HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Հայոց պատմության» երկու դասագիրք դեռ չի տպագրվել. նախարարն ասում է՝ Մարտի 1-ի դեպքերի, ընտրությունների հարցում անհամաձայնություններ կան

Առաջիկա ուսումնական տարուն ընդառաջ դպրոցական ծրագրերի համար անհրաժեշտ 38 անուն- դասագրքերն արդեն տպագրվել են, սակայն հայոց պատմություն առարկայի երկու դասագիրք առայժմ չի տպագրվել: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

«Ներկայում հայոց պատմության դասագրքերի բովանդակությունն է քննարկվում: Շատ բարդ քննարկումներ են, հանձնաժողովը չի կարողանում եզրակացության գալ, որոշ մասնագետներ 180 աստիճանով տարբեր բաներ են գրում այդ նյութերում, հիմա քննարկվում է, իսկ մնացած բովանդակային հարցերի հետ կապված ասել եմ, որ չափորոշիչներ ու ծրագրեր են մշակվում, ավելի երկար պրոցես է », - ասաց Հարությունյանը:

Մեր հարցին՝ քննարկումները կապված են 2008 թվականի մարտի իրադարձությունների հետ, Հարությունյանը պատասխանեց, որ անհամաձայնությունները կապված են և՛ Մարտի 1-ի, և՛ ընտրությունների, և՛ քաղաքական գնահատականների հետ»:

Հարցին՝  իրադարձությունները «Հայոց պատմության» գրքերում այլ կերպ ներկայացնելու խնդի՞ր կա, Արայիկ Հարությունյանը դրական պատասխան տվեց՝ նշելով նաև, որ ինքը թույլ չի տվել պատմության դասագրքերի տպագրումը, քանի դեռ հանձնաժողովը չի եկել որոշակի եզրակացության: Թե ովքեր են ընդգրկված հանձնաժողովում, որը պետք է որոշի դասագրքերի բովանդակությունը, Արայիկ Հարությունյանը կոնկրետ անուններ չնշեց, սակայն ասաց, որ հայտնի պատմաբաններ են, դասագրքերի հեղինակներ: Նախարարը նաև տեղեկացրեց, որ հանձնաժողովն ինքն է ձևավորել և անհրաժեշտության դեպքում կարող է տրամադրել մասնագետների ցանկը:

Առաջիկա ուսումնական տարվա մեկնարկին 15 օր է մնացել: Նախարար Հարությունյանը, սակայն վստահեցնում է, որ հայոց  պատմության դասագրքերի ուշ տպագրությումը չի ազդի դասապրոցեսի վրա: Նախարարը պարզաբանեց, որ դասագրքերը տպագրվում են յուրաքանչյուր կիսամյակի համար առանձին, և «հայոց պատմության» այն թեմաները, որոնք խնդրահարույց են, պետք է ներառվեն երկրորդ կիսամյակի ծրագրում:

Դիտարկմանը, որ Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ քրեական գործը դեռևս քննության փուլում է, և հարցին՝ արդյոք այդ հանգամանքը խնդիր չի՞ առաջացնում այդ իրադարձությունները պատմության դասագրքերում ներառելու առումով, Արայիկ Հարությունյանը պատասխանեց, որ իրենք ուզումնասիրում են  մի շարք երկրների փորձեր:

«Կան երկրներ, որոնք վերջին 20-25 տարիների իրենց պատմական դրվագները չեն ներառում դասագրքերի մեջ: Հնարավոր այնպես լինի, որ մենք կիրառենք այդ փորձը», - ասաց նախարարը:

Արայիկ Հարությունյանի հետ լրագրողների զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter