
Կես տարում բանկերի վարկային պորտֆելը 6%-ով աճել է
Այս տարվա հունիսի վերջի դրությամբ` Հայաստանում գործող 17 առևտրային բանկերի կողմից հաճախորդներին տրամադրված վարկերի ծավալը կազմել է 3 տրլն 252 մլրդ դրամ: Այսինքն՝ առաջին կիսամյակի վերջի դրությամբ բանկերում հաճախորդներն այդ ծավալի վարկ են ունեցել։ Տարեսկզբի համեմատ բանկերի վարկային պորտեֆլն աճել է շուրջ 190 մլրդ դրամով կամ 6%-ով։
Այս մասին են վկայում բանկերի երկրորդ եռամսյակի միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները։ Այդ հաշվետվությունների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ բանկերից միայն 2-ի վարկային պորտֆելն է նվազել այս տարվա առաջին կիսամյակում, մնացած 15-ը աճ են արձանագրել։
Վարկային պորտֆելի մեծությամբ Հայաստանում առաջին տեղում շարունակում է մնալ «Ամերիաբանկ»-ը՝ 560.5 մլրդ դրամով։ Տարեկսզբի համեմատ այն աճել է 12.6 մլրդ դրամով կամ 2.3%-ով։
Առաջին եռյակում են «Հայբիզնեսբանկ»-ը՝ 490 մլրդ դրամով և «Արդշինբանկ»-ը՝ մոտ 445 մլրդ դրամով։ Տարեսկզբի համեմատ «Հայբիզնեսբանկ»-ի վարկային պարտֆելն աճել է մոտ 52 մլրդ դրամով կամ 11.9%-ով։
Ինչ վերաբերում է երրորդ տեղում գտնվող «Արդշինբանկ»-ին, ապա բանկի վարկերի ծավալը տարեսկզբի համեմատ կրճատվել է մոտ 12 մլրդ դրամով կամ 2.6%-ով։
Ի դեպ, մյուս բանկը, որը ևս նվազում է արձանագրել, «Բիբլոս բանկ»-ն, որի վարկային պարտֆելը հունիսի վերջի դրությամբ կազմել է մոտ 28 մլրդ դրամ՝ նվազելով 7 մլրդ դրամով կամ 20.3%-ով։
Ամենաշատ վարկ տրամադրող բանկերի առաջին հնգյակում են նաև «Ակբա-կրեդիտ ագրիկոլ բանկ»-ն ու «Ինեկոբանկ»-ը։
Ընդհանուր առմամբ` տարվա սկզբի համեմատ բացարձակ թվով հաճախորդներին տրամադրած վարկերի ամենամեծ աճը գրանցել է «Հայբիզնեսբանկ»-ը։ Իսկ տոկոսային առումով ամենամեծ «Արմսվիսբանկ»-ինն է՝ 21.3%. բանկի վարկային պարտֆելը հունիսի վերջի դրությամբ կազմել է 89.3 մլրդ դրամ՝ կես տարում աճելով 15.7 մլրդ դրամով։
Ում են վարկ տալիս բանկերը
Բանկերի վարկային պարտֆելում վերջին տարիներին գերակշռում են սպառողական վարկերը։ Հաջորդում են արդյունաբերության և առևտրի ոլորտների տրամադրվող վարկերը։ Կենտրոնական բանկը (ՀՀ ԿԲ) ամսական պարբերականությամբ հրապարակում է բանկերի կողմից տրամադրված վարկերի ծավալն ըստ տնտեսության ոլորտների։ Ամենաթարմ հրապարակումը ամփոփում է մայիսը։ Ըստ ԿԲ-ի՝ այս տարվա մայիսի վերջի դրությամբ հայաստանյան առևտրային բանկերի կողմից ռեզիդենտներին տրամադրված վարկերի ընդհանուր ծավալը կազմել է 2.9 տրլն դրամ։ Նշենք, որ այստեղ ներառված չեն ֆինանսական ոլորտին ու ոչ ռեզիդենտներին տրամադրված վարկերը։
Նշված 2.9 տրլն դրամի կազմում մոտ 27%-ը սպառողական վարկերն են։ Արդյունաբերության ոլորտին տրամադրված վարկերի կշիռը 16.7% է, իսկ առևտրի ոլորտինը՝ 15.8%: Մայիսի վերջի դրությամբ` միասին այս երեք ոլորտներին է բաժին է ընկնում ռեզիդենտներին տրամադրված վարկերի մոտ 60%-ը։
Մեկնաբանել