HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Կայսրության» վերջին մեծ անհատականությունները. Մարիամ Ասլամազյանի «Կյանքիս դավթարը»

Ես էն մարդկանցից չեմ, որ անցյալին երանի են տալիս։ Ավելին՝ մտածում եմ, որ ապրում ենք երանելի ժամանակներում, երբ նոր սերունդը շատ ավելի լավն է նախորդից՝ անկեղծությամբ, լայնախոհությամբ, ֆինանսական ինքնուրույնության ձգտմամբ, ինքնազարգացման ուղղությունների ռացիոնալությամբ... Բայց «երեկ»՝ սովետական տարիներին, մարդու մի տեսակ կար, որը ավելի հազվադեպ է հիմա՝ մեծ անհատականությունը։ Ինչ խոսք, նախադրյալները ծանրակշիռ էին. նա շուտ էր նկատվում շրջակա անդեմության խորապատկերին, «կայսերական» չափագիծն ու պրոպագանդան էլ ապահովում էին «սրբադասման» հետագա ընթացքը։ 

Իհարկե, մինչև «սրբադասումը» պետք էր ողջ մնալ, հետո անցնել ընտրության դաժան փուլերով։ Մարիամ ու Երանուհի Ասլամազյանները սովետական հայտնի նկարիչներ էին, երկարակյաց կանայք (1907-2006, 1910-1998), բայց ես «Կյանքի դավթարը» կարդալիս իմացա, թե ինչ դժվարությամբ են նրանք, դիցուք, մասնագիտական կրթություն ստացել։

Մոսկվայի Բարձրագույն գեղարվեստա-տեխնիկական ինստիտուտում (ВХУТЕИН) առաջնությունը տրվում էր... «հազարական-բանվորներին» (պլանը 1000%-ով կատարողներ), որ ընդունվում էին առանց քննության, սովորական պրոլետարներին, կոլտնտեսականներին, վերջում՝ ծառայողներին։ Ասլամազյան քույրերը ոչ մի դասում չկային, չնայած նրանց հայրը ջրաղացը հանձնել էր պետությանը, այլ համարվում էին «հասարակության թերմացք»։ Բայց, իրենց հերթին շահելով, որ որպես «ազգային փոքրամասնություն» ազատված էին կուսակցության պատմության ու քաղտնտեսության քննություններից, քույրերը մասնագիտությունից գերազանց ստացան և ընդունվեցին։ Հետո Մարիամը որպես «կուլակի» դուստր ВХУТЕИН-ից հեռացվեց... 13 անգամ։ Ամբաստանություններն ուղարկվում էին Հայաստանից՝ Մարիամին կոչելով «խորթ տարր», գրում էին ծագումով «հարազատ», բայց ВХУТЕИН չընդունված անտաղանդ դիմորդները։ 13-րդ անգամ Մարիամը վերականգնվել է Կրուպսկայայի՝ Լենինի կնոջ միջնորդությամբ (որին հրաշքով է կարողացել հանդիպել), և նրա դեպքն էլ երևի ազդել, որ Նադեժդա Կոնստանտինովնան հոդվածով հանդես գա՝ զավակները պատասխանատու չեն հայրերի «մեղքերի» համար։

Բայց, այ, պաշտոնական ճանաչումից հետո տառապանքներին փոխարինում են արտոնությունները, բացվում են զարգացման հնարավորություններ։ Այցելություն իր երազած Լուվր, տասնյակ արտասահմանյան երկրներ, խոշոր հոնորարներ, որոնցից առաջինը Մարիամը անհոգաբար շռայլում է… ձիարշավարանում, հանգիստ՝ էլիտար առողջարանում (քույրերը տեղավորվում են մարշալ Բաղրամյանի միջնորդությամբ), որի հյուրերին թափանցիկ շորերով, առանց կրծքալի մատուցողուհիներ են սպասարկում…

1930-ականների վերջին քույրերն արդեն պատվեր են ստանում ձևավորելու ԺՏՆՑ-ի հայկական տաղավարը Մոսկվայում, իսկ երբ Մարիամը Լենինգրադում հաստատվեց, նա երկու երիտասարդ նկարիչներից մեկն էր, որ ուներ այսպես կոչված կոնտրակտացիա. ամեն ամիս ստանում էր՝ ինչ գումար ուզեր, որի դիմաց փոխհատուցում էր նկարներով, իսկ պարտք-պահանջի վերջնահաշվարկն արվում էր տարեվերջին։ Ճիշտ է, Մարիամը որպես կանոն ստանալիք էր ունենում, բայց պարտքն էլ արդեն սարսափելի չէր՝ սովետական պետությունը «յուրայինների» համար փող չէր խնայում։ Հայտնի փաստ է, որ Ստալինը մի զրո է ավելացրել ԱՄՆ մեկնող սովետական գրողների պատվիրակության ծախսերին։ Ցարին վայել ժեստ... բայց եթե Նիկոլայ Երկրորդը հաշվետու էր Դումային, մամուլին, կուսակցություններին, ո՞ւմ առաջ էր պատասխանատու Ստալինը, որպեսզի չաներ, ինչ խելքին կփչեր։ 

1937-38 գնդակահարվեցին կամ աքսորվեցին շատ հռչակավոր արվեստագետներ, ասպարեզը մնաց կոնյունկտուրային հանճարներին։ Իրավիճակը հիանալի է բնորոշում մի զվարճալի պատմություն, որ Մարիամը վերհիշում է «կրեմլյան» քանդակագործ Սերգեյ Մերկուլովի կյանքից։ Պատերազմի տարիներին մոնղոլները իրենց առաջնորդ Չոյբալսանի դիմապատկերն են պատվիրում սովետական հայտնի արվեստագետներին։ Վերջում առաջատար սոցռեալիստ նկարիչ Ալեքսանդր Գերասիմովը երեսուն հազար ռուբլի է գնահատում իր աշխատանքը, իսկ Մերկուլովը հայտարարում է, որ իրեն ոչինչ պետք չէ, իր համար մեծ պատիվ է կառավարական պատվերն ինքնին։ Հաջորդ օրը Մերկուրովի բակ է մտնում հինգ տոննայանոց մի բեռնատար՝ կարագով, բրնձով և այլ անգին մթերքներով լի։ «Այ խորամանկ հույն, նորից ինձ ինձնից առաջ անցար»,- ապշում է Գերասիմովը։ 

Մարիամ Ասլամազյանին հիացնում է, որ ամեն օր Մերկուլովի տանը սեղան էր 30-40 հոգի, բայց տհաճությամբ է հիշատակում սենյակը, որտեղ Լենինի ու Ստալինի մորեմերկ քանդակներն էին. նրանց հագցնում էին՝ ըստ պատվիրատուի ցանկության։ 

Նաիրի Զարյանը ևս զավեշտական ձևով է հայտնվում հուշագրության մեջ, բայց՝ միայն դրական լույսով։ Ուշ գիշերով, Երկրորդ աշխարհամարտի վերջերին, նա Երևանում թակում են դուռը, քույրերը մտածում են, որ իրենց հետևից են եկել, բայց Զարյանն է մտնում ու ոգեշնչված կարդում նոր ավարտած «Արա Գեղեցիկ» հայրենասիրական պոեմը։ «Նա անդիմադրելի էր»՝ նույնիսկ ծաղկատար երեսն է հարթվում Մարիամի աչքին։ Բայց դրանից շուրջ տասը տարի առաջ եղել էր մեկ ուրիշ անակնկալ արտասանություն, որի մասին հավանաբար շատերն են իմացել ժամանակին, բայց քչերը՝ պատմել։

1935 թ.-ին Հայաստանի մշակույթի 10-օրյակն էր Մոսկվայում, և Աղասի Խանջյանը Զարյանին չէր ընդգրկել պատվիրակության մեջ։ Եվ ահա երբ հայկական ավտոշարասյունը պետք է մտներ Կրեմլ, հայտնվում է Զարյանն ու... փակում ճանապարհը։ Եվ չի հեռանում, մինչև զեկուցում են պարետին, սա էլ՝ անձամբ Ստալինին (էդպիսի կարգ կար), որի հրահանգով բոլորի հետ մտնում է ընդունելության։ Կարդում է «Առաջնորդին» նվիրված բանաստեղծությունը, և ընդամենը մի քանի ամիս անց արժանանում... Լենինի շքանշանի՝ երեսունհինգ տարեկանում։ Որը միայն շքանշան չէր, այլ կանխավճար ՄԻԼԻՈՆԱՎՈՐ անմեղ քաղաքացիների սպանությունը խրախուսելու, պաշտոնական մամուլում Չարենցին, Բակունցին, Մահարուն բանսարկելու և բանտարկել տալու համար։ Սա՝ ի գիտություն բոլոր նոր հետազոտողների, որ սովետական հայտնի գրողներին, նկարիչներին վերաշրջանառելիս նրանց միայն մի կողմից չդիտեն ու հռչակեն «անկախ ու ազատ»։ 

Ի տարբերություն Զարյանի, որը չի ապաշխարում, բացի 1960-ականների մի բանաստեղծությունից, որտեղ գրում է, թե մենք ինչ կարող էինք, արեցինք, հիմա ձեր հերթն է, Մարիամը նկարագրում է նաև իր վախերը։ Լինելով արդեն ճանաչված սովետական արվեստագետ՝ նա, հիվանդ ձևանալով, չի համարձակվում շփվել հայ հոգևորականի… ապագա կաթողիկոս Վազգեն Առաջինի հետ՝ մի քանի օր նույն վագոնով ճամփորդելու ընթացքում։ 

Հրաշալի է Մարիամի ազնվությունը նաև, երբ համեմատում իր ու քրոջ ստեղծագործական ուղին։ Երանուհին, տուրք տալով հանդերձ քաղաքական պատվերին, ավելի շատ նկարում է պեյզաժներ, կենցաղ, Մարիամը՝ Լենին, «Ծաղիկներ՝ Ստալինին», օրվա այլ թեմաներ։ Սովետի փլուզումից հետո Մարիամի շատ գործեր հայտնվում են Հեղափոխության թանգարանի պահեստում, իսկ Երանուհին մնում է պատկերասրահների մշտական ցուցադրությունում։ 

Թույլ տամ ինձ կանխատեսել, որ Մարիամի սովետական թեմաներով նկարները չեն մնա պահեստներում, երկրորդ կյանք կունենան... բայց նույն հետաքրքրությունը չեն առաջացնի, ինչ սոցարտի ծայրահեղ գաղափարական կամ ծայրահեղ անտաղանդ դրսևորումները, իսկ, այ, նրա նատյուրմորտները, «օրիենտալիստական» գործերը (Մարիամը շատ է նկարել Ասիայի և Աֆրիկայի՝ գաղութատիրությունից ազատագրվող կանանց՝ անհամեմատ ավելի զարգացած երկրի քաղաքացու հայացքով, դիմակներ և այլն) ավելի ու ավելի բարձր կգնահատվեն։ Դա է վկայում թեկուզ 2018 թվականին Մարիամ Ասլամազյանի 110-ամյակին Մոսկվայում կազմակերպված ցուցահանդեսի կատալոգը, որտեղ ոչ մի «քաղաքական» նկար չկա։ 

Իհարկե, սա էլ նկատի ունենանք. պետք է դարափուլ փոխվեր, վերանար խստագույն գրաքննությունը, որպեսզի Մարիամ Ասլամազյանի թույլ տար իրեն գրել, առավել ևս հրատարակեր «Կյանքիս դավթարը», որը բաղկացած է երկու մասից՝ հուշագրություն և դիմաշար։ Առաջին մասը սկսվում է «կուլակ» պիտակված Ասլամազյանների գործունյա և ուսումնասեր գերդաստանի պատմությամբ, որտեղ մեծ դեր են խաղացել բուռն զգացմունքները։ Մարիամի հայրական պապը՝ Սիմոն աղան, ազգությամբ հույն էր, բայց հանուն հայուհի Գյուլիզարի հանդեպ սիրո, կատարելով նրա ընտանիքի պահանջը, փոխում է դավանանքը, ուղղափառից դառնում լուսավորչական և... Ասլամազ ազգանվանը ավելացնում «յան» վերջածանցը։ Գյուլիզարին սիրահարված է եղել նաև Սիմոնի կրտսեր եղբայրը, բայց նրանց հայրը որոշել է, որ ավագը պետք է խնդրի գեղեցկուհու ձեռքը, որից հետո կրտսերը հեռացել է հայրենիքից ու այլևս երբեք չի տեսնվել եղբոր հետ։

Մարիամի հայրը՝ ընդամենը յոթնամյա կրթությամբ, առաջինն է ջրաղացի շարժանիվ բերել Գերմանիայից Հայաստան, Կարսի մարզի հայրենի Բաշ-Շիրակ գյուղ։

Նման գեների պայմաններում բնական է, որ շնորհալի Ասլամազյան քույրերը պետք է չբավարարվեին Երևանի գեղարվեստա-արդյունաբերական տեխնիկումով, որտեղ հրաշալի վարպետներ ունեին, այլ շարունակեին ուսումը կերպարվեստի մոսկովյան ու լենինգրադյան հեղինակավոր բուհերում։

Գրքի երկրորդ մասը առանձին մարդկանց նվիրված հուշեր են, որից կառանձնացնեմ մի քանիսը՝ պատկերացում տալու համար հեղինակի դիտողականության ու դիմաշարի ընդգրկման մասին. 

Մարիամի սերնդակից քանդակագործ Տիգրան Դավթյան, «ամենավառը՝ մեզնից». 1930-ականների կեսերին արժանանում է Ֆրանսիայում ու Իտալիայում արվեստի գլուխգործոցների բնօրինակները տեսնելու երջանկությանը, բայց վերադառնալուն պես՝ ձերբակալվում... ծեծում Է հսկիչին՝ իրեն լրտես կոչելու համար, հետո կարցերում գլուխը պատին է խփում ութ օր շարունակ, մինչև խելագարվում է,

Բակունց, որը չի լուսանկարվում Ասլամազյան քույրերի հետւ երբ իրեն ձերբակալեն, դա նրանց վարկաբեկող նյութ կդառնա,

Վերա Մուխինա՝ բանվորի ու կոլտնտեսուհու հռչակավոր քանդակի հեղինակը, որին արգելում են Չայկովսկու թիկունքում... սրնգահար պատանի պատկերել. դա կակնարկի մեծ կոմպոզիտորի փոքրիկ «թուլության» մասին,

Վլադիմիր Վասիլևիչ Լեբեդև, որը ևս «թուլություն» ուներ. ամուսնանում էր, օրենքով, բայց կարճ ժամանակով, հետո հերթական կնոջը փոխանցում էր իր աշակերտներին, ու նրա աշակերտներից շատերի հետ նրա նախկին կանայք էին ապրում,

Մարկ Շագալ, որն իր բարեկամ Նաթան Ալտմանի հետ Փարիզում իսկական ֆրանսուհի է փնտրում, և վերջում պարզում, որ Ախմատովային են ընտրել ու հետևել մինչև տուն,   

Ինդիրա Գանդի, որը Հնդկաստանի վարչապետն է, և հոր նման ընդունում է բոլոր այցելուներին, որ գալիս են իրեն տեսնելու...

Հոդվածս ավարտեմ հուշագրության մի զարմանահրաշ դրվագով։ «Այն բանին, ինչ կգրեմ հիմա, հնարավոր չէ հավատալ, ոչ էլ հասկանալ։ Բայց դա փաստ է, որ եթե ինձ հետ չկատարվեր, կասեի, որ դա ցնդաբանություն է»,- զգուշացնում է Մարիամը։ 1941-ին, երբ նրան շրջափակվող Լենինգրադից թույլ են տալիս դուրս գալ վաթսուն հոգու՝ «այսպես կոչված «ոսկե ֆոնդի» հետ, երեք քույրերի հետ ընկնում է Գավրիլով-Յամ, որտեղ «ատում էին հրեաներին և բոլոր սևերին դնում էին հրեայի տեղ ու սպասում հարմար պահի, որ հաշվեհարդար տեսնեն»։ Գյուղաքաղաքում Ասլամազյան քույրերին գտնում է հիսունին մոտ մի կին՝ Ելիզավետա Իվանովնան, որը կարդում է ինքնասպանության մասին Մարիամի միտքն ու կանխում այն, հետագայում էլ իր գուշակություններով ուղղորդում, որ շրջանցի տարբեր ուրիշ վտանգներ։ Բայց նա գործում է մի ուրիշ պայծառատես կնոջ հրահանգով, որը պատերազմից հետո Մարիամին սպասում է Լենինգրադում, որպեսզի հայտնի «մի բան, որը նա չի հասկանում, նրան պետք է օգնել»։ Կինը հորդորում է չհապաղել. ինքը շատ չանցած մահանալու է, բայց Մարիամը ուշանում է։      

Այս դրվագն ինձ համար նշանակալից է երկու պատճառով։ Նախ, որ իմ մեջ հերթական անգամ առաջացրեց իռացիոնալ զգացողություն, թե անցյալ ժամանակներում իրականությունը նույնը չի եղել, և Միխայիլ Բուլգակովի «Վարպետն ու Մարգարիտայի» վիպաշխարհը հորինովի չէ, այլ իրականության մի փուլ է, որը հետագայում փոխվել է... ինչպես, ասենք, հասարակարգերն են փոխվում, ըստ Մարքսի տեսության։ Ապա՝ որ յուրաքանչյուրիս կյանքում կա թերևս կարևոր մի բան, որը մենք չենք հասկանում՝ բաց թողնելով «պայծառատեսին» հանդիպելու պահը... 

Մարիամ Ասլամազյանի գիրքը տպագրվել է Գայանե Նիկողոսյանի՝ մեկ ուրիշ հայտնի սովետական արվեստագետի, Ասլամազյան քույրերի մտերիմ բարեկամ Նիկողայոս Նիկողոսյանի դստեր միջոցներով։ Նիկողոսյանի անվան հիմնադրամի օրերս կայացած բացմանը նրա մյուս դուստրը՝ Մարիամ Նիկողոսյանը պատմեց, որ մոսկվաբնակ մեծ քանդակագործը կյանքի վերջում սկսել է խոսել բացառապես հայերեն։

«Կյանքի դավթարը» ռուսերեն է՝ դա էլ է կայսերական չափագծի թելադրանքը. Մարիամը կյանքի մեծ մասն ապրել է Լենինգրադում ու Մոսկվայում։ Բայց նա էլ հանգչում է Կոմիտասի անվան պանթեոնում։ Եվ նախապես Գյումրիին է նվիրել իր ու Երանուհու շուրջ 620 աշխատանք, որոնք այսօր հանգրվանել են քույրերի անունը կրող պատկերասրահում՝ ժամանակակից չափանիշներին համապատասխանող և աշխույժ մի մշակութային օջախում։

Միգուցե տեղին կլինի, որ մեծ անհատականությունների այս վերադարձը բնորոշեմ՝ Իոսիֆ Բրոդսկու հայտնի տողերը վերաձևակերպելով.

Եթե քեզ վիճակվել է Կայսրությունում ծնվել,

Ավելի լավ է հանգչել գավառում, ուր եղել է տունդ…

Վահրամ Մարտիրոսյանի լուսանկարը՝ Հակոբ Հովհաննիսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter