HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Ավագյան

Կա մեկ հուշարձանի կարիք՝ «Հուշարձան ողջամտությանը»

Ոչինչ այնքան չի խանգարում հասնել ճշմարտությանը, որքան արձաններն ու առասպելները: Առավել ևս, ժամանակակից քաղաքական գործիչների արձանները:
Քաղաքական գործիչների հուշարձանները դնելիս պետք է չափազանց զգույշ լինել կամ, որ ավելի ճիշտ է, առհասարակ խուսափել նրանց արձանները դնելուց:

Անցյալի քաղաքական յուրաքանչյուր գործչին կանգնեցված արձանը գործող իշխանության քաղաքական ուղերձն է: Մեկի գնահատականով՝ այսինչը քաղաքական աննկուն գործիչ է, մյուսի գնահատականով՝ իշխանությունն ամեն գնով պահել ցանկացող հանցագործ: 

Հայ քաղաքական, ռազմական գործիչներից միանշանակ դրական ընդունվում են չափազանց քչերը՝ թերևս Վարդան Մամիկոնյանը, Նժդեհը, Արամ Մանուկյանը, Անդրանիկը (ի դեպ, զորավարը միանգամից երկու արձան ունի Երևանում)….
Սակայն այս դեպքում էլ ես եմ սխալվում, քանի որ կան ուսումնասիրողներ, որոնք Վարդան Մամիկոնյանին համարում են անհեռատես ռազմական գործիչ՝ հանիրավի անտեսված համարելով պետական գործիչ Վահան Սյունուն: Այսինքն՝ ոչ մի օրինաչափություն չկա՝ քաղաքական, ռազմական ո՞ր գործիչն է արժանի արձան ունենալու, ով՝ ոչ: 

Թվում էր՝ հետհեղափոխական Հայաստանում կջարդվեն անձի պաշտամունքի, Առաջնորդին արձաններ, երգեր ու կիրառական «արվեստի» նմուշներ ձոնելու ավանդույթները:
Բայց վաղուց արդեն Իջևան-Երևան ճանապարհին իր քայլն է անում վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նաև իբրև արձան:  Սա գրոտեսկ է, որը հենց վարչապետը պետք է ժամանակին կանխեր: Բայց չի կանխել:
Իսկ եթե գործող վարչապետն ունի արձան, նա ոչ մի տրամաբանական հիմնավորում չի կարող ներկայացնել, թե ինչու՞ քաղաքական այլ գործիչների արձանները ևս չպետք է լինեն:  

Օգոստոսի 8-ին կառավարությունը որոշել է Երևանի Մարզահամերգային համալիրի տարածքում կանգնեցնել Կարեն Դեմիրճյանի արձանը: Արձանի նախագծային աշխատանքների իրականացման նպատակով տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը կառավարության պահուստային ֆոնդից տրամադրվեց 3,2 միլիոն դրամ։
Նախարար Սուրեն Պապիկյանը կառավարության անդամներին հայտնեց, որ Կարեն Դեմիրճյանի արձանը քանդակելու համար անհրաժեշտ է լինելու 54,2 միլիոն դրամ։ Բայց արձանը վաղուց արդեն արդեն պատրաստ է. դեռևս 2016 թ.-ին արձանի քանդակագործ Տիգրան Արզումանյանն ասել էր, թե քանդակը 1-2 ամսից պատրաստ կլինի:  54,2 միլիոն դրամը պետք է հատկացվի վաղուց արդեն պատրաստ քանդակին: 

Անհրաժե՞շտ է ունենալ Կարեն Դեմիրճյանի արձանը: Իբրև պետական, քաղաքական գործիչ՝ իհարկե: Բայց… Կարեն դեմիրճյանի անունն է կրում Մարզահամերգային համալիրը, Երևանի մետրոպոլիտենը,  Կենտրոն վարչական շրջանի փողոցներից մեկը, Կառավարության 2001թ. հունվարի 9-ի N9 որոշումով՝ Կարեն Դեմիրճյանի կյանքն ու գործունեությունը ուսւոմնասիրելու, լուսաբանելու և հիշատակը հավերժացնելու նպատակով հիմնադրվել է Կարեն Դեմիրճյանի թանգարանը : Նրա աճյունն ամփոփված է Կոմիտասի անվան Պանթեոնում՝ հուշարձանով: Մայրաքաղաքի թ. 139  դպրոցը կրում է Կարեն Դեմիրճյանի անունը՝ բակում կա նաև նրա կիսանդրին:
Կա՞ անհրաժեշտություն ևս մեկ արձան տեղադրելու:

Ժամանակակից քաղաքական, ռազմական գործիչներից նաև Վազգեն Սարգսյանի անունով կոչված հաստատությունների, փողոցների ու արձանների թիվը ևս գրոտեսկային է: 

Վազգեն Սարգսյանի անունն են կրում Հանրապետական մարզադաշտը, Սպայի տունը, ռազմական ինստիտուտը, մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից մեկը՝ Հանրապետության հրապարակից Մովսես Խորենացու փողոց ձգվող հատվածը:  Այդ փողոցում տեղադրված է նրա կիսանդրին: Եռաբլուրում եւս կանգնեցված է նրա մահարձանը:

Հոկտեմբերի 27-ից հետո նրան անգամ սրբադասելու առաջարկներ եղան: 

Քաղաքական գործչի գործունեությունը գերագնահատելը, եղած (առավել հաճախ՝ չեղած) առաքինություններն ու  նրա անձի պետական նշանակությունը ուռճացնելը, գերագնահատելը հատուկ էր նախորդ իշխանություններին: Ինչու՞ նույն տրամաբանությամբ առաջնորդվել նաև այսօր:

Ժամանակին քաղաքական ու տնտեսական լծակներ ունեցող Տարոն Մարգարյանին քծնելու համար թերևս ինչ-որ չինովնիկ առաջարկել էր նրա հորը՝ երբեմնի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անունը ևս ներառել մայրաքաղաքի փողոցներում տեղադրված «Հայ մեծեր»-ի շարքում՝ Վիլյան Սարոյան, Փարաջանով, Հրաչյա Ներսիսյան, Անդրանիկ Մարգարյան…
Հետո , հավանաբար,  հասկացան իրավիճակի կոմիզմն, ու նրա պաստառը հանվեց:

Բայց այսօր էլ  Անդրանիկ Մարգարյանի անունն է կրում  մայրաքաղաքի  թ. 29 դպրոցը: Բակում նրա կիսանդրին է: Ստեփանավանում Մշակույթի պալատը կրում է Անդրանիկ Մարգարյանի անունը: Կապանի հիմնական դպրոցը կրում է Անդրանիկ Մարգարյանի անունը: Որոշ բուհերում (Ճարտարագիտական համալսարանում, Հյուսիսային համալսարանում) կան նրա անունով լսարաններ: Ժամանակին «մի խումբ քաղաքացիների» խնդրանք եղավ՝ մայրաքաղաքում նրա անունով նաեւ փողոց ունենալ: Ամեն ինչ դեռ առջեւում է. ամեն ինչ վկայում է, որ այդպես էլ կլինի: Պանթեոնում Անդրանիկ Մարգարյանի մահարձանը ուղղակի ստվերում է հարեւանությամբ գտնվող եւ պարզությամբ միայն աչքի ընկնող Կոմիտասի, Օհան Դուրյանի, մյուս մեծերի համեստ տապանաքարերը:

Հասկանալի է, որ զավակները, զինվորական ընկերները, պաշտոնյա զարմիկները փորձում են իրենց հարազատի կամ ընկերոջ հիշատակը պահելու համար անել մաքսիմումը՝ իրենց պատկերացումներով: Սակայն կա՞ն քանդակագործներ, խելքը գլխին մարդիկ, որոնք կարող են կամացուկ հուշել, որ հիշողությունը պահպանելու ամենաապահով ու վստահելի վայրը մարդկանց սիրտն է: Խնդիրը չափազանց նուրբ է եւ ենթադրում է հարազատների նրբանկատությունն ու իրականությունը ճիշտ գնահատելու կարողությունը: Հարազատին հետմահու անհարմար վիճակի մեջ գցել պետք չէ: Արձանների, փողոցների, հաստատությունների անվանակոչումները նույն մարդու անունով՝ հակառակ  էֆեկտն է թողնում:

Բացի դա՝ կան քաղաքաշինական ընդունված կանոններ. մեկ սերունդով լցնել մայրաքաղաքը, գրագետ չէ: Պետք է ազատ տարածություն թողնել նաեւ մյուս սերունդների, ապագա մեծ մարդկանց համար, որոնք ևս արժանի կլինեն՝ ունենալ արձաններ, սակայն նաեւ այնքան իմաստուն կլինեն՝ դրանք չունենալու համար:

Մեկնաբանություններ (2)

Արա
Խորին հարգանք տածելով Կ.Դեմիրճյանի անձին և գործունեությանը, կարծում եմ որ արձանների քանակով չի, որ կվսեմացվի նրա հիշատակը։ Համալիրի շենքը իր անվամբ և հուշատախտակով արդեն հանդիսանում է Կ.Դեմիրճյանի հիշատակի և հարգանքի վառ ապացույցը։
Վահագն
Բրավո

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter