HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաշմանդամ Ռոզետայի երազանքը մեկ դրույքով դաստիարակ աշխատելն է

Լոռու մարզի Աքորի գյուղի մանկապարտեզի դաստիարակ Ռոզետա Սիմոնյանը 2000 թ. դժբախտ պատահարի հետևանքով կորցրել է աջ ձեռքի ամբողջ դաստակը, որից հետո նրան մանկապարտեզում աշխատելու համար Աքորիի նախորդ և ներկա գյուղապետերը տվել են կես դրույքով 2-րդ հերթի դաստիարակի աշխատանք: Ներկայում նրա աշխատավարձը 25 հազար դրամ է:

3-րդ խմբի հաշմանդամ Ռոզետան իր վիրավոր ձեռքը մշտապես թաքցնում է գրպանում, և չիմացողները չեն նկատում նրա հաշմանդամությունը: Այն չեն կարող նկատել նաև մանկապարտեզի երեխաները: Հաշմանդամ կինը իր 3 անձից կազմված ընտանիքի միակ աշխատողն է: Ամուսինը երկար տարիներ գործազուրկ է և աշխատելու համար օրերս ստիպված մեկնել է Ռուսաստան:

Նրանց միակ որդին` Արտակը, մայիսին մեկնել է Հադրութ՝ զինվորական ծառայության: Արտակն ինքն է ցանկացել ծառայել Արցախում: Որդու բարեխիղճ ծառայության համար Ռոզետան և ամուսինը՝ Ռուդիկ Ավետյանը, արդեն ստացել է զորամասի հրամանատարության շնորհակալագիրը:

Ռոզետան ասում է, որ գյուղապետ Կամո Սիմոնյանը տարիներ շարունակ իրեն զրկել է արժանապատիվ ապրելու, նաև իր աշխատանքային ընկերների հետ հավասար պայմաններում աշխատելու իրավունքից: «Գյուղապետից վախենալով` մանկապարտեզի աշխատողները խուսափում են ինձ հետ բացահայտ շփումներից»,- ասում է հաշմանդամը:

Փետրվարի 9-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի ընդունելությանը ներկայացած Ռոզետան մարզպետին պատմում էր, որ մտավախություն ունի, թե Կամո Սիմոնյանը 2-րդ հերթը կփակի, և ինքը կմնա առանց աշխատանքի:

«Կամո Սիմոնյանը անընդհատ մեր մանկապարտեզի տնօրենին հորդորում է. «Գնացեք Ռոզետային ասեք, որ մենք նախ մանկապարտեզի 2-րդ հերթը փակելու ենք, ինքը չի աշխատելու, դուրս է մնալու աշխատանքից»: Նա չի մոռանում, որ ես իրեն գյուղապետ չեմ ընտրել»,- մարզպետին պատմում էր Ռոզետան և խնդրում նրա աջակցությունը:

Ռոզետան պատմեց, որ Կամո Սիմոնյանը դեռ 2005 թ. խոստացել է մեկ տարվա ընթացքում մեկ դրույքով դաստիարակի աշխատանք տալ իրեն, սակայն խոստումը չի կատարել, որի պատճառով էլ 2009 թ. ինքը Կամո Սիմոնյանին չի ընտրել գյուղապետ: «Ես եմ գյուղապետին ասել, որ իրեն չեմ ընտրել»,- ասում է Ռոզետան:

Վերջինս դեռ 2005 թ.-ից գյուղապետին գրավոր դիմումներ է ուղղել մեկ դրույքով աշխատանք ստանալու համար: Մինչև 2009 թ. դիմումներին գյուղապետի պատասխանները հուսադրող մերժումներ են եղել: «Հնարավորության դեպքում կբավարարենք Ձեր խնդրանքը»,- պատասխանել է Կամո Սիմոնյանը:

Ռոզետայի դիմումներին գյուղապետի արհամահական մերժողական պատասխանները սկսվել են 2009 թ.: Ռոզետան 2009 թ. օգոստոսին գրավոր դիմումով գյուղապետին խնդրել է իրեն փոխարինող դաստիարակ նշանակել արձակուրդ մեկնող դաստիարակ Ն. Մարտիրոսյանի փոխարեն:

«Մինչ այս դիմումը գրելը ես մոտեցա մանկապարտեզի տնօրենին և ասացի, որ ես ուզում եմ փոխարինել արձակուրդ մեկնող դաստիարակին: Տնօրենն ինձ ասաց, որ դրա համար պետք է ստանա գյուղապետի համաձայնությունը: Կամո Սիմոնյանն ասել էր` ոչ, Ռոզետան չի աշխատելու»,- պատմում է կինը:

Գյուղապետին ուղղված դաստիարակի դիմումին մանկապարտեզի տնօրենը գրավոր պատասխանել է. «Մինչև Ձեր դիմումը ինձ մակագրելը, ես ընդունել եմ այլ ժամանակավոր փոխարինող դաստիարակ»:

Ստեղծված իրավիճակում Ռոզետան մտածել է, որ գուցե մեկ դրույքով դաստիարակ աշխատելու իր խնդրանքը մերժվում է՝ հաշմանդամ լինելու պատճառով: Նա 2009թ. դեկտեմբերին գյուղապետին դիմումով խնդրել է փոխել իր աշխատանքի բնույթը կամ մանկապարտեզում բացել հոգեբանի հաստիք ու իրեն նշանակել այդ աշխատանքում:

Այս անգամ էլ Կամո Սիմոնյանը պատասխանել է. «Վկայակոչելով մանկավարժական Ձեր բարձրագույն կրթությունը, Դուք պահանջներ եք դրել` հավակնելով մանկապարտեզի վարիչի կամ գյուղապետարանում որևիցե մեկ այլ հաստիքային միավորի պաշտոնին, որպիսիք եղել են զբաղված: Ինչ վերաբերում է հոգեբանի հաստիք ստեղծելու և այն համատեղությամբ Ձեզ տրամադրելու մասին ձեր պահանջին, ապա այն բավարարել հնարավոր չէ»:

Հաշմանդամ կնոջ՝ իր մասնագիտությամբ մեկ դրույքով աշխատելու խնդրանքը մերժելուց հետո Կամո Սիմոնյանը 2009 թ. երաժշտական գիտելիքներ և նախադպրոցական աշխատանքի փորձ չունեցող իր կնոջը` Գրետա Մկրտչյանին, գյուղապետարանում նշանակել է կոորդինատոր՝ գյուղի երաժշտական դպրոցի և մանկապարտեզի աշխատանքները կոորդինացնելու համար:

Գյուղապետը 2010 թ. իր տեղակալ Անուշ Կիրակոսյանի մորը` Էլիչկա Կիրակոսյանին, աշխատանքի տեղավորելու նպատակով 35 հազար դրամ աշխատավարձով լվացք անողի հաստիք է հատկացրել մանկապարտեզին: Կամո Սիմոնյանը հաշվապահի հաստիք է բացել նաև Վանաձորի մանկավարժական ինստիտուտի հեռակա բաժնում սովորող Անի Վարդևանյանի համար:

Իսկ Ռոզետան մեկ դրուքով դաստիարակ աշխատելու իր երազանքով մնացել է լուսանցքում: Հաշմանդամ կնոջ վիրավորանքը, սակայն, անսահման է դարձել, երբ կարդացել է զինվոր որդուն տարեմուտի մի փոքր ծանրոց ուղարկելու համար համայնքի բյուջեից 30 հազար դրամ օգնություն ստանալու խնդրանքով 2011 թ. դեկտեմբերի 20-ին գյուղապետին իր ուղղած դիմումի պատասխանը: «Համայնքի ղեկավարի առաջարկով ավագանին համայնքի բյուջեից դրամական օգնություն 10 հազար դրամի չափով ցուցաբերում է միայն սոցիալապես անապահով ընտանիքներին: Ձեզ դրամական օգնություն, այն էլ 30 հազար դրամի չափով տրամադրվել չի կարող, որովհետև Ձեր ընտանքը այժմ բաղկացած է 2 անձից, Դուք աշխատում եք համայնքի մանկապարտեզում, իսկ Ձեր ամուսինը մեկնել է արտագնա աշխատանքի: Ինչ վերաբերում է Ձեր տղայի բանակում ծառայելուն, ապա Ձեզ որպես ի գիտություն տեղեկացվում է, որ ՀՀ բանակը գտնվում է պետության հովանու ներքո և զինծառայողների ամբողջ կարիքները հոգում է պետությունը»:

Աքորի համայնքի ավագանու անդամ Վեներա Նիազյանը «Հետքին» տեղեկացրեց, որ Ռոզետա Սիմոնյանի դիմումը մերժելուց հետո, 3 ավագանու ճնշման արդյունքում, Կամո Սիմոնյանը համաձայնել է զինվորի մորը հատկացնել 10 հազար դրամի օգնություն, որից, սակայն, Ռոզետա Սիմոնյանը հրաժարվել է:

Մեկնաբանություններ (7)

SARGIS
Մեկնաբանությունը... գյուղապետ ես չզարմացա դաստիարակչուհի Ռոզետային դրամական օգնությունը մերժելու համար, գյուղի դավաճանից էլ ինչ սպասեինք գուցե մի օր էլ հայրենիքը դավաճանի, ամեն ինչ սպասելի է նմաններից:
R.D. HAMAGYUXACI
Մեկնաբանությունը.. Թոմոյան ձեր մեծահոգությունը Ձեզ պահեք մարդկանց թիկունքից մի խփեք
Ա. Թ.
Ցավում եմ, որ սխալ եմ հասկացվել կամ միտքս չեմ պարզաբանել; Վատն այն է, որ մենք չենք կարողանում մեր հարցերը մեր մեջ լուծել;Բոլորս լավ գիտենք, որ Ռոզետան շատ բարեկիրթ և հոգատար դաստիարակչուհի է, սիրված երեխաների և ծնողների կողմից;Բայց երբևէ մեր ավագանին գյուղապետին հարց տվել է, թե ինչու է ողջ մանկապարտեզում բարձրագույն կրթություն ունեցող միակ մարդու հետ այդպես վարվում; Կամ դուք, հոգնակիով հանդես եկողներ, մինչև տնօրենի ընտրությունը քանի անգամ եք խմբով մտել գյուղապետարան և պահանջել կամ հորդորել, որ չանտեսի գյուղի ցանկությունն ու ուսուցիչների կարծիքը??Գուցե կհասկանայիք իրար;Եվ այդ դեպքում երեխաները մեկ ամսից ավելի դասերից չէին զրկվի, ուսուցիչներն էլ իրենց աշխատավարձը,որ առանց այդ էլ չնչին է, չէին կորցնի; Թե չէ հեշտ է ծածկանունի տակ մեծ-մեծ խոսքեր ասելը; Այո, ես չեմ ուրախանում, որ բոլորի խոսակցության առարկան դարձանք,ոչ մեկին էլ չեմ ասում, որ իմ կարծիքը կիսի; Ինչ վերաբերում է ուսուցիչների արժանապատվությանը, գոնե իրենք լավ պետք է հիշեն, թե ինչքան նախանձախնդիր եմ եղել այդ հարցում, և ինչքան էլ քարկոծվել եմ իրենց նկատմամբ անարդարացի լինողների կողմից;
aqorecimer
Տիկին Թոմոյան, մեր գյուղի բարի համբավը ի հակառակ Ձեզ շատ բարձր է: Եթե մեր գյուղացիները իրենց արժանապատվության համար պայքարում են, դա նշանակում է գյուղի բարի համբավը ընկնւմ է, հա?: Ուշադիր եղեք, ովքեր են գյուղի բարի համբավը գցում : Բանից պարզվում է Կամո Սիմոնյանը գյուղապետի քո իդեալն է եղել, մենք է էլ բեխաբար ենք: Ձեր կարծիքով գյուղի համբավը դպրոցի ազնիվ ուսուցիչներն ու 10 տարուց ավելի մեր ցինիկ գյուղապետի կողմից հալածքների ենթարկվող դաստիարակչուհին է հա գցում: Ողջամիտ եղեք , տ. Թոմոյան, անհարմար է:
Ասյա Թ.
Սիրելի համագյուղացիներ, հիմա բոլորիս խնդիրը պետք է լինի մեր դպրոցի ու գյուղի բարի համբավը վերականգնելը, ոչ թե գյուղապետի դեմ նախընտրական սև քարոզարշավ սկսելը;
Aqoreci ner
Կամո Սիմոնյանի համար գյուղի բյուջեն իր մասնավոր սեփականությունն է: Աքորիցիներս մտածում ենք , թե պատվազրկված Կամոն չի կարողանալու իշխանությունների համար մայիսի ընտրություններին ձայն հավաքել: Կամո ինքն `էլ գիտի, որ գյուղում իրեն մարդատեղ դնող չկա: Դրա համար էլ էսօր բյուջեի փողերը դրած բաժանում աղքատ խավին, որ ընտրություններին իր ուզածն անեն:: Ինչ գնում ա զինվորի մորը օգնելու մասին, ապա ասենք, որ Ռոզետան շատ բարեխիղճ և լավ դաստիարակ է, նրան մեկ դրույք աշխատանք տալ արժե:: Հարգելի գիտեք գյուղափետի կնիկը ոնց է կորդինացնում աշխատանքները, գնում ա մանկապարտեզի վարիչի կամ մյուս աշխատողների հետ կոֆե ա խմում, բամբասում է, հանգստանում է, հետո գնում ա իրա տուն: Սա է նրա աշխատանքնը: Էնպես որ մեր Կամոն համայնքի բյուջեի փողերով արդեն մայիսի ձայները առնում ա: Բա սենց գյուղապետին իշխանությունը կասի ? աչքիդ վերևը ունք կա: Կամոն էլ իր քեֆով ապրում ա, կյանքն ուրախ , ապրուստը ձրի: Գյուղումը ինչքան հարամ գործ ա լինում, ուրեմն էդ գյուղապետ Կամոն ա սարքած լինում: Կամոն հարամ մարդ ա:
ARMEN
VONC EREVUM E; AJS GJUXI GJUXAPET@ PATUHAS E GJUXACIERI GLXIN: AQORIN DARDZREL E PROBLEMNERI KCIK:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter