
Պաշտպանության նախարարն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին
Օգոստոսի 7-ին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչներին՝ Հայաստանում ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոի գլխավորությամբ: Այս մասին հաղորդում է պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՊՆ և Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության միջև համագործակցության ընթացիկ հարցերը, օրակարգային միջոցառումները, ինչպես նաև փոխգործակցության արդյունավետության բարձրացման հնարավորությունները և առաջիկա անելիքները:
Հաղորդագրության համաձայն՝ կողմերն անդրադարձել են նաև վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում լարվածության աճին: Արտահայտելով իր մտահոգությունը քաղաքացիական անձանց կյանքի, առողջության և գույքի նկատմամբ առկա սպառնալիքներին՝ Ք.Մեյթրոն պատրաստակամություն է հայտնել ՀՀ պատկան մարմինների հետ համագործակցությամբ առավել խոցելի համայնքներից մեկում իրականացնել ռիսկերի նվազեցմանն ուղղված պիլոտային ծրագիր, որը ենթադրում է համայնքների դպրոցներում, մանկապարտեզներում ու առավել գնդակոծվող տեղամասերում պաշտպանիչ պատերի կառուցում և մարդկանց շրջանում իրազեկվածության բարձրացման միջոցառումների անցկացում:
Հանդիպման վերջում զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելու հետ կապված, ինչպես նաև ՀՀ գերիների, պատանդների, անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի և ԿԽՄԿ-ի կողմից իրականացվող աշխատանքների համադրմանն առնչվող այլ հարցեր:
Մեկնաբանել