HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Կենտրոնական բանկը չի փոփոխում վերաֆինանսավորման տոկոսադրույքը

Հայաստանի կենտրոնական բանկի (ԿԲ) վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.75% է: Վերաֆինանսավորման տոկոսադրույքն այն տոկոսն է, որով ԿԲ-ն վարկեր է տրամադրում գործող առևտրային բանկերին: Դրա նվազումը որոշ ժամանակ անց (սովորաբար դա ամիսներ է տևում) հանգեցնում է բանկերի կողմից տրամադրվող վարկերի տոկոսադրույքների նվազմանը, ինչը կարող է որոշակիորեն նպաստել տնտեսության աշխուժացմանը։

Վերջին մի քանի նիստերին ԿԲ-ն որոշել է անփոփոխ թողնել այս տոկոսադրույքը։ Ինչպես տեղեկացնում են ԿԲ-ից, հաշվի են առնվել գնաճի մակարդակը, տնտեսական միջավայրը, արտաքին հատվածի փոփոխությունները։ Արձանագրվել է, որ այս տարվա հունիսին գրանցվել է 1.9% գնանկում, որը սպասվածից բարձր է եղել և հիմնականում պայմանավորվել է գյուղմթերքների գների նվազման ավելի խորը սեզոնայնության դրսևորմամբ: Մասնավորապես, բանջարեղենի գները նվազել են 28.2%-ով (նպաստումը գնաճին -1.6 տոկոսային կետ), ինչին զուգահեռ նվազել են նաև ձվի, կաթնամթերքի և յուղերի գները՝ համապատասխանաբար 1.3%, 0.5% և 0.6%-ով (ընդհանուր նպաստումը գնաճին -0.06 տոկոսային կետ): Արդյունքում, հունիսին 12-ամսյա գնաճը նվազել է՝ կազմելով 2.5%: Ամսվա ընթացքում 12-ամսյա բնականոն գնաճն ավելացել է՝ կազմելով 1.5%:

ԿԲ-ի գնահատմամբ՝ այս տարվա երկրորդ եռամսյակում ևս պահպանվել է բարձր տնտեսական ակտիվություն: Հունվար-հունիս ժամանակահատվածում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 6.5%, որն առավելապես պայմանավորվել է ծառայությունների ոլորտի աճով, ինչին զուգահեռ պահպանվել է մասնավոր սպառման աճը.

«Միաժամանակ, երկրորդ եռամսյակում ներքին պահանջարկը շարունակել է զսպվել իրականացված հարկաբյուջետային քաղաքականության հետևանքով, որը որոշակիորեն կմեղմվի տարվա երկրորդ կեսին, երբ, պետբյուջեի տարեկան ծրագրի կատարման ենթադրության ներքո, առաջին կիսամյակի տնտեսումներից կկատարվեն մեծ ծավալի ծախսեր»,- նշված է ԿԲ-ի պարզաբանման մեջ:

Համաշխարհային տնտեսության և պահանջարկի աճի տեմպերի դանդաղումը պահպանվել է, ինչի ներքո հիմնական պարենային և հումքային ապրանքների միջազգային շուկաներում գնաճային միջավայրը նույնպես շարունակում է մնալ թույլ: Ըստ ԿԲ-ի՝ այս իրավիճակում ՀՀ հիմնական գործընկեր երկրների ԿԲ-ներն առաջիկայում կվարեն դրամավարկային պայմանների թուլացման քաղաքականություն։ Մասնավորապես, Ռուսաստանի ԿԲ-ն արդեն իջեցրել է քաղաքականության տոկոսադրույքը և հետագայում ևս, համաձայն ֆինանսական շուկաների սպասումների, ակնկալվում է քաղաքականության տոկոսադրույքի շարունակական իջեցում՝ պայմանավորված գնաճի փաստացի ցածր ցուցանիշով և առաջիկայում գնաճի դանդաղման սպասումներով: ԱՄՆ դաշնային պահուստների համակարգը, ի տարբերություն նախորդ տարվա վերջին վարած տոկոսադրույքների բարձրացման քաղաքականությանը և շուկաների կողմից կարճաժամկետում դրամավարկային պայմանների սպասվող խստացմանը, այժմ հաղորդակցել է և ֆինանսական շուկաների մոտ արդեն իսկ սպասումներ է ձևավորել խթանող քաղաքականությանն անցնելու վերաբերյալ՝ պայմանավորված ինչպես գնաճի փաստացի ցածր ցուցանիշով, այնպես էլ առևտրային պատերազմների հետևանքով առկա անորոշությունների ներքո՝ պահանջարկի կրճատմամբ: Չնայած վերջին հանդիպման ժամանակ քաղաքականության տոկոսադրույքի անփոփոխ թողնելուն, Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) նույնպես հայտարարել է առաջիկայում ավելի խթանող քաղաքականությանն անցման մասին իր մտադրությունը՝ կապված վերջին տարիներին գնաճի նպատակային ցուցանիշից ցածր մակարդակի ձևավորման և երկարաժամկետ հատվածում պահպանման սպասումների հետ: Խորհրդի նիստում քննարկվեցին ֆինանսական շուկայի զարգացումները և արձանագրվեց, որ, երկրորդ եռամսյակում ևս ֆինանսական շուկայի կարճաժամկետ տոկոսադրույքները հիմնականում տատանվել են քաղաքականության տոկոսադրույքի շուրջ:

«Իրավիճակային հաշվետվության և արտաքին ու ներքին մակրոտնտեսական զարգացումների վերաբերյալ քննարկումից հետո Խորհուրդն անցավ դրամավարկային քաղաքականության ուղղությունների քննարկմանն ու քաղաքականության տոկոսադրույքի որոշման կայացմանը: Քննարկվեցին վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ թողնելու կամ իջեցնելու տարբերակները: Ստեղծված իրավիճակում ԿԲ Խորհուրդը որոշեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ նախապատվությունը տալով գնաճի աստիճանական վերականգնմանը և հաշվի առնելով հարկաբյուջետային քաղաքականության ակնկալվող ընդլայնողական ազդեցությունը: Խորհուրդը նաև գնահատում է, որ կանխատեսվող մակրոտնտեսական զարգացումների պարագայում, ԿԲ-ն կպահպանի խթանող պայմանները անհրաժեշտ երկար ժամանակահատվածում՝ միջնաժամկետում գնաճի նպատակի իրագործման համար։ Արդյունքում ակնկալվում է, որ գնաճն առաջիկա ամիսներին կպահպանվի նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում՝ հետագայում կայունանալով նպատակային ցուցանիշի շուրջ»,- նշված է ԿԲ-ի հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։