HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Մանկապարտեզն ու բուժամբուլատորիան գործում են մշակույթի տան շենքում

Արմավիրի մարզի Գրիբոյեդով համայնքի մանկապարտեզի խմբերից մեկի ննջասենյակի պատուհանը բացվում է ուղիղ մշակույթի տան կինոդիտման մեծ հադլիճի մեջ: Տեսարանն այնքան էլ հրապուրիչ չէ, քանի որ դահլիճը չգործող է, իսկ արտաքին տեսքն՝ անմխիթար: Այդ սենյակում այլ պատուհան չկա, և երեխաները ստիված են ամեն օր «վայելել» այդ տեսարանը:

Գյուղի մանկապարտեզը հարմարեցված և տեղակայված է մշակույթի տան շենքում: Մանկապարտեզի հիմնական շենքը վթարային է և կապիտալ վերանորոգման կարիք ունի: Ստիպված տեղափոխվել են մշակույթի տան շենքի երկրորդ հարկ: Մանկապարտեզ է հաճախում 60 երեխա:

Մանկապարտեզը սեզոնային է, գործում է 7-8 ամիս, քանի որ չունի ջեռուցման համակարգ: Մշակույթի տունը գազիֆիկացված չէ, իսկ նման հնարավորության դեպքում էլ մանկապարտեզը չի կարող օգտվել դրանից, քանի որ այդ տարածքի համար չունի սեփականության իրավունքի վկայական:

Գրիբոյեդովի մշակույթի տանն է տեղակայված նաև գյուղի ամբուլատորիան, քանի որ առանձին շենք չունի:

Տարիների ընթացքում  մշակույթի տան շենքում մասնակի վերանորոգման աշխատանքներ կատարվել են: Փոխվել է շենքի տանիքը, մասնակի փոխվել են դռներն ու պատուհանները: Այժմ էլ ներքին հարդարման աշխատանքներ են կատարվում առաջին հարկի նախասրահում, որտեղով ելումուտ են անում թե մանկապարտեզի երեխաներն ու աշխատակազմը, թե ամբուլատորիա հաճախողները:

Համայնքապետարանը փորձում է հնարավորինս տեսքի բերել մանկապարտեզի զբաղեցրած տարածքը՝ ճաքճքած պատերը ծածկելով գունազարդ նկարներով, պաստառներով: Իսկ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ մանկապարտեզի համար ձեռք են բերել նոր մահճակալներ, պատրաստվում են տեղադրել նաև արևային ջրատաքացուցիչներ: Սակայն, այս ամենով հանդերձ, ակնհայտ է, որ տարածքը վերանորոգման կարիք ունի և հարմարեցված տարածքում գոևրծունեություն ծավալելն առաջ է բերում դժվարություններ, անհարմարություններ:

Գրիբոյեդովի համայնքապետ Վահե Գրիգորյանն ասում է, որ մշակույթի տան վերանորոգման նախահաշիվ չունեն, քանի որ համայնքապետարանը չի կարող իր միջոցներով վերանորոգում իրականացնել: Իսկ համայնքի բնակիչները սուբվենցիոն ծրագրրին դիմելու հարցում առաջնահերթությունը տվել են համայնքապետարանի գլխավոր ճանապարհի ասֆալտապատմանը:

«Այս պահին ընթացող կոսմետիկ վերանորոգման համար հատկացրել ենք մոտ մեկ միլիոն դրամ: Ամբողջ շենքի նախահաշիվը չունենք: Շինարարը  հենց գյուղի բնակիչ է, խոսել ենք, մատչելի գներով աշխատանքն իրականացնում է»,-հավելեց համայնքի ղեկավարը:

Մշակույթի  տան երկրորդ հարկում ժամանակին տեղակայված է եղել նաև համայնքապետարանի ենթակայության տակ գործող գրադարանը: Սակայն, մինչև տանիքի վերանորոգումը, անձրևաջրերի հետևանքով գրքերի մեծ մասը փչացել է և դարձել ոչ պիտանի: Պահպանվել է մի քանի կտոր գրականություն, սակայն, եղած գրքերն այնքան քիչ են, որ հնարավոր չէ դրանցով գրադարան բացել:

Թեև մշակույթի տունը կիսաավեր վիճակում է, Վահե Գրիգորյանի հավաստմամբ, գյուղում գործում է երկու պարի խմբակ՝ լատինո և ժողովրդական, ինչպես նաև սպորտի խմբակ:

«Մշակութային կյանքը, որ համայնքներում պիտի զարգանա, միանշանակ կողմ եմ: Ճիշտ է, չի կարող նախկինի նման զարգանալ, որ գյուղում կինո էին ցուցադրում և այլն, բայց պիտի զարգանա»,-ասում է Գրիբոյեդովի համայնքապետը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter