HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Ավագյան

«Չեզոք տուն». ինքնությունը վերագտնելու վերջին հնարավորությունը

Թուրքական  իշխանությունների որոշմամբ՝ 1915թ.-ի Ցեղասպանությունից հետո  թուրքերի և քրդերի տներում պահված հայ որբերի և հարեմներում գտնվող հայ կանանց հետագա ճակատագիրը պիտի որոշեր թուրք ոստիկանությունը («Ճակատամարտ», 1918 թ. դեկտեմբերի 21) : Երբ հայ երեխաների հարազատները կամ ծանոթ հայեր  երկար փնտրտուքից հետո որևէ թուրքի տանը հայտնաբերում էին թրքացած հայ որբուկի և ոստիկաններից պահանջում նրան վերադարձնել հայկական համայնքին, վերջիններս ամեն պատրվակ ստեղծում էին՝ հայ երեխային չհանձնելու համար: Թուրքական իշխանությունները պնդում էին, որ նրանց վերադարձնելու անհրաժեշտություն չկա, քանի որ վերջիններս արդեն թրքացած են, մահմեդականություն են ընդունել, այսինքն՝ իրենց հայկական ինքնություն չեն զգում:  
Կիլիկիայի ջարդերին, ապա Ցեղասպանությանը հաջորդող յուրաքանչյուր տարին փոքրիկներին կամ մահմեդական միջավայրում ապրող հայերին ավելի էր հեռացնում արմատներից:

1919 թ. ապրիլին, Դաշնակից պետությունների նախաձեռնությամբ, որոշվեց ի մի բերել  ցրված որբերին, հավաքել նրանց Ստամբուլում, չեզոք մի վայրում: Էդիրնեում, Բուրսայում, Քոնիայում և Քըրքլարելիում թողեցին մեկական որբանոցներ, մյուս որբանոցներում ապաստանած երեխաներին տեղափոխեցին Ստամբուլ: Թուրք որբուկները  հանձնվելու էին Օսմանյան անվտանգության տնօրինությանը, իսկ հայ մանուկները` Պոլսո հայոց պատրիարքարանին: Այդ նպատակով Ստամբուլի Նիշանթաշ թաղամասում մի տուն վարձակալվեց:  Չեզոք այդ վայրը այդպես էլ կոչվեց՝  «Չեզոք տուն» :

«Չեզոք տանը»՝ ի թիվս այլոց, աշխատում էր գրող, Կիլիկիայի ջարդերից հետո  իրեն որբախնամության նվիրած  Զարուհի Պահրին:
Մայրիկիս՝ ազգագրագետ Իոննա (Նոնա) Ավագյանի արխիվում պահպանվում է Զարուհի Պահրիի դստեր՝ փարիզաբնակ Անահիտ Դավիթյանի նամակը՝ ուղղված մայրիկիս:

Դատելով նամակի նախաբանից՝ մայրիկս Անահիտ Դավիթյանին նամակ էր գրել՝ խնդրելով պատմել մոր մասին: Նամակը հետաքրքիր է՝ որպես վավերագրություն  «Չեզոք տան» ու, առհասարակ, Ցեղասպանությունից հետո հայ որբերի, կանանց վիճակի մասին:
Նամակը մեքենագիր է: Տպագրում ենք աննշան կրճատումներով:

«Փարիզ, 18 յունուար, 1988
Թանկագին հայրենակցուհի՝ Նոնա Ավագյան

…1909-ի Կիլիկիոյ ջարդերուն շրջանին մայրս՝ 29 տարեկան, կամաւոր կերպով շատ աշխատեցաւ Պոլսոյ մեր շրջանին մէջ հաստատուած որբանոցին մէջ պատսպարուած որբուհիներու կազմակերպութեան, սակայն «Չէզոք տունը» 1919-21 շրջանին էր:
«Չէզոք տունը» իր տեսակին մէջ մէկ հատիկ կազմակերպութիւն մըն էր, որ ստեղծուեցաւ 1919-ին, Կ. Պոլսոյ պատրիարքին նախաձեռնութեամբ եւ Բրիտանական դեսպանատան վերին հովանավորութեան տակ: Անոր նպատակը բոլորովին տարբեր էր Պոլսոյ զանազան կողմերը գտնուող որբանոցներէն, ուր ապաստան տրուած  էին ջարդերէն ազատուած տաս-հազարներով գաւառներէն ժողովուած որբուկներուն: Այս փոքրերը հաւաքելու պարտականութիւնը յանձնուած էր «որբահաւաք» կոչուող կամաւոր  կամ վճարովի երիտասարդներու, որոնք բրիտանական դեսպանատան արտոնութիւնով կրնային երթալ ու մտնել ամեն ուր որ կը կարծուէին գտնուիլ հայ մանչեր ու աղջիկներ, թուրք ընտանիքներու կամ հաստատութիւններու մէջ:

Այդ փոքրերը կը յանձնուէին հայ իշխանութիւններուն եւ կը տեղաւորուէին առ որ անկ էր:
Սակայն ասոնց մէջ կը գտնուէին 6-էն 20, 21 տարեկաններ, որոնք չէին ուզեր ընդունիլ իրենց այդ ծագումը՝ դրդուած ըլլայ վախէ,  ըլլայ իրենց նոր ընտանիքին հանդեպ սէրէ կամ երեխտագիտութենէ, երբեմն ալ հիշողութեան դժվարութենէ- մանաւանդ շատ փոքրիկներու համար, որոնց ծագումին համար սակայն կ’լլային  քրիստոնեայ խանութպաններու վկայութիւններ: Այսպիսի պարագաներն էին, որ կը բերուեին «Չեզոք տուն» անուանուած այս փոքր տան մէջ ապրելու համար հանդարտ եւ սարսափներէ հեռու տասնհինգ օրուան համար հայ կյանք մը. հայ ու թրքուհի մեկ-մեկ տնօրինուհիի հսկողութեան ներքեւ:

Այս փոքր հաստատութեան վերին պատասխանատուութիւնն ու կազմակերպութիւնը յանձնուած էր մօրս՝ Զարուհի Պահրիի՝ ինչպես արդեն յիշեցի, Պոլսոյ պատրիարք հօր կողմէ: Մայրս մօտեն կը հետեւեր պատսպարեալներուն համար ստեղծուած կեանքին, խօսակցութիւններուն՝ որոնց միջոցին ջանք կը տարուեր յիշեցնել փոքրերուն իրենց անցեալ կեանքի դրուագները, եկեղեցի, դպրօց, ընտանեկան ապրելակերպ եւ այլն: Մենք ալ՝ քոյր, եղբայր՝ տակաւին դպրօցական, ազատ պահերնուս կը եևթայինք խաղալ իրենց հետ: Տասնհինգ օրերէն վերջ հասած ըլլալով որոշ եզրակացութեան, փոքրիկին պատմութիւնը կամ խօստովանութիւնը կը ներկայացուեր քննիչ մարմինին, վօր կը բաղկանար մեկ անգլուհիե –նշանակուած Բրիտանական դեսպանատունէն- մեկ թրքուհի հանըմէ մը՝ նշանակուած թուրք պատասխանատուներէն եւ հայ տիկինե մը՝ մօրմէս, նշանակուած հայոց պատրիարքարանեն: «Հայ» ապացուցուած ենթակաները կը յանձնուեին ազգային մարմիններուն , իսկ թուրք ապացուցուածները կը ղրկուէին ետ՝ զիրէնք որդեգրողներուն: Երբեմն հարկ կլլար մի քանի օր երկարել մնալու շրջանը՝ ավելի յստակացնելու համար պատմութիւնը:

Այսպես է, որ կը ներկայանայ 300 որբերու թիվը, մինչ այդ 1918-19 թուականին գաւառներէն Պոլիս եկած որբերու թիւը բազմաթիւ հազարները կը անցնէր:

Ամբողջացնելու համար մօրս մասին այդ բաժինը՝ ան այդ թուականներուն ձերբազատուած զաւակներուն հանդէպ իր պարտականութիւններէն, կը տրամադրէր իր ամբողջ ժամանակը հայ որբ-որբուհիներու՝ ի նպաստ աշխատանքներու: Ատենապետուհին էր նաեւ Պոլսոյ «Շիշլի Նշան-Թաշ» արուարձանին, «Հայ կարմիր խաչի» միութեան , որուն կեդրոնն էր Բերա, տիկին Մարի Ստամպուլեանի ատենապետութեան տակ: Այս «Շիշլի Նշան-Թաշ» հայ բարեկեցիկ ընտանիքներեն բնակուած թաղին մէջ յաջողած էր գործի լծել շատ մը աշխատասէր ու նուիրուած տիկիններ: Ասոնց աջակցութեամբ մեջտեղ հանած էր բոլորովին արդի փոքր հիւանդանոց-մայրանոց մը, տեղւոյն նուիրուած բժիշկներու համագործակցութիւնն ալ վայելելով- յիշածներս՝ Տքթ. Յաղուպեան՝  վիրաբոյժ, եւ Տքթ. Գասապեան՝ ընդհանուր հիւանդութեանց մասնագետ:

Այս նույն շրջանին հիմը դրաւ նաեւ «Հայ կանանց տա». փոքր ընտանեկան «օճախ» մը այն երիտասարդուհիներուն համար, որոնք «Չեզոք տունին» ճամբով կու գային «հարեմներէ», բաժնուած, երբեմն ճօխ պայմաններու մէջ ապրուած կեանքէ մը կամ սիրուած ամուսինէ մը:
Մղուած ազգասիրութենէ, այս երիտասարդ կիները՝ ձգելով կը հեռանային այդ հաճելի պայմաններէն, ու կապրեին իրական ողբերգութիւններ: Ասոնց համար այս «օճախ»-ին մէջ կը  ջանացուէր ստեղծել ավելի ընտանեկան պայմաններ: Առաւօտուն խմբովին կ՜ երթային Բերա «Երրորդութեան եկեղեցիին» շրջափակին մէջ ( կարծեմ տիկին Գայսերլեանի կողմէ հիմնուած) ձեռագործի արհեստանոց մը՝ սորուելու համար արհեստ մը իրենց ապագան ապահովող:

Այս «տունն» ալ կը վայելէր հովանավորութիւնը «Հայ կանանց միութեան», որուն հիմնադիրներէն էր մայրս և որուն անդամ էին Պոլսոյ մտաւորական տիկինները-Հայկանուշ Մառք, Անայիս, տիկին Գալեմքերեան եւ այլն, եւ այլն:
Այս «տունեն» էր, որ շատ անգամ ամերիկահայ կամ պոլսահայ ազնիւ երիտասարդներ կու գային ընտրելու իրենց կեանքի ընկերուհիները, երբեմն ի՛նչ ազնիւ զգացմունքներու ապացույցները տալով:

Այսօրուայ Միացեալ նահանգներու հայութեան նախկին սերունդը կազմող երիտասարդներէն, կրնանք ըսել, տարեցներէն, քանի-քանի հատը զաւակներն են Միացյալ նահանգները գացած նախկին որբուհի հարսերու:

Նամակս եղաւ շատ երկար, որովհետեւ տարուեցայ տալու մօրս մասին այս ճշտումները, որոշեցի օրինակ մըն ալ ղրկել Սուրեն Նադրյանին՝ «Զարուհի Պահրիի» իր մօտ հաւաքուող ֆոնտին կցելու համար:

Գրած էիք, որ գիրս կարդալու դժուարութիւն էիք ունեցած: Ձեր գիրը իրապես շատ կանոնաւոր է եւ գեղագրական. ներողամիտ կ՜ըլլաք , որ մեքենագրութիւնս ալ կատարեալ չէ: Բայց ինծի համար պարունակութիւնն է կարևորը ու այդ ուզեցի տալ:
Սեդա Շահինեանը ըսաւ, որ Ուրֆայի ձեռագործ պիտի ուզեիք ունենալ թանգարանին համար: Գիտեմ, որ շատ դժուար է գտնել անոնցմէ, եւ, թէեւ հիմա մեր շրջանակը սահմանափակ է, սակայն եթէ գոնէ գեղեցիկ լուսանկարներ կարենամ ձեռք բերել, պիտի ջանամ:

Շատ յուզեացայ՝ կարդալով Ձեր մկարագրութիւնը՝ տրուած «Հայրենքի ձայնին» մէջ: Կարդացած էի թերթի մը մէջ, որ Գերմանացիի մը հետ ամուսանացած  հայուհի մը, կարծեմ նախկին օր. Հայտոսթեան, 200 կտոր ձեռագործներ ղրկած էր Պատմութեան թանգարանին:
Շատ ուրախ եղայ՝ կարդալով այդ և կը յուսամ, որ նոր նուիրատուներ կը հասցնեն Ձեզի նույն տեսակի թանկագին նուէրներ:
Ես ալ պիտի ջանամ շարունակել իմ սահմանափակ չափովս:

Անգամ մը եւս ներողամիտ կ՜ ըլլաք նամակիս երկարութեան եւ ուշացումին:
Սեդա Շահինեանը մեզի դրացի է ու յաճախ կը խօսինք միասին հայրենիքի մասին, որուն կարօտը շատ զգալի է իր մօտ …
Նոյնիսկ կարենալ խօսիլ այդ մասին այստեղի ընկլուզող կեանքին մէջ:

Յ.Գ. Այդ շրջանին մայրս կաշխատակցեր նաև Հայկանուշ Մառքի «Հայ կին» պարբերաթերթին՝ իր Փարիզ ուսանելու ղրկուած աղջկա ուղարկուած նամակներով:
Սիրով ու ակեղծ մաղթանքներով՝ ամոսնոյս ու իմ կողմէ՝ Անահիտ Ն. Դավիթեան»:

Lուսանկարները՝ ԳԱԹ արխիվից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter