HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջրանցքի մաքրման աշխատանքային պայմանագիր է կնքվել և ստորագրվել այդ պահին հանրապետությունում չգտնվող անձի հետ. հարուցվել է քրեական գործ

Դատախազության հանրային կապերի բաժինը տեղեկացնում է, որ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից Հայաստանի հաշվեքննիչ պալատից ստացված` «Ջրառ» ՓԲ ընկերությունում իրականացրած հաշվեքննության արդյունքների հիման վրա կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ պետական բաժնեմասով «Սևան-Հրազդան-Ջրառ» ՓԲ ընկերության («Ջրառ» ՓԲԸ-ն հանդիսանում է նշված ընկերության իրավահաջորդը)` պատասխանատու կարգադրիչ կամ այլ կառավարչական գործառույթներ իրականացնող ծառայողի և ֆիզիկական անձի միջև 2017թ. մարտի 3-ին կնքվել է աշխատանքային պայմանագիր: Դրանով հանձնարարվել է ֆիզիկական անձին մինչև 2017թ. ապրիլի 15-ը կատարել ջրանցքի մաքրման և նորոգման աշխատանքներ: Մինչդեռ, ոստիկանությունից ստացված տեղեկատվության համաձայն` նշված ֆիզիկական անձը Զվարթնոց սահմանային անցակետով 2017թ. հունվարի 4-ին մեկնել է հանրապետությունից և վերադարձել 2017թ. մարտի 20-ին՝ Բագրատաշեն սահմանային անցակետով:

Այսինքն, 03.03.2017թ. նշված անձը ՀՀ տարածքում չի գտնվել և չէր կարող նշված օրը պայմանագիր կնքել ու ստորագրել, ինչպես նաև չէր կարող 03.03.2017թ.-ից մինչև 20.03.2017թ. կատարել պայմանագրով սահմանված աշխատանքները, ինչը վկայում է, որ 03.03.2017թ. կնքված պայմանագրի տվյալները կեղծ են և իրականությանը չեն համապատասխանում:

Ուսումնասիրությունների արդյունքներով գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված` մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու կամ օգտագործելու հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական կոմիտեին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter