HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Զիգզագ»-ից նոր հեռախոս ստանալու համար հաճախորդից պահանջվեց 20 օր

Փաստաբան Օլգա Սաֆարյանից  20 օր պահանջվեց էլեկտրոնային տեխնիկայի վաճառքով զբաղվող «Զիգզագ» ընկերությունից որպես փոխհատուցում նոր հեռախոս ստանալու համար։ Թեև շարքից դուրս եկած հեռախոսն ուներ մեկ տարվա երաշխիք, Սաֆարյանը պարտադրված եղավ 20 հազար դրամ լրացուցիչ գումար վճարել՝ այլ մոդելի հեռախոս գնելու համար, քանի որ ընկերությունը չուներ անսարք հեռախոսի նույն մոդելից։

«Կարող էին երկրորդ օրը իմ փչացած հեռախոսը փոխարինել նորով, բայց այսքան ժամանակ չարեցին, 20 օր պահելուց հետո նորը տվեցին և պարտադրված եղա 20 000 դրամ լրացուցիչ վճարել, քանի որ նույն մոդելի չունեն, իսկ նախատեսված գումարով իրենց ունեցած հեռախոսներն ավելի վատն էին»,-«Հետք»-ի հետ զրույցում պատմեց Օլգա Սաֆարյանը

«Սպառողների իրավունքների մասին» օրենքը սահմանում է՝ սպառողն իրավունք ունի իր ընտրությամբ հրաժարվել պայմանագիրը կատարելուց և պահանջել վերադարձնել ապրանքի համար վճարված գումարը կամ պահանջել ոչ պատշաճ որակի ապրանքը փոխարինելպայմանագրին համապատասխանող որակի ապրանքով, եթե նրա գնած ապրանքի որակի էական խախտումներ են եղել։ Մասնավորապես՝ հայտնաբերվել են չվերացվող, ինչպես նաև այնպիսի խախտումներ, որոնք չեն կարող վերացվել առանց անհամաչափ ծախսերի կամ ժամանակի կորստի։

Հաճախորդի և ընկերության` 20 օր տևած «բանակցությունները»

Օլգա Սաֆարյանը «Զիգզագ» ընկերությունից հեռախոս է գնել այս տարվա հունիսի 2-ին։ Այն ունեցել է մեկ տարվա երաշխիքային ժամկետ։ Սմարթֆոնը գնելուց մոտ մեկ ամիս անց՝ հուլիսի 20-ին, այն շարքից դուրս է եկել։ 

Դրանից երեք օր անց Սաֆարյանի դուստրը դիմել է խանութ-սրահ, որտեղից նրան ուղղորդել են սերվիս կենտրոն։ Հաջորդ օրը սերվիս կենտրոնի օպերատորը Օլգա Սաֆարյանին հայտնել է, որ հեռախոսի «պլատան» է վառվել, ընկերության աշխատողները կապ են հաստատել արտադրողի հետ, և Սաֆարյանը պետք է 3 օր էլ սպասի, «բայց դժվար թե հեռախոսը փոխարինեն նորով»: Սաֆարյանը խնդել էր իրեն եզրակացություն տրամադրել, որպեսզի հնարավորություն ունենա հեռախոսը փոխարինել կամ խզել ընկերության հետ կնքված պայմանագիրը՝ հետ ստանալով վճարված գումարը։

«Հեռախոսը հանձնելու պահին դրա փոխարեն որևէ այլ հեռախոս չեն տրամադրել, որի պատճառով ես շարունակում էի մնալ առանց կապի միջոցի: Տհաճ խասակցություններից և բանակցություններից հետո, վերջապես՝ հուլիսի 27-ին, օրվա վերջ տրամադրեցին «Xiaomi Pro» հեռախոսը՝ ժամանակավոր կապ ունենալու համար։ Այն պահից, երբ տեղեկացա, որ իմ հանձնած հեռախոսն ունի ոչ թե ծրագրային, այլ ավելի լուրջ խնդիր՝ պլատայի վնասվածք, օպերատորներին զգուշացրի, որ տեղյակ պահեն ղեկավարությանը, որ ես դեմ եմ վերանորոգմանը, քանի որ փոխած պլատայով հեռախոս ինձ անհրաժեշտ չէ»,-նշեց Սաֆարյանը։

Ընկերության հետ ունեցած անորոշ հեռախոսազրույցներից հետո Օլգա Սաֆարյանը հուլիսի 29-ին գրությամբ դիմել է «Զիգզագ» ընկերության տնօրեն Արա Մկրտչյանին, նկարագրել իրավիճակը և, հղում կատարելով «Սպառողների իրավունքների մասին» օրենքի դրույթներին, խնդրել է վերադարձնել հեռախոսի արժեքը՝ 79900 դրամ գումարը: Երկուշաբթի օրը Օլգա Սաֆարյանի հետ կապ են հաստատել սերվիս կենտրոնից և հայտնել, որ կարող է մոտենալ, փոխանակման ակտը ստանալ։ Սակայն հաճախորդը ստիպված է եղել 20 000 դրամ լրացուցիչ վճարել՝ իր նախկին հեռախոսի ֆունկցիոնալ հնարավորություններով հեռախոս գնելու համար։

«Զիգզագ»-ից պարզաբանում ստանալու համար երկուշաբթի դիմել էինք ընկերություն։ 011 900 800 հեռախոսահամարին պատասխանած օպերատորը խոստացել էր, որ մեզ հետ կապ կհաստատեն, սակայն մինչ օրս որևէ հեռախոսազանգ չենք ստացել։

Մեկնաբանություններ (1)

Arsen
Պլատան փոխված հեռախոսը համարյա նոր հեռախոս է։ Ծրագրային խնդիրները երբեմն ավելի բարդ է լինում վերանորոգել, քան պարզապես պլատան փոխել։ Անտեղյակ փաստաբանին պարզապես առիթ է պետք եղել իրեն ցույց տալու

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter