HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ձերբակալվել է Արմեն Աշոտյանի նախկին վարորդն ու օգնականը

Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) քննվող քրեական գործի շրջանակներում վատնման եղանակով խոշոր և առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակությանն օժանդակելու կասկածանքով ձերբակալվել է Արամ Բարսեղյանը:

Ինչպես հաղորդում է ՀՔԾ մամուլի ծառայությունը, վերջինս կասկածվում է քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով /2 դրվագ/ և 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված այն հանցավոր արարքների կատարման մեջ, որ 2009-2016թթ-ին, զբաղեցնելով կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի վարորդի, այնուհետև՝ օգնականի պաշտոնները, օգտագործելով իր ունեցած ծառայողական դիրքը և դրանից բխող ազդեցությունն ու կապերը, 2009-2016թթ-ին «Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում ապօրինի ձևակերպվել է որպես պահակ և բանվոր, 2011-2016թթ-ին ԿԳՆ «Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում՝ որպես վարորդ, իսկ 2016թ.-ի մարտ ամսից՝ Ա. Աշոտյանի աշխատանքից ազատվելուց հետո, վերջինիս միջնորդությամբ 2016-2017թթ-ին որպես վարորդ է ձևակերպվել «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ում:

Ըստ հաղորդագրության՝ 2009-2017թթ.-ի ընթացքում Ա. Բարսեղյանը, ձևակերպված լինելով վերոնշյալ հաստիքներում, որևէ անգամ աշխատանքի չի հաճախել, այլ շարունակել է կատարել Ա. Աշոտյանի օգնականի և վարորդի պարտականությունները, ընդհանուր առմամբ ստացել է 8 մլն 734 հազար դրամ գումար, ինչով օժանդակել է պետական բյուջեից տրամադրված միջոցներից հիշյալ ՊՈԱԿ-ների ղեկավարների կողմից խոշոր և առանձնապես խոշոր չափերով գումարների վատնմանը:

Նախաքննությունը շարունակվում է: 

Արձագանքելով իր նախկին վարորդի և օգնական ձերբակալմանը՝ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՀՔԾ-ն քրեական գործերից մեկով քիչ առաջ ձերբակալել է իմ վարորդ, իմ օգնական, իմ ընկեր Արամ Բարսեղյանին, ում մեղադրում են պետական միջոցների վատնման մեջ:

Դա արվել է մի գործի շրջանակներում, որը արդեն մի քանի ամիս է, ինչ հարուցված է, և այդ ընթացքում Արամը բազմիցս բացակայել է երկրից և վերադարձել՝ լավ հասկանալով, որ հետապնդման վտանգ կա:

Այն, որ իմ և իմ շրջապատի հանդեպ «կեղտ որոնելու» աշխատանքները տարվում են իշխանափոխության հենց սկզբից, ես վաղուց գիտեի: Տեսնելով, որ ուղղակի ինձ վրա գործ սարքել չի ստացվում, այս իշխանություններն անցել են իմ ընկերներին և բարեկամներին:

Վարդավառին խալի լվալու համար մեկ օրում 5 000 000 դրամ մսխած իշխանությունները, որոնք իրենց ապիկար և անպիտան կադրերին տասնյակ միլիոնավոր ապօրինի պարգևավճարներ են բաժանել, որոնք պետական բյուջեի հաշվին ընտանեկան շռայլ շրջագայություններ են անում, որոնք իրենց ծանոթ-բարեկամներին բերել-խցկել են ԱԺ և կառավարություն, իմ օգնականին մեղադրում են, որ 2009-2016 թվականներին բանվոր կամ էլի վարորդ է ձևակերպված եղել՝ օրուգիշեր իր աշխատանքի համար մի քանի տասնյակ հազար դրամ ավել վաստակելու համար:

Արամը համեստ կենցաղով, համեստ պահվածքով հայ մարդ է: Իմ գործընկերներից շատ-շատերը, այդ թվում՝ այսօրվա ԱԺ-ում և Կառավարությունում աշխատող, գիտեն այդ մասին: Եթե ապացուցվի, որ Արամ Բարսեղյանը վնաս է տվել պետական բյուջեին, միանշանակ է, որ այդ գումարը կվերականգնվի ժամանակին և ամբողջությամբ, իմ և իր այլ ընկերների օգնությամբ:

Իմ մտերիմ մարդու ձերբակալությունը բացառապես քաղաքական է և ուղղակիորեն կապված է իմ անձի հետ: Իմ հնչեցրած փաստարկված քննադատությանն իշխանությունը պատասխանում է նման ցածր, էժան քայլերով՝ փորձելով ինձ լռեցնել իմ մերձավորների նկատմամբ քրեական հետապնդման միջոցով։

Ակնհայտ է, որ տվյալ հանձնարարականը տրվել է հենց Նիկոլ Փաշինյանի կողմից:

Չի հաջողվելու։

Լսեք, ձեզ ինչ եմ ասում. եթե իմ հետ հարց ունեք, եթե ես եմ ձեզ խանգարում, եթե իմ “հախից եք” ուզում գալ, բարի եղեք իմ հետ էլ ձեր հարցերը լուծեք: Թե չէ հարազատներիս նման կերպով ներքաշելը ո՛չ մարդկային է, ո՛չ տղամարդկային, ո՛չ էլ բարոյական: Իսկ իրավական դաշտում՝ նաև խոցելի:

Հայտնում եմ նաև, որ Արամի պաշտպանությունը իրականացնելու է փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

Դեռ այսքանը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter