HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տարոն Մարգարյանը հանդիպել է ԱԺ պատգամավորների և հասարակական նախաձեռնության ներկայացուցիչների հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Լիլիթ Գալստյանի և Անահիտ Բախշյանի խնդրանքով ընդունել է Գլխավոր պողոտայի Մաշտոցի պողոտա- Եզնիկ Կողբացի հատվածում`պուրակին հարակից ոչ կանաչ գոտում  տեղադրվող ժամանակավոր շինությունների դեմ բողոքող հասարակական նախաձեռնության ներկայացուցիչներին:

Հանդիպմանը մասնակցել է նաև բնապահպան Կարինե Դանիելյանը: Նախքան քննարկումը Երևանի քաղաքապետը նախ ողջունել է նախաձեռնության անդամների ակտիվությունը` ընդգծելով, որ մայրաքաղաքի կանաչ տարածքների պահպանման և ընդլայնման հարցում առաջին հերթին շահագրգռված է հենց քաղաքային իշխանությունը:

«Իմ դիրքորոշումն այս հարցում հստակ է և այդ մասին ես բազմիցս եմ հայտարարել. կանաչ տարածքների հաշվին որևէ կառուցապատում չի լինելու: Ավելին, Երևանի քաղաքապետարանն այսօր բնապահպանական ուղղվածության մի շարք ծրագրեր ունի, որոնց նպատակը ոչ միայն կանաչ գոտիների պահպանումն է, այլև դրանց ընդլայնումը»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Այնուհետ անդրադառնալով վերոնշյալ տարածքի քաղաքաշինական լուծումներին, քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ ի տարբերություն Աբովյան փողոցի արդեն ապամոնտաժված շինությունների, որոնք ունեին սեփականության իրավունք, տվյալ սեփականատերերի հետ բանակցությունների արդյունքում, նոր տարածքում ժամանակավոր կառույցները տրամադրվել են վարձակալության իրավունքով: Միաժամանակ, տնտեսվարող սուբյեկտները պարտավորվել են բարեկարգել, խնամել և պատշաճ վիճակում պահել հարակից տարածքները: 

ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանն էլ իր հերթին նշել է, որ Ավան վարչական շրջանում Տարոն Մարգարյանի սկզբունքային ու հետևողական կառավարման դրական փորձը հույս է ներշնչում, որ դրական փոփոխություններ կլինեն նաև ամբողջ մայրաքաղաքում:

«Ես կողմնակից եմ հանրային համախոհությանը, և հաշվի առնելով հասարակության շրջանում  մեր քաղաքապետի ունեցած բարձր վարկանիշը, կարծում եմ, որ այս հարցը նույնպես համակողմանի քննարկման արդյունքում դրական լուծում կստանա»,- նշել է Լիլիթ Գալստյանը:

Այս համատեքստում քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ նոր ձևավորվող քաղաքաշինական խորհուրդը, որում ներկայացված կլինեն նաև հասարակական և երիտասարդական կազմակերպություններ, իր հերթին կնպաստի հանրային հետաքրքրություն ներկայացնող քաղաքաշինական բոլոր նախագծերի համակողմանի քննարկմանն ու որոշումների կայացմանը:

Օգտվելով առիթից, քաղաքապետը նաև նշել է, որ որպես խորհրդի բնապահպանական հանձնաժողովի նախագահ առաջարկելու է բնապահպան Կարինե Դանիելյանի  թեկնածությունը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նաև հավելել է, որ քաղաքային իշխանությունները վճռական են ոչ միայն կանաչ տարածքների պահպանման ու ընդլայնման,  այլ նաև հնի և նորի համադրմամբ Երևանի քաղաքակիրթ արտաքին տեսքի ապահովման հարցում: Այս համատեքստում է դիտարկվում նաև քննարկվող տարածքը, որն ըստ էության «Հին Երևան» ծրագրի բաղկացուցիչ մասն է: Նկատի ունենալով այս հանգամանքը ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը առաջարկել է կազմակերպել հանդիպում և  շահագրգիռ կողմերին հանգամանորեն ներկայացնել «Հին Երևան» ծրագիրը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին հանձնարարել է առաջիկա օրերին կազմակերպել նման հանդիպում`ապահովելով շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությունը:

Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter