«Հայացք». Հրազդանի ընտրությունների առիթով ընդամենը երկո՞ւ հաղորդում է եղել
Հաղորդում հանցագործության մասին
Ըստ ՀՀ ոստիկանության 12.02.2012 թ. պաշտոնական տեղեկատվության` Հրազդանի քաղաքապետի «ընտրությունների ընթացքում լուրջ միջադեպեր չեն արձանագրվել: Միայն ոստիկանության Հրազդանի բաժնում ընտրությունների վերաբերյալ ստացվել է երկու հաղորդում: Կատարվում է քննություն»:
Կարծես թե արդեն պարզ է, թե վերոնշյալ հաղորդումներից մեկին ինչ ընթացք է տրվել: Հաջորդ օրը, ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, Հրազդան քաղաքային համայնքի ղեկավարի ընտրությունների ժամանակ թիվ 25/22 ընտրական տեղամասում այլ անձի փոխարեն քվեարկության փորձ կատարելու դեպքի առթիվ ոստիկանության Կոտայքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:
Մյուս հաղորդման ճակատագիրը դեռ հայտնի չէ: Բայց մի՞թե իրավապահների ուշադրությանն արժանի ընդամենը երկու դեպք է եղել: Ստորև ներկայացվող տեղեկությունները հաղորդում են հանցագործությունների, ընտրախախտումների մասին: Հետաքրքիր է` ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, ոստիկանությունը և գլխավոր դատախազությունը տեղյա՞կ են ԶԼՄ-ներում ավելի վաղ հրապարակված ու ստորև ներկայացվող տեղեկատվությանը, եթե տեղյակ են, հանցագործությունների մասին հաղորդումների կապակցությամբ ի՞նչ են ձեռնարկել: Այս առումով սպասում ենք նրանց պատասխանին, իսկ սույն հաղորդման առնչությամբ` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված համապատասխան որոշմանը:
Ըստ Հրազդան քաղաքային համայնքի թեկնածու Արամ Դանիելյանի լրատվական գրասենյակի փետրվարի 12-ի հաղորդագրության` հրապարակված «Հետք» էլեկտրոնային թերթում նույն օրը, իրենց ունեցած հստակ տեղեկատվության համաձայն` ընտրական տեղամասում հոսանքազրկման հեղինակը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Գեղամա» մասնաճյուղի տնօրեն Վարդան Ջհանգիրյանն է (հանրահայտ Գագիկ Ջհանգիրյանի եղբայրը): Ըստ «Հետք» էլեկտրոնային թերթի նույն օրվա «Հրազդանում ամփոփվում են արդյունքները, խուլիգանական դրսևորումներ և հոսանքազրկված ընտրատեղամասեր (վիդեո)» հրապարակման` Հրազդանի «25/04 և ևս 2 ընտրատարածքներում (խոսքը, հավանաբար, ընտրատեղամասերի մասին է) արդյունքների ամփոփման նախնական փուլում հոսանքազրկվել է տարածքը»:
Նույն թերթի ժամը 21:04-ին թողարկված նույն հրապարակման համաձայն` «Շարունակ խցիկներին են մոտենում 2 և ավելի անձինք` օգնելու պատճառաբանությամբ: Քիչ առաջ «Հայկական ժամանակի» լրագրող Կարեն Թովմասյանի, ապա Սասուն Միքայելյանի վստահված անձ Ֆելիքս Խաչատրյանի նկատմամբ խուլիգանական դրսևորումներ են իրականացրել «պապիկին ուղեկցող» երկու երիտասարդներ, ովքեր, համաձայն շրջանառվող լուրերի, ծառայում են խաղաղապահ զորքերում: Տեսագրության մեջ հնչում են նրանց անունները»: Տվյալ նյութում նշված է նաև ընտրատեղամասի համարը` թիվ 25/02: Հիշյալ հրապարակմանը կցված տեսանյութից կարելի է եզրակացնել, որ նրանք իրենց պապիկին չեն ուղեկցել, այլապես ինչո՞ւ պետք է բորբոքվեին և խուլիգանական արարք թույլ տային հիշյալ անձանց նկատմամբ` խոչընդոտելով լրագրողի մասնագիտական գործունեությունը: Ցանկության դեպքում ընտրություն կատարած այդ պապիկի և նրան ուղեկցած երիտասարդների ինքնությունը հնարավոր է պարզել:
«Հետք» էլեկտրոնային թերթի 12.02.2012 թ. «Հարձակում լրագրողի վրա (վիդեո)» համաձայն` «Ըստ ականատեսների` Հրազդանի համատիրություններից մեկն իր գրասենյակից ամբողջ օրվա ընթացքում ընտրակաշառք էր բաժանում 5000 դրամի չափով: Նկատելով լրագրողներին` ընտրակեղծարարները հարձակվել են նրա վրա: Համատիրության վրա փակցված է ՀՀԿ-ի լոգոտիպը կրող դրոշ: «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը տարածել է տեսանյութ»:
Նույն թերթի 12.02.2012 թ. «Ընտրողը ընտրակաշառք է բաժանում (վիդեո)» հրապարակման և դրան կցված տեսանյութի համաձայն` ընտրողներից մի կին 25/19 ընտրատեղամասում ընտրակաշառք է պահանջել (տեսանյութում հստակ երևում է այդ կնոջ պատկերը, որն ընտրություն կատարել է, և, բնականաբար, ընտրատեղամասում գրանցվել են նրա անձնագրային տվյալները), նաև հայտարարել, որ բոլոր ընտրողներին (նշում է որոշակի հասցե` 26/43, անուն-ազգանուններ` Հայրապետյան Էդգար, Զաքարյան Մերի) 5000-ական դրամ գումար են բաժանել, բայց իրեն չեն տվել:
Հրազդան քաղաքային համայնքի թեկնածու Արամ Դանիելյանի լրատվական գրասենյակի 12.02.2012 թ. տարածած մեկ այլ հաղորդագրության համաձայն` հրապարակված նաև հիշյալ թերթում, «Փետրվարի 12-ին «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը Հրազդան քաղաքային համայնքի թեկնածու Արամ Դանիելյանի գրասենյակից գողացել է վստահված անձանց անձնական բնույթի փաստաթղթեր», «25/19 տեղամասում Սասուն Միքայելյանի կողմնակիցներից մեկը փորձել է ուրիշի անձնագրով քվեարկություն կատարել, որը կանխվել է Արամ Դանիելյանի վստահված անձի կողմից»:
Ենթադրելի է, որ վերոնշյալ հաղորդումներից որոշներն իրականությանը չեն համապատասխանում, սակայն ճշմարտությունը պարզելը և, եթե ակնհայտ սուտ մատնության հանցակազմ կա, մեղավորներին պատասխանատվության կանչելը իրավապահ մարմինների խնդիրն է:
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել