
Առաջարկվում է լուծարել Դիլիջանի, Բյուրեղավանի, Գյումրու գիշերօթիկ և Ֆրիտյոֆ Նանսենի անվան գիշերօթիկ հաստատությունները
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութունն առաջարկում է լուծարել Դիլիջանի, Բյուրեղավանի, Գյումրու գիշերօթիկ և Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունները։
Նախարարությունը նախատեսում է այս կազմակերպությունների լուծարումից գոյացած դրամական միջոցներով մարզերում և Երևանում ավելացնել երեխաների խնամքի ճգնաժամային կենտրոններն ու խնամատար ընտանիքների թիվը, նրանց տրամադրվող նյութական աջակցությունը։
Նախարարությունը նման առաջարկություն է քննարկման ներկայացրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնել է, որ կառավարության որդեգրած քաղաքականությունն ուղղված է երեխայի խնամքն ու դաստիարակությունն ընտանիքում ապահովելուն` շուրջօրյա հաստատություններից երեխաներին կենսաբանական ընտանիք վերադարձնելուն, խնամակալության, որդեգրման հանձնելուն, ինչպես նաև խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններում երեխաների թիվը նվազեցնելուն։
Ըստ նախարարության՝ գնահատված կարիքների հիման վրա մշակվել են երեխաների և նրանց ընտանիքների սոցիալական զարգացման անհատական ծրագրեր:
«Երեխաների և նրանց ընտանիքների սոցիալական զարգացման անհատական ծրագրերով նախատեսված միջոցառումների իրականացման նպատակով նախարարությունը համագործակցում է միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ»,- ասվում է նախագծում։
Նախարարության ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Դիլիջանի, Բյուրեղավանի, Գյումրու գիշերօթիկ և Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններում խնամվող երեխաների զգալի մասը հաստատություն է տեղավորվել ընտանիքների սոցիալ-տնտեսական խնդիրների պատճառով, և հիմնականում ընտանիքներում չաշխատողների թիվը կրկնակի ավել է աշխատողների թվից:
«Հաստատություններում խնամվող երեխաների գերակշիռ մասը միայնակ մայրերի, առանձին ապրող ծնողների երեխաներ են»,-նշել է նախարարությունը։
Մեկնաբանել