HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մաքուր եւ մշտական ջրի հույսով. Խնձորեսկում ջրամատակարարման հարցը տարիներ շարունակ չի լուծվում

Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղը մշտական ջուր չունի: Բնակիչներն ամեն օր տարբեր ժամերի են ջուր ունենում: Մարինե Զորունցը կատակով ասում է՝ այնքան կեղտոտ է, որ շաքարավազն էլ տան, կդառնա սուրճ։

Մեքենա ունեցողները մաքուր ջուրը բերում են հիմնականում Գորիսից։ 

Մարինե Զորունցը հնարավորություն չունի Գորիսից ջուր բերելու, ստիպված օգտագործում է գյուղին մատակարարվող ջուրը: 

Բնակիչների մի մասը ջուրը պահում է դույլերի, պլաստիկ ամանների մեջ կամ  բակում, տանը տեղադրված ջրի մեծ տարաների մեջ: Երկու օր հետո տարայի մեջ ջուրը նստվածք է թողնում:  

Օվսաննա Ավակիմյանն ասում է, որ ջուր բերում են Տեղ, Քարաշեն գյուղերից և Գորիսից. «Մենք մաքուր ջուր ունենալու համար փողոց էինք փակել, բողոքի ցույց էինք արել։ Էդ ժամանակ եկավ Գորիսի համայնքապետը՝ Առուշանյանը, ասեց` ջուր կլինի, բայց դեռ չունենք»։ 

Բնակիչները պատմում են, որ տեւական ժամանակ ջրի համար ամեն ամիս 1000 դրամ են վճարել «Հայփոստի»` գյուղի բաժանմունքի վարիչ Հայկուհի Ասատրյանին: Վճարել են նույնիսկ այն ժամանակ, երբ ջրաչափերը չեն աշխատել։ 

«Սկզբում, երբ տեղադրել էին հաշվիչները, աշխատել են։ Բայց մի քանի օր հետո էլ չեն աշխատել, բայց չգիտենք՝ իրենք են կանգնեցրել, թե հենց փչացած հաշվիչ են տեղադրել, հանելուկ ա մնացել»,- ասում է Օվսաննա Ավակիմյանը։ 

Վճարած գումարների համար կտրոն չեն ստացել, փոխարենը կոմունալ վճարումների ժամանակ լույսի, գազի և այլ վճարումների կտրոնների վրա փոստի վարիչ Հայկուհի Ասատրյանը պարզապես գրել է՝ «Ջ. - 1000»։ 

1000-ական դրամները գյուղացիները այս տարվա մայիսից այլևս չեն վճարում, պատճառն այն է, որ գյուղին ջուր մատակարարող Վահիկ Մաթևոսյանին և «Հայփոստի» բաժանմունքի վարիչ Հայկուհի Ասատրյանին  ոստիկանություն էին հրավիրել։ 

«Երբ ջրի նոր խողովակներ կառուցեցին գյուղում ու ջրի հաշվիչներ տեղադրեցին, մեզնից 7000 դրամ են վերցրել հաշվիչի դիմաց, բայց գիտեմ, որ կա տուն՝ ավելի քիչ է տվել, այսինքն՝ ամեն տնից տարբեր չափի գումար են հավաքել»,- պատմում է  Օվսաննա Ավակիմյանը։

Վահիկ Մաթևոսյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ իրեն ոստիկանություն են հրավիրել հավատարմագիր չունենալու, գրանցված աշխատող չլինելու պատաճառով:  

«Ինձ մի անգամ մայիսին են կանչել ոստիկանություն, դրանից հետո էլ չեն կանչել: Ես նախկին գյուղապետից խնդրել եմ, որ գրանցի ինձ, բայց չի գրանցել, հիմա, կարելի ա ասել, իմ էսքան տարվա աշխատանքը ջուրն ա ընկնում: Ես գյուղապետին մեղադրում եմ մենակ նրա մեջ, որ ինքը ինձ հավատարմագիր չի տվել »,-ասաց Վահիկ Մաթեւոսյանը։ 

Գյուղացիներից գանձված 1000-ական դրամների վերաբերյալ հարցին Վահիկ Մաթևոսյանն ասաց, որ գումարը գանձել է գյուղապետի հրահանգով։

«Բնակիչներից չենք պահանջել, որ վճարեն էդ գումարը, գյուղի մոտ 40-50%-ն ա վճարել, ու էդ գումարն էլ ծախսվել էր ջրի խողովակների ու դրա հետ կապված աշխատանքների վրա»,-ասաց Վահիկ Մաթեւոսյանը։ 

Նա նաև պարզաբանեց ջրաչափերի  համար վճարված գումարի տարբերության մասին բնակիչների բողոքը. «Ոչ թե ջրաչափերն են եղել տարբեր գների, այլ գումարի չափը կախված ա ամեն տան ջրի խողովակի երկարությունից, ամեն մեկինը տարբեր երկարության ա, դրա համար էլ էդպես ա եղել»:

Մաթևոսյանի խոսքով՝ սկզբում գնվել էր 150 հատ ջրաչափ, որի արժեքը 3800 դրամ էր, և ինքն այդ գումարը փոխանցել է գյուղապետին։ Վահիկ Մաթևոսյանն ասաց, որ համայնքապետարանից իրեն արդեն առաջարկել են այս տարվա հունիսի 1-ից աշխատել որպես գրանցված աշխատող, սակայն ինքն այլևս չի ցանկանում զբաղվել այդ գործով։ 

 «Հայփոստի»՝ Խնձորեսկի մասնաճյուղի վարիչ Հայկուհի Ասատրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը կապ չունի այս ամենի հետ: «Ինձ Վահիկ Մաթևոսյանը ասեց՝ ջրի դիմաց ով էսքան գումար տա, կվերցնես: Ինձ ոստիկանություն կանչեցին՝ ասելով, թե էդ հավաքված գումարը ես ու Վահիկը կերել ենք, բայց ով գումարը տվել ա, ու հիմնականում թոշակ ստանալուց են տվել, ես իրենց անունները գրել եմ ու ցուցակը տվել եմ Վահիկին: Ինձ թվում ա՝ գյուղապետարանը տեղյակ կլիներ հաստատ, հնարավոր չէր տեղյակ չլիներ էս ամենի մասին:1000-ական դրամները գյուղացիները վճարում են արդեն մոտ 2-3 տարի։ Իսկ դրանից դեռ 10 տարի առաջ գումարի չափը սահմանված է եղել մեկ շունչը 50 դրամ, և գյուղացիներն այդպես են վճարել », - ասաց Հայկուհի Ասատրյանը: 

Նա նշեց, որ մայիսի սկզբից այլևս գումար չի վերցնում գյուղացիներից, բայց եղել են 20-30 հոգի, ովքեր դիմել են ջրի գումարը վճարելու համար։ 

«Ասել եմ՝ չէ, ես էլ չեմ վերցնում, վերցնեմ, որ նորից գնամ միլիցայությո՞ւն», - ասաց նա: 

Ըստ նրա՝  յուրաքանչյուր ամսվա վերջում հավաքվում էր մոտ 80 հազար դրամ, և ինքն այդ գումարը փոխանցել է Վահիկ Մաթևոսյանին. «Ամսվա վերջ Վահիկը գալիս էր, ասենք՝ 70 կամ 80 հազար էր, ասում էր էդքանից իմ կոմունալի փողը հանի, մնացածը տալիս էի իրան: Սկզբում հենց Վահիկն էր գալիս փոստում նստում ու վերցնում գումարը, բայց հետո արդեն ինձ ասեց՝ եթե տան, կվերցնես»։ 

Հարցին, թե իրեն որքան գումար են տվել հավաքված գումարից, Հայկուհի Ասատրյանը սկզբում պատասխանեց, թե ինքը շահույթ չի ունեցել, իսկ հետո նշեց, որ իրեն տվել են 10 հազար դրամ։ 

«Դե ես մտածել եմ, որ էս գործը անօրինական ա, ես ուղղակի ասել եմ կողքից ինձ համար, էնքան որ լեւի գործ էլի, հա հաստատ մտածել եմ, որ անօրինական ա, բայց համ էլ մտածել եմ՝ գյուղապետարանը տեղյակ ա»,- նշեց Հայկուհի Ասատրյանը։

Խնձորեսկի վարչական ղեկավար Վարդան Գալստյանի խոսքով՝ 2011 թվականին ծրագիր է ներկայացվել կառավարություն, որպեսզի գյուղի մի հատվածի ջրի խողովակները փոխվեն, այդ ծրագիրն իրականացնելու համար հատկացվել է 35 մլն դրամ։ Մոտ 52 մլն դրամի ծրագիր էլ իրականացվել է ջրի մաքրման և ջրամբարի կառուցման համար։ 

«Գյուղացիները դրանից հետո սկսեցին բողոքել, որ ինչու մենք պիտի ջրի հաշվիչով վճարենք, իսկ մյուսները՝ ոչ»,-ասում է Վարդան Գալստյանը:  

Թե ինչու մինչև հիմա գյուղացիները ջուր չունեն, Վարդան Գալստյանը պարզաբանում է` պատճառն այն է, որ միշտ կիսատ ներդրումներով են իրականացվել ջրի հետ կապված ծրագրերը, իսկ բյուջեում բավականաչափ գումար չի եղել, որպեսզի լիարժեք լուծվի խնդիրը։

 «Եղել ա, որ մոտ 20 տոկոս պետք է հատկացներ հենց համայնքը, որ տվյալ ծրագիրը իրականացվեր, բայց այդ ժամանակ բյուջեում այդքան գումար չի եղել», - հավելում է վարչական ղեկավարը: 

Ինչ վերաբերում է Վահիկ Մաթևոսյանի՝ առանց հավատարմագրի աշխատելուն, վարչական ղեկավարը պատասխանեց, որ դրա մասին տեղյակ են եղել։

«Դե մենք մտածել ենք մեր համայնքի ջուրն ա, մեր սեփականությունն ա, ինքն էլ տենց աշխատում ա վաղուց»,- նշեց նա։

Չաշխատող ջրաչափերի և բնակիչներից գանձված գումարի մասին հարցին ի պատասխան վարչական ղեկավարն ասաց, որ ինքը տեղյակ չի եղել, քանի որ չի խառնվել այդ աշխատանքներին՝ տեսնելով, որ ոչ մի բողոք չկա դրա վերաբերյալ:

Նախկին գյուղապետ Սերգեյ Հայրապետյանը, որը ներկայումս գտնվում է Մոսկվայում, մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում հերքեց Վահիկ Մաթևոսյանի պնդումները, թե իր հրամանով է իրականացվել ջրի գումարների գանձումը։ 

«Ես չեմ որոշել ջրի դիմաց վերցված գումարը, ես 200 - 300 հեկտար դաշտեր ունեմ մոտ 20 տարի է և բավականին ապահովված եմ։ Ես այդ գումարային հարցերին չեմ մասնակցել, դա երևի բնակիչներն են այդ աշխատողի հետ պայմանավորվել։ Ես արդեն 1 տարի է, ինչ գյուղապետ չեմ, և կապ չեմ ունեցել ջրի դիմաց գումարի հավաքման հետ», - ասաց նախկին համայնքապետը:  

Նա ասաց, որ ըստ Վահիկ Մաթևոսյանի խոսքերի՝ ամեն ամիս, ընդհանուր առմամբ, հավաքվել է մոտ 150. 000 դրամ, որն էլ եղել է վերջինիս աշխատավարձը։ 

Նա նաև պարզաբանեց, թե ինչու Վահիկ Մաթևոսյանին չի հավատարմագրել որպես գյուղի ջրամատակարար՝ անօրինականությունից խուսափելու համար. «Դե եթե հավատարմագրեի որպես օրինական աշխատող, պիտի բյուջեից գումար տայի, բայց մենք բյուջեում չունեինք բավարար հնարավորություն»։

Սերգեյ Հայրապետյանը նշեց, որ դիմել էին «Վեոլիա ջուր» ընկերությանը համագործակցության համար, սակայն նրանք մերժել են, քանի որ գյուղի ջրի խողովակներն արդեն վատ վիճակում էին։

Գյուղի ջրամատակարարման խնդրի և բնակիչների բողոքների մասին զրուցել ենք նաև Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանի հետ։ 

Առանց հավատարմագրի աշխատող ջրամատակարարի և ջրի դիմաց բնակիչներից գումարների գանձման առնչությամբ Իրինա Յոլյանը նշեց, որ չի տիրապետում այդ ինֆորմացիային։

Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանն ասում է, որ Խնձորեսկում ուսումնասիրություններ են կատարվել: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ջրի որակի մեջ որոշ շեղումներ կան,  եւ միջոցներ ձեռնարկելուց հետո հնարավոր է այն օգտագործել։ 

«Այս բոլոր խնդիրներն ուսումնասիրվել են նախորդ տարի, որպեսզի այս տարի այդ ամենին տրվի ֆունդամենտալ լուծում: Համայնքապետարանը դիմել է տարածքային կառավարման նախարարություն, որպեսզի ստանան համաֆինանսավորում և իրականացնեն կապտաժի կառուցումը։ Շուրջ 63 մլն դրամի ծրագիր է իրականացվելու։ Պլանավորված է 3 կապտաժ կառուցել 30-40 քառ. մետր, օրվա կարգավորիչ ջրամբար կառուցել 200 խորանարդ  մետր, նաև քլորակայան է կառուցվելու՝ 200 խորանարդ մետր և խողովակաշար կանցկացվի», - ասաց Իրինա Յոլյանը։

Նրա խոսքով՝ արդեն նախագծանախահաշվային մրցույթը հայտարարվել է, մրցույթը շահած կազմակերպությունը «Գլոբալ Ինժիներ» ընկերությունն է։

Ըստ համայնքի ղեկավարի տեղակալի՝ ծրագիրն իրականացնելու համար 40 տոկոսը  համայնքի ներդրումն է, իսկ 60 տոկոսը՝ պետության:

Գորիսի համայնքապետարանի քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բաժնի պետ Գարեգին Փարսյանի խոսքով՝ կապտաժների կառուցումը հուլիսի սկզբից է սկսվել: 

«Կառուցման աշխատանքները 6 ամիս են նախատեսված, կարծում ենք՝ կհասցնենք, եթե եղանակային պայմանները թույլատրեն, որովհետև ջրագծերի դիրքը շատ վատն է», - ասաց նա:

Խոսելով այն մասին, թե արդյոք ծրագրի իրագործման դեպքում գյուղը 24 – ժամյա ջրամատակարարում կունենա՝  Գարեգին Փարսյանը ասաց, որ առայժմ չի կարող ունենալ, քանի որ ջրի քիչ պաշար ունեն: Սակայն բնակիչների խնայողաբար օգտագործելու դեպքում հնարավոր կլինի գոնե օրվա կեսը ջուր ունենալ: 

«Շատ մեծ գյուղ է, և «Վեոլիա ջուր» ընկերության հետ էլ որոշ պայմանավորվածություններ պիտի ձեռք բերենք, որպեսզի կողքից սնուցի: Կմատակարարվի մաքուր և խմելու պիտանի ջուր, քանի որ փոխվում են խորհրդային տարիներին կառուցված հին ջրագծերը », - ասաց նա: 

Ըստ Փարսյանի՝ գյուղի բնակիչները հիմնականում ջրի հաշվիչների տեղադրումն են կարևորում: Նա նշեց, որ այս ծրագրով նախատեսված չէ հաշվիչների տեղադրումը, սակայն նախատեսում են առաջիկայում այդ խնդիրը ևս լուծել: 

Սոնա Գրիգորյան

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter