HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի է ունեցել Օրհուսի կոնվենցիայի հարցով միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Այսօր բնապահպանության նախարարությունում տեղի ունեցավ Օրհուսի կոնվենցիայից բխող, Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման համար անհրաժեշտ գործողությունների համակարգման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը:

Նիստին, որը ղեկավարում էր ՀՀ բնապահպանության նախարար, հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը, մասնակցում էին միջգերատեսչական հանձնաժողովի անդամ պետական գերատեսչությունների, նաև ՀԿ-ների ներկայացուցիչներ:

Միջգերատեսչական հանձնաժողովի նիստում քննարկվեցին.

- Օրհուսի կոնվենցիայի կողմերի 4-րդ հանդիպման արդյունքում Հայաստանի վերաբերյալ ընդունված որոշուների կատարման ընթացքը,

- բնապահպանական տեղեկատվության հասանելիության և տարածման ապահովման խնդիրները:

2011թ. նոյեմբերի 25-ին ՀՀ վարչապետն ընդունել է «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 1122-Ա որոշումը, որով «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության մատչելիության, որոշումներ ընդունելու գործընթացին հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» Օրհուսի կոնվենցիայից բխող, Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման համար անհրաժեշտ միջոցառումների ծրագրի մշակման, դրանց իրականացման համար անհրաժեշտ գործողությունների համակարգման նպատակով ստեղծվել և հաստատվել է միջգերատեսչական հանձնաժողով, որի կազմում ընդգրկվել են ՀԿ-ների առաջարկած ներկայացուցիչներ:

2011թ. նոյեմբերի 10-ին կառավարությունն ընդունեց «Մի շարք բնապահպանական միջազգային կոնվենցիաներից բխող՝ Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարման միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 1594-Ն որոշումը, որի 15-րդ կետով նախատեսված է 2012-2016թթ. ընթացքում իրականացնել 8 միջոցառում.

1. «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի կատարելագործում՝ հասարակայնության մասնակցության ընթացակարգի հստակեցում,

2. «Էկոլոգիական տեղեկատվություն տնօրինողների մշակած կամ նրանց առաքված տեղեկությունների գրանցման, դասակարգման և պահպանման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում և այն ՀՀ կառավա­րության հաստատմանը ներկայացնելը,

3. «Էկոլոգիական տեղեկատվություն հավաքելու և տարածելու կարգը

հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակումև այն կառավարության հաստատմանը ներկայացնելը,

4. Հասարակայնությանը մատչելի տեղեկատվության էլեկտրոնային բազաների համալրում,

5. Կոնվենցիայի գործողության ոլորտին առնչվող նյութերի հրատարակում,

6. ՀՀ բնապահպանության նախարարու­թյան ինտերնետային կայքի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության վերաբերյալ բաժնի կատարելագործում,

7. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրա­պետության օրենսգրքում փոփոխու­թյուններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում,

8. Դատավորների և դատավորի պաշտոնի թեկնածուների համար Էկոլոգիական իրավունքի և Օրհուսի կոնվենցիայի վերաբերյալ պարբերական դասընթաց­ների կազմակերպում և անցկացում,

որոնք վերաբերվում են «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության մատչելիության, որոշումներ ընդունելու գործընթացին հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» Օրհուսի կոնվենցիայի դրույթների կատարմանը:

Ի կատարումն այդ որոշման՝ Ազգային ժողովը փետրվարին ընդունել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն անցել է հասարակական, նաև խորհրդարանական լսումներ:

Դրանով, ըստ էության, հստակեցվել են հիմնական հասկացությունները, նախատեսվող գործունեություններն, ըստ ազդեցության աստիճանի, դասակարգվել են երեք կատեգորիայի (Ա, Բ և Գ)՝ դրանց համար սահմանելով տարբերակված ընթացակարգեր, և լրացվել են գործունեության նոր տեսակներով, որոնք ներառված են Հայաստանի վավերացրած Օրհուսի կոնվնցիայի հավելվածում («Շրջակա միջավայրի առնչությամբ տեղեկության, որոշումներ ընդունելուն հասարակության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին»):

Օրենքը համապատասխանեցվել է միջազգային չափանիշներին, մասնավորապես, ներդրվել են շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և շրջակա միջավայրի վրա ռազմավարական էկոլոգիական գնահատման համակարգերը և նշված գործընթացների ընթացակարգերը: Հստակեցվել են փորձաքննության իրականացման ժամկետները և փուլերը, ինչպես նաև անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, փաստաթղթրի վերաբերյալ հասարակական լսումների կարգը:

Օրենքը անցել է նաև միջազգային փորձաքննություն և ստացել դրական եզրակացություն:

2011թ. օգոստոսին բնապահպանության նախարարությունը մշակել է նախարարության պաշտոնական կայքի արդիականացման նախագիծ: Աշխատանքերը կավարտվեն մինչև 2012թ. մարտի վերջ, և բնապահպանության նախարարությունը կունենա արդի տեխնոլոգիաների պահանջներին համահունչ պաշտոնական կայք:

Նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Արամ Հարությունյանը հանձնարարեց 10-օրյա ժամկետում մշակել նաև միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքային կանոնակարգը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter