HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ղրղզստանում հատուկջոկատայինները գրոհել են նախկին նախագահի առանձնատունը (տեսանյութ, լուսանկարներ)

Ղրղզստանում հատուկ նշանակության ջոկատը կրակոցներով գրոհել է երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևի առանձնատունը:

Ատամբաևի գրասենյակի ներկայացուցիչը ТАСС-ին հայտնել է, որ հատուկջոկատայինները նախկին նախագահին տարել են անհայտ ուղղությամբ: Նրա խոսքերով՝ դրանից հետո առանձնատան մոտակայքում հրաձգությունը շարունակվել է:

Интерфакс-ն էլ, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ Ատամբաևին առանձնատան տարածքից հեռացրել են ուղղաթիռով:

Այնուամենայնիվ, Ատամբաևի ձերբակալման կամ գտնվելու վայրի մասին դեռևս պաշտոնական տեղեկություն չկա:

Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեն միայն հաստատել է հատուկ գործողություն անելու փաստը. «Այս պահի դրությամբ ձերբակալման գործողությունը շարունակվում է»,- ասվում է գերատեսչության տարածած հաղորդագրությունում: Միևնույն ժամանակ իրավապահներն ընդգծել են, որ գործողության ժամանակ մարտական փամփուշտներ չեն կիրառվել և հատուկջոկատայինների մոտ եղել են միայն ռետինե փամփուշտներ:

Ալմազբեկ Ատամբաևի առանձնատան մոտակայքում հավաքվել են նրա հարյուրավոր կողմնակիցները և բարիկադներ են կառուցել ճանապարհը արգելափակելու նպատակով: Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ գրոհի ժամանակ վիրավորվել է 10 մարդ, որոնց թվում են Ազգային անվտանգության պետական կոմիտեի նախկին ղեկավար Աբդիլ Սեգիզբաևը, ինչպես նաև 24kg տեղեկատվական գործակալության լրագրող Աիդա Ջումուշաևան:

Ատամբաևը Ղրղզստանի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2011-2017 թվականներին: 2019թ. հունիսի 27-ին Ղրղզստանի խորհրդարանը զրկել է նրան անձեռնմխելիությունից: Այդ նույն օրը նրա հարյուրավոր կողմնակիցներ բետոնե արգելապատնեշներ են տեղադրել նախագահի առանձնատուն տանող ճանապարհի վրա: Բացի այդ, տարածքում ստեղծվել է նաև շտաբ կողմնակիցների և լրագրողների համար:

Ըստ պատգամավորների ներկայացրած հաղորդումների՝ Ալմազբեկ Ատամբաևը ներգրավված է եղել Բիշքեկի ջերմաէլեկտրակայանի արդիականացման կոռուպցիոն գործարքում, քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևին ազատ արձակելու, իշխանությունը յուրացնելու և մի շարք այլ առերևույթ հանցավոր գործողություններում: 

Գլխավոր դատախազությունը պատգամավորների ոչ բոլոր հաղորդումների հիման վրա է քննություն սկսել, մասնավորապես դատախազությունը չի կարողացել ապացուցել, որ նախկին նախագահը իշխանությունը յուրացրել է կամ հետապնդել է լրագրողներին և քաղաքական հակառակորդներին: Այժմ Ալմազբեկ Ատամբաևը մեղադրվում է ապօրինի հարստացման և քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևին ազատ արձակելու մեջ:

Նախկին նախագահը, սակայն, չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները՝ պնդելով, որ գործող նախագահ Սոորոնբայ Ժէէնբեկովը ձգտում է պարզապես ճանապարհից հեռացնել իր քաղաքական հակառակորդին:

Ղրղզստանի գործող նախագահ Սոորոնբայ Ժէէնբեկովը 2019թ. մայիսի 16-ին օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս նախկին նախագահներին զրկել անձեռնմխելիությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter