HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԲՃ. Ամուլսար ծրագրի համար հողերի վաճառքի ու կոռուպցիայի մասին 

Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունը հաղորդագրություն է տարածել Ամուլսար ծրագրի համար հողերի վաճառքի մասին, որը ներկայացնում ենք ստորեւ:

2019 թ հուլիսի 23-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց 2014-2015 թթ հողատարածքների օտարման գործընթացում Գնդեվազ գյուղի նախկին գյուղապետ (ներկայում խոշորացված Ջերմուկ համայնքի Գնդեվազի վարչական ներկայացուցիչ) Հայրապետ Մկրտչյանի թույլ տված առերևույթ չարաշահումների հիմքով (ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մաս) նրա նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին։ Այս լուրը վերահրապարակեցին շատ լրատվամիջոցներ առանց պատշաճորեն լուսաբանելու, որ այս չարաշահումներն ուղիղ կապ ունեն Ամուլսարի ոսկու հանքավայրի ծրագրի հետ։

Դեռևս 2014թ Գնդեվազ համայնքի շուրջ 200 բնակիչ բողոք էր հղել Ամուլսարի ոսկու ծրագիրը ֆինանսավորող այդ ժամանակվա կառույցներից մեկին՝ Միջազգային ֆինանսական կորպորացիային՝ տարբեր գանգատների թվում նշելով նաև այն, որ համայնքում հողերի օտարման գործընթացում տեղի են ունենում մանիպուլյացիաներ։ Լիդիանը, սակայն, իրեն ֆինանսավորողին ներկայացրել էր իր կողմից հողերի ձեռքբերման գրաֆիկ և երաշխիքներ, որ գործընթացի թափանցիկության հետ կապված որևէ խնդիր չկա։ Մինչդեռ համայնքում երկար ժամանակ լուրեր էին պտտվում, որ վարչական դիրք ունեցող անձինք կարողացել էին խոշոր մակերեսով հողեր վաճառել Լիդիանին և շատ կարճ ժամանակում հարստանալ։ Նրանք նաև արդեն փոխել էին իրենց ընդդիմադիր դիրքորոշումը հանքարդյունաբերական ծրագրի նկատմամբ և եռանդուն կերպով համագործակցում էին Լիդիանի հետ ու հանդես գալիս ոսկու արդյունահանման ծրագրին կողմ, գործադրում քաղաքական ճնշում, որպեսզի ոսկու հանքի դեմ պայքար չընթանա։

Եվ ահա 2019 թվականին՝ այն էլ միայն քաղաքացու դիմումի հիման վրա Ջերմուկի ոստիկանության կատարած հետաքննության արդյունքում է պարզվել, Ամուլսարում ոսկու արդյունահանման ծրագրի օգտին կատարված կոռուպցիոն մեխանիզմը։ Քննչական կոմիտեն հաղորդում է «Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարը [Հայրապետ Էդիկի Մկրտչյանը], տեղյակ լինելով, որ [«Գեոթիմ»] ՓԲ ընկերությունը [ներկայումս՝ «Լիդիան Արմենիա»] հողատարածքներ է գնում, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, շահադիտական նպատակով, պաշտոնեական դիրքը համայնքային ծառայության շահերին հակառակ օգտագործելով, հանդիսանալով հողերի օտարման աճուրդ կազմակերպող մարմնի ղեկավար՝ համայնքի ղեկավարի որոշմամբ  և հիմք ընդունելով աճուրդային հանձնաժողովի արձանագրությունը, 2014թ. մայիսի 29-ին համայնքի արոտավայր հանդիսացող հողատարածքներից  9.91 հեկտար հողատարածք 410.130 ՀՀ դրամով [շուրջ 850 ԱՄՆ դոլար] աճուրդային կարգով վաճառել է իր որդուն [Լայերտ Մկրտչյանին], ով էլ իր հերթին մեկ տարի անց՝ 2015թ. մայիսի 26-ին, նույն հողատարածքը [շուրջ 400 անգամ ավելի թանկ գնով] 147.300.838 ՀՀ դրամով [շուրջ 310000 ԱՄՆ դոլար], վաճառել է [«Գեոթիմ»] ՓԲ ընկերությանը»: Հստակեցնենք, որ Քննչական կոմիտեն իր հաղորդագրությունում խուսափել է նշել գնում կատարած ընկերության անունը։

Բացառված չէ, որ այս գործարքից բացի կարող են լինել հողերի օտարման կամ սեփականացման գործընթացում դիրքի չարաշահման և դրա միջոցով հարստացման, մասնավոր շահադիտական նպատակով համայնքային շահերին դեմ գործելու այլ դրվագներ, եթե հաշվի առնենք, որ միայն Գնդեվազում Լիդիանը գնել է շուրջ 130 հեկտար հողատարածք։ Նշենք, որ Վայոց Ձորի պետական արխիվ ժամանակին (ենթադրաբար շահադիտորեն) չեն ներկայացվել Գնդեվազի համայնքապետարանի 2011-2016 թթ որոշումների մատյանները, որոնք համայնքի ղեկավարի և ավագանու ընդունած որոշումների, համայնքային գործընթացների միակ պաշտոնական և ամբողջական տեղեկություններ պարունակող փաստաթուղթն են։ Մեր տեղեկություններով՝ այս մատյանները հայտնաբերվել են վարույթ իրականացնող մարմնի կողմից և գտնվում են իր տրամադրության տակ, սակայն դեռևս չեն կարող հանրությանը հասանելի լինել։ Բացառված չէ նաև, որ Գնդեվազի գյուղապետից բացի նմանատիպ գործարքներ կատարած լինեն նաև այլ պաշտոնատար անձինք, և ոչ միայն Գնդեվազում, այլ նաև Ամուլսարի հետ առնչություն ունեցած Գորայք, Սարավան, Սարալանջ, Կեչուտ, Ջերմուկ և մյուս բնակավայրերում։ Կարծում ենք, որ այս դեպքն ամենևին էլ եզակի չէ, և իրավապահ մարմինները պետք է ուսումնասիրեն ու բացահայտեն Ամուլսարի ծրագրի հետ կապված բոլոր գործարքները։

Սակայն այս գործի հետ կապված կա ևս մի քանի մտահոգիչ փաստեր։ Քննչական կոմիտեն հայտնում է, որ Մկրտչյանն արդեն իսկ վերականգնել է համայնքին հասցված վնասի մի մասը՝ 70 միլիոն դրամի չափով։ Այս հաղորդագրությունից տպավորություն է ստեղծվում, թե գյուղապետը կարող է ընդամենը յուրացրած գումարները հետ վերադարձնել (այն էլ հայտնի չէ՝ պետական, թե համայնքային բյուջե) ու ազատվել պատասխանատվությունից։ Կամ ինչպես որոշվել, որ այդ գումարներն ընդհանրապես ենթակա են վերականգնման պետության (համայնքային) բյուջե, երբ դեռևս չի ավարտվել ո՛չ նախաքննությունը, ո՛չ էլ դատավարություն է ընթացել, որի ժամանակ հնարավոր է՝ պարզվի, որ համայնքային արոտավայրերի օտարում/սեփականաշնորհում ընդհանրապես պետք է տեղի չունենար։ Հնարավոր է, որ այդ գումարները ենթակա են վերադարձի ընկերությանը և օտարված արոտավայրերն էլ ենթակա են համայնքային սեփականության վերադարձվելուն։ 

Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է քննչական կոմիտեն դատարանի և համայնքի փոխարեն որոշել, թե ինչ ճակատագիր պետք է ունենան կոռուպցիոն եղանակով համայնքից խլված հողերը։ Գուցե համայնքն ու ավագանին ա՞յլ կարծիք ունեն այս հարցում և նրանց ոչ թե իրենցից գողացված գումարն է պետք, այլ հենց հողատարածքները։ Արդյո՞ք 2014թ կարող էր արոտավայր կատեգորիայի հողը համայնքային աճուրդի դրվել՝ առանց հողի կատեգորիայի փոփոխման վերաբերյալ կառավարության որոշման։ Ի վերջո, ո՞վ է այս հարցերը քննարկել համայնքի հետ, որ որոշել է, թե յուրացրած գումարները հետ տալով կարելի հարցը փակված համարել։ Սրանք իրավական պրակտիկան վիճարկող հանրային լայն նշանակության հարցեր են, որոնք պետք է բարձրացնեն Հայաստանի քաղաքացիները և հասնեն նմանատիպ որոշումներ ընդունելու պրակտիկայի վերացմանը։ Հակառակ դեպքում ստացվում է, որ իրավապահ մարմինները հայեցողական որոշումներ են կայացնում, թե տարբեր համայնքներում կատարված յուրացումները և դրանք կատարողներն ինչ ճակատագիր կարող են ունենալ՝ առանց դատավարության և դատարանի օրինական վճռի։ 

Այսպիսի մոտեցումն ուղղակի անթույլատրելի է ինչպես իրավակիրառ իմաստով, այնպես էլ որոշում կայացնելու իրավունքի իմաստով, քանի որ առաջին հերթին համայնքը պետք է որոշի՝ ինչ անել իրենից խլված սեփականության հետ։ Կարծում ենք, որ կոնկրետ Ամուլսարի ծրագրի համար ապօրինություններով օտարված և Լիդիանին վաճառված հողերը պետք է հետ վերադարձնել համայնքին, այլապես հայտնվելու ենք նույն իրավիճակում, ինչ տխրահռչակ Թեղուտի հանքի տխրահռչակ «հանրային գերակա շահի» ներքո ապօրինի գործընթացներն էին, որոնք ի վերջո ճանաչվեցին այդպիսին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից, և կայացվեցին փոխհատուցման խոշոր վճիռներ։ Այդ փոխհատուցումները, ցավոք, մնացին Հայաստանի քաղաքացիների ուսերին։ 

Որպես հետգրություն ձեր ուշադրության ենք ուզում ներկայացնել նաև դեռ 2014 թվականի օգոստոսին Գնդեվազում կայացած սկանդալային հանրային լսումների տեսագրությունը, որտեղ կտեսնեք, թե ինչ մթնոլորտում են դրանք տեղի ունեցել, և ինչպես է Գնդեվազի նույն գյուղապետն ամեն կերպ փորձում դահլիճ հետ բերել լսումները բոյկոտող գնդեվազցիներին, ինչի իրական պատճառները հիմա արդեն պարզ են, քանի որ այն ժամանակ նա նվազագույնը 300000 դոլար գումարի ակնկալիք ուներ ու հավանաբար, միտք չուներ պաշտպանելու համայնքի, բնակիչների և առավել ևս բնության շահերը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter