
966 միլիոն դրամ՝ Գյումրիում ավտոմաքսատուն կառուցելու նախնական աշխատանքներին
Կառավարությունը Պետական եկամուտների կոմիտեին 966 միլիոն դրամ հատկացրեց՝ Գյումրիում ավտոմաքսատուն կառուցելու նպատակով։
ՊԵԿ-ը կառավարության հայտնել է, որ այս ծրագրի ընդհանուր արժեքը 2,2 միլիարդ դրամ է, նախնական աշխատանքները կատարելու համար անհրաժեշտ է 966 միլիոն դրամ։
Կոմիտեի հաղորդմամբ՝ վերջին ժամանակահատվածում ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երրորդ երկրներից տրանսպորտային միջոցների ներմուծման աննախադեպ աճի արդյունքում Նորագավիթում տեղակայված ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպման բաժանմունքում գոյանում են մեծ հերթեր և տրանսպորտային միջոցների կուտակումներ:
Ապրիլին՝ Արարատյան մաքսատան-վարչության ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների Նորագավիթի բաժանմունք այցից հետո, վարչապետի հրահանգով՝ իրականացվել են ուսումնասիրություններ այդ խնդիրները լուծելու, ավտոմեքենաների մաքսազերծման գործընթացը Գյումրի քաղաք տեղափոխելու նպատակով:
ՊԵԿ-ը հայտնել է, որ իրենց 5 տարվա ռազմավարական ծրագրով նախատեսված է նոր Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման ժամանակակից կենտրոն ստեղծել Գյումրիում, ինչպես նաև՝ համատեղել վարչապետի հանձնարարականը։
Պետական եկամուտների կոմիտեի հաշվարկներով՝ կենտրոնի ստեղծման համար անհրաժեշտ է մոտ 20 հեկտար հողատարածք, որից 4.5 հեկտար տարածքը բավարար է ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպման համար համապատասխան սրահների և ավտոմեքենաների կայանման հրապարակի կառուցման համար:
Մեկնաբանել