HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրայինը շարունակում է դիմադրել

Օգոստոսի 10-ին, համաձայն խոստման, հանրային հեռուստաընկերությունը պետք է պատասխանի հայտարարված բաց հարթակում նախագծերի առաջարկներ ներկայացրած հեղինակներին եւ արտադրող ընկերություններին։ Նրանք, ում առաջարկները չեն ընտրվել, մերժման նամակներ պիտի ստանան, իսկ ընտրված նախագծերի ցանկը (short list) պետք է հրապարակվի։ Իմ ունեցած տեղեկություններով, սակայն, դեռեւս ձեւավորված չէ վստահություն ներշնչող գեղխորհուրդ եւ չկան ընտրության հստակ սկզբունքներ եւ մեխանիզմներ։  

Բաց հարթակի վերջնաժամկետը (հուլիսի 10) լրանալուց հետո ոչ ՀՀՌ խորհուրդը, ոչ էլ Հանրային հեռուստաընկերությունը հանդես չեն եկել գործընթացը պարզաբանող հայտարարություններով։ Միակը հուլիսի 19-ին «Առավոտ լուսո» ծրագրին ՀՀԸ-ի ծրագրերի պատասխանատու Մարատ Օրդյանի տված հարցազրույցն է, որը, եթե իրազեկման նպատակ ուներ, հեռարձակվելուց բացի առնվազն պետք է տարածվեր սոցիալական ցանցերով։ Ոչ ՀՀԸ-ի, ոչ «Առավոտ լուսո»-ի, ոչ Մարատ Օրդյանի, ոչ էլ Արա Շիրինյանի ֆեյսբուքի էջերում այն չեք գտնի։  

Հարցազրույցը տեսել եմ պատահաբար եւ դիտելով կանխազգացել որոշ վտանգներ։ Այսպես՝ իմ վաղեմի բարեկամ Մարատ Օրդյանն ասում է. «Բազմաթիվ առաջարկներ եղան մեզ։ Թվով, եթե չեմ սխալվում 612 է։ Գիտեք, ինչի՞ եմ ասում՝ եթե չեմ սխալվում, դե մեր հայ ստեղծագործողները գիտեք, սպասում են՝ դե դեռ ժամանակ կա, իհարկե, սկզբից ալիք եղավ առաջարկների, հետո մի քիչ հանդարտվեց, բայց էն վերջին օրերին, հատկապես՝ վերջին օրը եւ վերջին ժամը, երբ հուլիսի 10-ի 18։00-ն էր, հեղեղը չէր դադարում։ Ստիպված մի քանի ժամ էլ երկարացրինք, ասինք՝ տեսնենք ի՞նչ ա վերջը։ Վերջը որ ընդհատեցինք, նույնիսկ մեր էս ընդունարանում մարդիկ հայտնվեցին, ասեցին՝ չենք հասցրել, գուցե էսպես բերենք»։

Հուլիսի 11-ին, ժամը 12։47 հասարակայնության եւ արտաքին կապերի տնօրեն Տիգրան Դանիելյանի հասցեից ՀՀՌ խորհրդի նախագահ Արա Շիրինյանի, ՀՀԸ տնօրեն Մարգարիտա Գրիգորյանի, Մարատ Օրդյանի, Վարդան Հակոբյանի, Կարեն Թաթարյանի, Թերեզա Քարիմյանի եւ իմ հասցեներով ուղարկվել է նախագծերի առաջարկների վերջին խմբաքանակը, որն ավարտվում էր  595 համարով։ Այսինքն՝ սա նշանակում է, որ բաց հարթակն ընդունել է 595 առաջարկ։ Իրականում դրանց թիվն ավելի փոքր է՝ 555։ Այս տարբերությունը բացատրվում է որոշ նախագծերի բազմակի տեղադրմամբ (մարդը չի հասկացել ընդունվեց, թե՝ ոչ, նորից է ուղարկել), ինչպես նաեւ՝ համարակալելիս հեռուստաընկերության արհեստավաժների թույլ տված անփութությամբ։ Ինչեւէ, համարակալման թվի եւ իրական քանակի տարբերությունը քառասուն է, այսինքն՝ ճշգրտման արդյունքում թիվը նվազել է։

Մարատ Օրդյանն իր հարցազրույցում նշում է 612 թիվը։ Նշում է մոտավորապես։ Մարդը կարող է սխալվել եւ հերթական համարին ավելացնել եւս 17 առաջարկ։ Բայց մտահոգիչը թվի սխալը չէ։ Ասվում է, որ հուլիսի 10-ին ժամը 18։00-ին հեղեղը չէր դադարում։ Ո՞վ եւ ինչպե՞ս էր հետեւում այդ աներեւույթ հեղեղին, ո՞վ էր որոշում «մի քանի ժամ ստիպված» երկարացնել։ Մի քանի ժամը քանի՞ ժամ է։ Անհեթեթ այս հարցը տալիս եմ, որպեսզի հասկանամ, թե հաջորդ օրը ժամը 12։47-ին ուղարկված ցանկում ինչո՞ւ ներառված չեն եղել վերջին 17 նախագծերը։ Հա՜, որովհետեւ մարդիկ հայտնվել են ընդունարանում եւ ասել՝ «չենք հասցրել, գուցե էսպես բերենք»։

Հեռուստաընկերության տարածքում հասարակ մահկանացուներ չեն կարող հայտնվել։ Ուրեմն՝ ովքե՞ր են ընդունարանի այցելուները. կամ անվտանգության ծառայության աշխատակիցների աչքին չերեւացող ուրուներ, կամ ներսի մարդիկ։ Այսինքն՝ տնօրինությունը հայտարարված ժամկետի ավարտից հետո իր աշխատակիցներին տրամադրել է արտոնյալ պայմաններ՝ խախտելով մրցակցային կանոնները։ Մի բան, որը  նախագծերի առաջարկներ ընդունելու գործընթացը հանրության աչքում դարձնում է խոցելի եւ ոչ արժանահավատ։

Իրավիճակը շտկելու համար առաջարկում եմ.

ա) հրապարակել ստացված նախագծերի ամբողջական ցանկը (հեղինակների անուն, ազգանուն, նախագծի վերնագիր, տեղադրման ամսաթիվ եւ ժամ),

բ) հրապարակել ՀՀՌ խորհրդի կողմից քննարկված եւ հաստատված ընտրության սկզբունքներն ու կանոնակարգը,

գ) ստեղծել դրսից հրավիրված անդամներով լիովին անկախ գեղարվեստական խորհուրդ, որը կգնահատի ոչ թե Մարգարիտա Գրիգորյան & Co-ի ճաշակով ընտրված (այդ թվում՝ ընդունարանում առձեռն ստացված) նախագծերը, այլ առաջարկների ամբողջական փաթեթը (555 կամ 595 կամ 612 նախագիծ),

դ) հրապարակել ընտրված նախագծերի ցանկը եւ դրանց իրագործման ժամկետները։

Այս դեպքում միայն ընտրությունը կարող է լինել անաչառ եւ արժանահավատ։ Իսկ խնդիրներն արմատականորեն լուծելու համար լավ կլինի օր առաջ հրաժեշտ տալ մենեջմենթի մեծ վարպետ Մ. Գրիգորյանին եւ նշանակել նոր տնօրենի ընտրություն։  

Մեկնաբանություններ (1)

Կարևոր չի
Անցած տարվա էս օրերին էլ Մարգո & Co-ն Լուրերի մեկնաբան էր ընտրում։ Անձամբ ներկա եմ եղել ու տեսել, թե ինչպես ընտրեցին 3 հոգու, բայց գործի կանչեցին երկուսին (նրանք վաղուց արդեն մոռացել են էդ շենքի տեղը)։ Նույնիսկ եթեր չգնաց այն ռեպորտաժը, որը պատմելու էր մրցույթի ու այն հաղթահարածների մասին։ Ու շատ չանցած՝ ինձ էլ սպառնալիքներով (աշխատանքային կենսագրությունս կեղտոտելու խոստումով), սեփական դիմում թելադրելով՝ «մնաս բարյավ» ասացին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter