
Մշակույթի նախարարությունը կոչ է անում միացյալ ուժերով փրկել որմնանկարները
Հայ ժամանակակից որմնանկարչության դպրոցը ձևավորվել է 1950-ական թվականներից, երբ սկսվեց ոչ միայն եկեղեցական, այլև աշխարհիկ, գործառական տարբեր նշանակություն ունեցող կառույցների ներսույթների (ինտերիեր) պատկերազարդումը: Այս առումով առանձնացավ Շիրակի մարզը, որտեղ թեմատիկ որմնանկարներ ստեղծեցին շատ անվանի վարպետներ, այդ թվում՝ Մինաս Ավետիսյանը, Հակոբ Հակոբյանը, Սեյրան Խաթլամաջյանը, Ռոբերտ Աթոյանը, Էդուարդ Եդիգարյանը, Ֆերդինանդ Մանուկյանը:
Սակայն 1988 թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո վթարային կամ կիսալքված շինություններում գտնվող որմնանկարները հայտնվեցին անմխիթար վիճակում: Մասնավորապես, փլուզվեցին Մինաս Ավետիսյանի «Գիշեր», «Առավոտ», Աշոտ Մելքոնյանի «Սրնգահարը» կոմպոզիցիաները «Օմեգա» գործարանի մասնաշենքում, Մինաս Ավետիսյանի «Հովվերգություն» կոմպոզիցիան «Ստրոյմաշ» գործարանում:
Երկրաշարժից հետո փլուզված որոշ որմնանկարների առանձին հատվածներ տեղափոխվեցին Երևան: Այդ տարիներին Վ. Աճեմյանի անվան թատրոնում Բուլղարիայից հրավիրված մասնագետներն ամրակայեցին և տեղադրեցին Մինաս Ավետիսյանի հեղինակած «Աղբյուրի մոտ» («Հանդիպում») որմնանկարը:
Մտահոգ լինելով մարզի տարածքում առկա որմնանկարների պահպանության և առավել մատչելիության խնդիրներով՝ 2007 թ. ՀՀ մշակույթի նախարարությունը նախաձեռնեց պահպանության առումով վթարային վիճակում գտնվող և հրատապ միջամտության կարիք ունեցող որմնանկարների ամրակայման, վթարային տարածքներից դրանց տեղափոխման և վերականգնման գործընթացը: Այսպես.
1. 2008 թ. Գյումրու էլեկտրատեխնիկական գործարանի կիսավեր ճաշարանի տարածքում գտնվող Մինաս Ավետիսյանի «Թորոս Ռոսլինի ծնունդը» կոմպոզիցիան տեղադրվեց Ջաջուռի Մինաս Ավետիսյանի տուն-թանգարանում:
2. 2010 թ. նույն գործարանի տարածքից «Հանդիպում» և «Խաչքարի մոտ» կոմպոզիցիաները տեղադրվեցին ՀՀ կառավարության նիստերի դահլիճում:
3. 2011 թ. սկսվել են էլեկտրատեխնիկական գործարանում գտնվող «Երկանք» և «Գալվանոմետր» գործարանի մասնաշենքում գտնվող «Թել են մանում» կոմպոզիցիաների ամրակայման, վերականգնման և ապամոնտաժման աշխատանքները:
Նշված բոլոր դեպքերում որմնանկարները համապատասխան կազմակերպություններին են հանձնվել օգտագործման իրավունքով՝ պահպանելով որմնանկարների պետական սեփականության իրավունքը:
Ցավոք սրտի, բացառությամբ պետական հոգածության, որմնանկարները փրկելու վերաբերյալ որևէ այլ առաջարկ մինչ օրս չի եղել:
Միևնույն ժամանակ մշակույթի նախարարությունը հայտնում է, որ ներկայում Գյումրիում կա 14 որմնանկար, որից 4-ը Մինաս Ավետիսյանի հեղինակությամբ է, և բոլորն էլ ունեն անհապաղ միջամտության և հոգածության կարիք: Մասնավորապես՝
- «Արմենիա» - 8x5 մ, գտնվում է Շիրակի մարզի Վահրամաբերդ համայնքում (ընթացիկ տարում իրականացվելու են մշակույթի տան կառուցման աշխատանքները, որոնց ավարտից հետո միայն որմնանկարը կհանվի հատուկ ծածկի տակից),
- «Հայկական հովվերգություն» (կոմպոզիցիայի 3 հատված) մաս 1՝ 9,50x4,30 մ, մաս 2՝ 14,80x4,30 մ, գտնվում են Գյումրու մեքենասարքավորումների գործարանում,
- «Գիշեր» - 4,70x3,90 մ, պահպանված է 4,70x1,70 մ, գտնվում է Գյումրու նախկին «Գալվանոմետր» գործարանում,
- «Ցերեկ» - 4,70x3,90 մ, պահպանված է 4,70x1,70 մ, գտնվում է Գյումրու նախկին «Գալվանոմետր» գործարանում,
- «Լեռներում» - գտնվում է Ազատան համայնքի մշակույթի տանը:
Գյումրիում են գտնվում նաև անվանի արվեստագետներ Հակոբ Հակոբյանի 1, Անատոլի Գրիգորյանի 2, Աշոտ Մելքոնյանի 2, Ռաֆայել Աթոյանի 1 և Ֆերդինանդ Մանուկյանի 1 բարձրարվեստ որմնանկարները, որոնք ևս կարիք ունեն սրտացավ վերաբերմունքի ու բարի կամքի դրսևորման:
Մշակութային ժառանգությունը հայ ժողովրդի ընդհանուր հարստությունն է, և ՀՀ մշակույթի նախարարությունը կոչ է անում տեղական ինքնակառավարման մարմիններին, գործարարներին և մտավորականությանը պետական կառավարման մարմինների հետ միացյալ ուժերով գործուն միջոցներ ձեռնարկել՝ լուծելու թվարկված որմնանկարները անվերադարձ կործանումից փրկելու հարցը, և հայտնում է իր պատրաստակամությունը՝ աջակցելու բոլոր գործուն առաջարկներին:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել