՝ Աղասի Կնդեղցյանը, իրական մարդ, Ղափանի պղնձահանքի նախկին տնօրենը, ինչպես Գուգլը հուշեց, որը տեսել է, թե ինչպես են «սոսկալի» 1937-ին ոչնչացնում բոլշևիկ-հեղափոխակաների հին գվարդիան, բայց պատանի խցակցին հորդորում է չներքաշվել «անձնական կաշու մեջ»։ Վազգենի մանկության օրերի «խոշտանգված երջանկությունը՝ վիրավոր ընկած (է) բանտի ցեմենտապատ հատակին», բայց նա ինքը ևս չի հրաժարվում բոլշևիկյան գաղափարախոսությունից. ընկերոջը դրվատում է որպես երբեմնի «կրակոտ կոմերիտականի», ոմն Կրասնովի չի սիրում, որովհետև սա «սպիտակգվարդիականի տպավորություն» է թողնում, մերժում է ուկրաինական «նացիոնալիստներին» և այլն։

Վաչե Սարգսյանը պատճառ չուներ սովետական վարչակարգին ներելու. վաղակետ չի ազատվել անձնազոհ աշխատանքի համար, որ հասանելի էր քրեական հոդվածների դեպքում, նախնական տասը տարվա փոխարեն նստել է տասնվեցը, աքսորից վերադառնալուց հետո էլ սերտ կապեր է ունեցել այլախոհական շրջանակների հետ, ինչո՞ւ է ուրեմն դեռ «քաղաքականապես բարեհույս»։ Հավանաբար՝ որպեսզի վեպը ճեղքի-անցնի գրաքննությունը… Թեև բացառված չէ, որ հեղինակը և իր հերոսն առայժմ «հիբրիդային» վիճակում են՝ չեն ձերբազատվել գաղափարախոսական պատրանքներից, կամ Վազգենը ավելի ուշ՝ «Ակեղդամայի» հաջորդ, դեռևս անտիպ հատորներում կազատվի «սովետականությունից» («Ակեղդաման», ի դեպ, աստվածաշնչյան Արյան ագարակն է)։    

Ոճի՞ր, թե՞ պատիժ

«Արտադրական սխրանքները» (էջ 347) Վազգենին բերում են դիրք, սննդի բավարար չափաբաժին, բայց չեն ազատում քրեական հանցագործների ամենից ապահասարակական հատվածի՝ «գողերի» ճնշումներից, որոնք համախմբված են, ունեն իրենց սպասարկող կալանավորներ՝ «շեստյորկաներ»։ Բայց Վազգենը ոչ միայն հակադարձում է վիրավորանքներին, այլև փորձում հետ վերցնել տասնհինգամյա մի ռուսի՝ միակ հարազատից անսպասելի ստացած ծանրոցի գոնե կեսը և ընկնում կռվի մեջ։ Որի նկարագրությունը իր տեսողականությամբ լավագույններից է վեպում՝ իսկական ամերիկյան մարտաֆիլմ։ Մարդասպանության հոդվածով դատված երեք «գողը» զինված են դանակով, փայտե մահակներով, իսկ Վազգենը մետաղե ձող ունի, որ աննկատ նրա ձեռքն է դրել մի տառապյալ ճամբարական։ Նա արդեն ուժասպառ է, երբ օգնության է հասնում աշխատաքային ընկերը՝ նախկին մարտական օդաչուն։ Նրանք ոչ միայն հաղթում են, այլև... ծեծամահ անում  «գողերից» մեկին։ 

Սա թերևս վեպի կիզակետն է։ Հերոսը մարդ սպանեց։ Դատելով վեպի վավերականությունից՝ դեպքը քաղված է հեղինակի կյանքից։ Սպանությունը տեղի է ունեցել ինքնապաշտպանության ընթացքում, ուրեմն, ընթերցողը Վազգենի կողմից է, ավելին՝ նրան արդարացնում է քրեական հանցագործներին սերտաճած ճամբարային ղեկավարությունը։ Այսինքն, սա ավելի շատ «գողի» արդարացի պատիժն է, քան ոճիր, բայց այս միջադեպի հետ կապված որքանո՞վ է «ներքին Դոստոևսկին» արթուն Վաչե Սարգսյանի մեջ, որի հերոսը պարբերաբար դատողություններ է անում մարդու մեջ մարդկայնության կորստի մասին («Ափսոսում էի մարդու համար կորած մարդուն», էջ 66, «Ինչպե՞ս էին տեղավորվում մեր միևնույն կրծքի տակ պետական հանցագործի ու աշխատանքային հերոսի իրար հակասող դրույթները», էջ 287-88)։ Ոչ շատ. նա չափազանց շուտ է մոռանում սպանությունը՝ առանց հերոսի ապաշխարության, համարյա ամերիկյան մարտաֆիլմի արագությամբ, որտեղ, ըստ ժանրի օրենքների, դեռ նորանոր մահեր են «սպասվում»։

«Անկրկնելի պատմության» մեջ արտառոց քիչ է անդրադարձը նաև Վազգենի ընտանիքին՝ գրքի շուրջ 370 էջից հազիվ 1-2-ը։ Գրքի առաջին գլուխներից հայտնի է դառնում, որ Վազգենի պաշտոնյա հայրը ուրացել է որդուն, երբ նրան ձերբակալել են որպես «ժողովրդի թշնամու» (էջ 42)։ Երբ Վազգենն արդեն Սիբիրում է, ընթերցողն իմանում է, որ նամակ է գրել Հայաստան, բայց... ոչ տան հասցեով, ու ծանրոց չի ստացել։ Բուժքույր Դանուտան միամտություն է համարում դա. «Խե՛նթ, հայրը որդուց ինչպե՞ս կհրաժարվի, ստիպված մի բան ասել է ժողովում, որ մյուս երեխաները անտեր չմնան, կա՞ն, չէ՞» (էջ 180), և հորդորում մորը գրել, որից հետո սկսվում է ուտելիքով լիքը ծանրոցների հոսքը։ Ուրիշ մեկը թերևս դրանից հետո հորը ներեր՝ առանց նրա իմացության ծանրոց չէին ուղարկի, բայց անդրդվելի հերոս/հեղինակը շրջանցում է հոր, ընտանիքի, նույնիսկ մանկության թեմաները մինչև վեպի ավարտը։ Դա ավելի հստակ է դառնում, եթե համեմատենք ընտանիքի և սիրո թեման, որ բավական ծավալուն է վեպում։ Ակնհայտորեն ոչ միայն «Ակեղդամայի» «բոլոր երեք վեպերում անունները իրական մարդկանց իրական անուններ են», ինչպես գրքի վերջաբանում վկայում է գրականագետ Սիրանուշ Դվոյանը, այլև նրանց ներկայացվածության չափը պայմանավորված է հեղինակի նեղ-անձնական վերաբերմունքով։ 

Գլխավոր հերո՞ս, թե՞ գերմարդ

Կանայք շատ են գլխավոր հերոսի կյանքում, թեև բազմապատիկ քիչ են եղել «Գուլագում», իսկ տղամարդ կալանավորների շփումը նրանց հետ՝ խիստ սահմանափակ։ Վազգենն անփորձ է, զուսպ ու գերապատվությունը տալիս է հոգևոր կապին, բայց նրան բավական հաճախ են սիրահարվում... Կամ գուցե դրա համար են սիրահարվում։ Տղամարդկանց հետ հարաբերություններում նա ազնիվ է, խիզախ  ամենաանախորժ իրավիճակներում։ Արդյո՞ք սա չափազանցություն, հեղինակի ինքնահավանության արդյունք չէ։ Իմ կարծիքով՝ ոչ։ Համատարած սարսափի մթնոլորտում մարդու այս սկզբունքային, վերլուծող ինքնակատարելագործվող տեսակը հազվագյուտ էր ոչ միայն ճաղերից ներս, այլև՝ դուրս, և օրինաչափ է, որ արժանանար համակրանքի ու սիրո։ Ահա և տասնյոթամյա Սոնյան այնպես է սիրում Վազգենին, որ մահվան մահճում բացականչում է. «Երբևէ ես կկարծեի՞, որ իմ երջանկությունը թաքնված է տայգայի խորքում» (էջ 310)։ Ինչպես և գլխավոր հերոսի չապաշխարհելու, ազգականների կերպարների չներկայացվածության դեպքերում, սա վավերականության «պայքարն» է ընդդեմ գեղարվեստականության, որտեղ գրական տեքստը պարտվում, բայց հարստանում, հաղթում է համատեքստը։

Պաշտոնյա գրողների դատավճիռները

Գրքի վերջաբանում վեպի հրատարակությունը մերժելու երկու դեպք է ներկայացվում։ 1965-ին ներկայացված ձեռագիրը... 1970-ին խոտանում է 1967-1975 թթ. «Հայաստան» հրատարակչության գեղարվեստական գրականության խմբագրության վարիչ Լևոն Միրիջանյանը. «գրվածքը ցածր մակարդակ ունի», «իր թեմատիկայով չի առնչվում հրատարակչությանը հուզող արդիական խնդիրներին ու թեմաներին» (էջ 438)։ Միրիջանյանն ինքը շուրջ քսան գիրք է տպագրել՝ դրանք երևի առնչվել են «հրատարակչությանը հուզող արդիական խնդիրներին ու թեմաներին», թեև այսօր, մեղմ ասած, արդիական չեն։ 

Վեպի երկրորդ շանսը գորբաչովյան «վերակառուցման» շրջանում է ի հայտ գալիս։ Վաչե Սարգսյանի որդին, Վանո Սիրադեղյանի խորհրդով, դիմում է «Սովետական գրող» հրատարակչության գլխավոր խմբագիր Ռուբեն Հովսեփյանին, որն այսպես է արձագանքում. «Քամիները, որոնք փչում են Հյուսիսից, չեն կարող շրջանցել կովկասյան լեռները» (էջ 441)։ Խոսքի ազատությունն ընդլայնվում էր եթե ոչ օր-օրի, ապա ամսե ամիս, իսկ սովետահայ հրատարակիչը դեռ այլաբանորեն արդարանում է, որ «կենտրոնում»՝ Մոսկվայում սկսված շարժումը Հայաստան չի հասել «Անկրկնելի պատմության» նման գիրք տպելու համար։   

«Ցածր մակարդակի» մասին էլ ասեմ։ «Հինգ հոգի էինք, իրար շուլալված, մեկուսարանի մերկ տախտակամածի վրա։ Հինգ հոգի էինք, ամեն մեկիս սիրտը՝ երկու ուրիշ սրտերի արանքում» (էջ 145)։ Զգացմունքային է, քնարական՝ հատկանիշներ, որ կարող են արձակի համար թերություն համարվել, բայց կաշի ու ոսկոր, «թափանցիկ» դարձած մարդկանց ցրտահարությունից փրկվելու հրաշքը իր առոգանությունն ու արտահայտչամիջոցներն է պահանջում. «Մարդկային հինգ սիրտ… և դա արդեն քիչ չէր հինգ առանձին Մահերի դեմ կռվելու համար»։   

«Ես սիրեցի Ֆայֆուրտի արշալույսը մեղմ՝ առանց երկունքի»... Սա էլ գեղեցկագրություն կթվա, եթե մոռանանք հերոսի ծագումը. Ֆայֆուրտ գյուղը տափաստանում է, և միայն լեռնային տեղանքին սովոր մարդը կգնահատի, որ արևը ծագեց սահուն, «առանց երկունքի» (էջ 99)։ 

Վեպում կան նաև սենտիմենտալ, ծեծված արտահայտություններով լի հատվածներ՝ «Եթե իմանային… մարդիկ, թե որքան պայծառ էր իմ Սոնյայի լուսավոր հոգին, որքան նուրբ էին նրա սիրող սրտի քնքուշ լարերը» (էջ 388), բայց ընդհանուր առմամբ Վաչե Սարգսյանի լեզուն գործառութային է, դիպուկ՝ ըստ նյութի, անտառահատման մանրամասներից մինչև հանցագործների միջև շփման ոչ-գրական բառապաշար։

Ընդ որում, նույնիսկ վեպում առկա կաղապարներն այսօր ունեն ճանաչողական արժեք, և ճիշտ է վարվել խմբագիրը՝ դրանք անխաթար թողնելով, բացառությամբ թերևս ռուսերեն մի շարք բառերի, որոնց հայերեն հոմանիշները կիրառվել են նաև 1960-ականներին՝ պուզիր-պղպջակ, բակալ-գավաթ և այլն։

Ինչ բավականությամբ ընթերցեցի վեպը, նույնքան մեծ էր ափսոսանքս։ Եթե «Ակեղդաման» 1-2 տարով «չուշանար» խրուշչովյան «հալոցքից», որի ընթացքում տպագրական արգելքները ճեղքեց, ասենք, Սոլժենիցինը՝ Մոսկվայում, իմ կարծիքով՝ միջակ գրող, Վաչե Սարգսյանին հռչակ էր սպասում, որը նաև զարգացում, նոր որակ է պարտադրում ստեղծագործողին, բայց նա նույնիսկ 1987-ին այդ բախտին չարժանացավ... և կյանքն ավարտեց ինքնասպանությամբ։ 

Իմ խոնարհումը՝ Վաչե Սարգսյանին, որ արիաբար գրել է այս վեպը, տքնաջան խմբագրել ընդհուպ մինչև իր մահը, և շնորհակալություն նրա ընտանիքին ու Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտին՝  բախտի բերմամբ «չայրված» այս ձեռագրին տպագիր կյանք տալու համար։ 

Մեկնաբանություններ (1)

Համլետ Սարգսյան
Խորին շնորհակալություն նուրբ և ճշմարտացի վերլուծության համար։ Ձեր նման ազնիվ և զգացմունքաին մարդիկ Վաչեի արժանի շարունակողներն են։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter