HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լքված, արհամարհված ու անտեսված սեփական երկրից ու իշխանություններից

«Տիեզերական» ավանը անկման պահին

Թե ժամանակին Գագարինավանը հռչակավոր տիեզերագնացի անունով կոչելիս ինչպես են պատկերացրել նրա ապագան, դժվար է ասել, բայց այսօր մարդիկ այնտեղ ապրում են հարկադրված ու անճարությունից, ապրում են սեփական երկրից ու իշխանություններից լքված, արհամարհված ու անտեսված: Ներկայումս այնտեղից միայն գարշահոտ է «բուրում», եւ օդում կախված է համաճարակի բռնկման վտանգը: Գայի փողոցի թիվ 3 շենքի կոյուղաջրերը տարիներ շարունակ լցվում են նկուղ: Փողոցի ծայրից արդեն կոյուղու նեխած գարշահոտն ուղղակի սեղմում է կոկորդդ, եւ թվում է՝ ուր որ է գիտակցությունդ կմթագնի: Բնակիչները պատմում էին, որ այդ գարշահոտը ջուր չլինելու դեպքում ամբողջությամբ լցվում է տուն, չնայած մյուս օրերին էլ մի բան չէ: Անտանելի է, հատկապես, ներքեւի հարկերի բնակիչների վիճակը: «Պատուհաններն անգամ բացել չենք կարողանում, բայց տարվա այս տաք եղանակին փակ վիճակում ինչպե՞ս մնանք տանը»,-բողոքում է տիկին Անահիտը: Մեզ տեսնելուն պես տներից դուրս թափված ու շենքի մուտքի մոտ հավաքված կանայք միաբերան բողոքեցին, որ իրենցով ոչ ոք չի հետաքրքրվում. «Ամեն տեղ դիմել ենք, բայց ոչ մի արդյունք»,-հավաստիացնում էին նրանք: Ամռան գալու հետ ավանի բնակիչները սարսափով սպասում են նոր համաճարակի բռնկմանը, քանի որ երեխաներից մի քանիսի մոտ արդեն նկատվել էին փորլուծության դեպքեր:

Գագարինավանի շենքերը վթարային են դարձել 1988թ. երկրաշարժի ժամանակ: Երկրաշարժից անմիջապես հետո վթարային շենքերի բնակիչներին տարհանել են՝ խոստանալով նոր բնակարան տալ: Նրանց մի մասը դուրս է եկել, մյուսները գերադասել են իրենց բնակարաններում մնալ: Որոշ ժամանակ անց վերադարձել են նաեւ տարհանվածները՝ նոր բնակարան ստանալու հույսը կտրելով: Տարիների ընթացքում շենքերի ճաքերը գնալով խորացել են: Ինչպես նշում է բնակչուհի Արուսյակ Մխիթարյանը, խորացող ճաքերին գումարվել է նաեւ ձմռան ամիսներին ցրտից հաճախակի պայթող խողովակների խնդիրը, որոնց ջրերը լցվում են շենքի նկուղ եւ վատթարացնում իրավիճակը: Համայնքապետ Գեւորգ Մալխասյանի հետ ունեցած մեր զրույցի ընթացքում փորձեցինք պարզել, թե ինչ ճակատագիր է սպասում Գագարինավանի վթարային շենքերին: «Մենք ի՞նչ կարող ենք անել, հարցը բարձրացրել ենք: Դա պետք է քաղաքաշինության նախարարությունով ու կառավարությունով լուծվի»,-ասաց նա:

Նոր ջրագիծ անցկացնելու նպատակով դեռեւս մեկ տարի առաջ քանդել են ավանի գլխավոր ճանապարհը եւ այդպես էլ թողել առայսօր: Իսկ ճանապարհը բազմաթիվ տեղերից այնպես է հորատված, որ նույնիսկ մասնակի, հետիոտնային օգտագործման համար պիտանի չէ: Այդ ճանապարհը նաեւ ավանի գերեզմանոց տանող միակ ճանապարհն է: «Բա սա վիճա՞կ է, ստիպված ամբողջ ավանով պտտեցրել ենք հանգուցյալին, որ մի կերպ դուրս գանք գերեզմանոցի մոտ: Ուղղակի ամոթ է, բայց իրենք մեկ է՝ չեն ամաչում»,-զայրացած ասում է Բավական տատիկը:

Վատ ջրամատակարարումն ու վատորակ ջուրն էլ իր հերթին է սպառնում բնակիչների առողջ կենսակերպին: æուր նրանք ունենում են օրումեջ՝ 3 ժամ տեւողությամբ: «Աստված ջուր համարի այդ դեղնագույն զանգվածը, որը ստիպված օգտագործում ենք: Ձմռան փայտի ու վառելիքի փոշուց էլ չենք կարողանում ազատվել: Եթե փորձում ենք մի փալաս լվանալ, ջրի աշխատողն է գալիս արգելում, քանի որ հարեւան շենք ջուր չի հասնում»,-պատմում է միայնակ թոշակառու æուլիետա Մաղաքյանը: Նա ապրում է չորրորդ հարկում, ջրաչափ էլ ունի տեղադրած, բայց ջուրը երբեք իր տուն չի հասնում եւ, բնականաբար, ջրաչափն էլ արդյունք չի գրանցել: Մինչդեռ ջրի աշխատողն իրեն հարկադրում է ամսեկան 500 դրամ վճարել' համառելով, որ, այնուամենայնիվ, ինքը ջուր օգտագործում է: «Այո, օգտագործում եմ, բայց օրեկան մեկ դույլ ջուր ինձ հասցնում են ներքեւի հարկի հարեւաններս: Հիմա ես ու՞մ վճարեմ՝ հարեւանների՞ս, թե՞ ջրի մարդուն»,- հարցնում է տիկին æուլիետան:

Գագարինավանում ամեն ինչն է խնդիր՝ թե՛ ջուրը, թե՛ աղբահանությունը, թե՛ շենքերի վթարայնությունը, թե՛ ճանապարհը, թե՛ երիտասարդության անորոշ ներկան ու ապագան, եւ թե՛ տարեցների անճար վիճակը: Արտադրական ձեռնարկությունների վրա հիմնված ավանում այսօր չկա ոչ մի աշխատատեղ: Բնակիչներն էլ մատնված են բախտի քմահաճույքին: Նրանք սեզոնային աշխատանքներ են փնտրում Սեւանի շրջակայքում կամ զբաղվում կարտոֆիլի մշակմամբ, բայց ամենքին չէ, որ դա հաջողվում է: Սոցիալական խնդիրներն այստեղ բազմաբնույթ են, բայց բոլորը միաբերան առաջարկեցին այցելել 78-ամյա Մանե Խառատյանին, որին ավանի թշվառության մարմնացումն են համարում:

Ութ երեխաների մայր Մանե Խառատյանն այսօր մտավոր 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող որդու խնամքին է, որին վերջերս Սեւանի հոգեբուժարանից բերել է, որ աշխատի ու իրեն նեցուկ լինի: Ապրում են Աստծո հույսին՝ մի օր կուշտ, մի օր սոված, իր 6800 եւ որդու 4500 դրամ թոշակներով: Տունը, որն ավելի շուտ լքված կացարան է հիշեցնում, խոնավության, վառարանի մրից ու տարիների փոշուց գոյացած կեղտի հաստ շերտով է պատված. լույսն աղոտ է ներս ընկնում: «Ավանի փողոցներն էի ավլում, ավելի լավ էի մաքրում, քան իմ տունը»,-ասում է նա: Հիմա հայտնվել է անելանելի վիճակում, նպաստի համար դիմել է տարածքային սոցծառայությանը, իր ասելով' բաժնի պատասխանատու Արտակ Վարդանյանը տեսել է նրա պայմաններն ու պատասխանել, որ ստաժ չունի, դրա համար էլ նպաստ չի հասնում: Փոխարենը կտրոն են տվել, որով պետք է օգտվեր Սեւանում գտնվող բարեգործական ճաշարանից, բայց չի կարողացել գնալ-գալ. «Կորչում էի ճանապարհին: Տվածներն էլ ընդամենը մի շերեփ ճաշ էր, էլ չգնացի»,-ասաց Մանե տատիկը:

Կենցաղով՝ գյուղացի, կարգավիճակով՝ քաղաքաբնակ

Կառավարության 2005թ. որոշմամբ Սեւանի վարչատարածքի մեջ, Գագարինավանից բացի, ներառվեցին նաեւ հարակից Ցամաքաբերդ եւ Գոմաձոր գյուղերը՝ Սեւան շրջկենտրոնին տալով քաղաքի կարգավիճակ: Ներկայումս այն ունի 25000 բնակիչ: Քաղաքը դեռեւս հեռու է այդ հասկացության տիպային բնութագրից, որովհետեւ մի քանի բարձրահարկերի առկայությունը չի կարող նրան տալ բնակավայրի այդ տեսակին բնորոշ կացութաձեւ: Ավանդական գյուղական կենցաղով ապրող գյուղին զրկելով հողատարածքներից՝ ներառել են քաղաքի սահմանում:

Ցամաքաբերդն ու Գոմաձորը երկուսն էլ գյուղական բնակավայրեր են իրենց ապրելակերպով, կենցաղավարությամբ, առայսօր չլուծված սոցիալական խնդիրներով: Ցամաքաբերդի վարչական սահմանները վիճելի խնդիր են եղել դեռեւս Խորհրդային Միության ժամանակներից: Սկզբում այն ունեցել է միասնական կոլտնտեսություն Ծովագյուղի հետ, խորհրդային վերջին տարիներին դարձել է սովխոզ, բայց կրկին ղեկավարվել Ծովագյուղից: Անկախացումից հետո գյուղի կարգավիճակը մնացել է անորոշ, Ծովագյուղին չի միացվել, բայց եւ Սեւանի վարչական սահմաններում էլ ընդգրկված չի եղել: 90-ականներին ոչ պաշտոնապես դարձել է Սեւան քաղաքի թաղամասերից մեկը: «Դժվար ժամանակներ էին, քաղաքաբնակներին նպաստ էին տրամադրում՝ յուղ, ալյուր, կարագ եւ այլն, մենք էլ համաձայնվեցինք»,-ասաց գյուղի տարեցներից Հրաչ Բաղդասարյանը: Սակայն այսօր ցամաքաբերդցիները կանգնել են լուրջ խնդրի առջեւ: Համայնքի տնտեսական հիմքը առաջվա պես անասնապահությունն է, կարտոֆիլի մշակումը եւ մի որոշ չափով էլ' ձկնորսությունը: Անասնապահությամբ են ապրում, բայց չունեն արոտավայր:

Բնակիչները միաբերան պնդում էին, որ այսօր Ծովագյուղին միացված «Մաշտոցներ» կոչվող արոտավայրերն իրենց գյուղի հողերն են եղել, սակայն դրանից օգտվելու իրավունք չունեն, որովհետեւ հարեւան գյուղի համայնքապետն ամեն տարի այդ արոտավայրերը որոշակի գումարի դիմաց տրամադրում է քրդերին ու եզդիներին:

«Անցյալ տարի տունը 2000 դրամ հավաքեցինք, որ այս տարի արոտավայրերը մեզ տրամադրեն, բայց չտվեցին, հիմա էլի քրդերն են մեր հանդերում նստած»,-սարի փեշերին արածող նախիրը մատնացույց անելով՝ ասում է Հրաչ Բաղդասարյանը, ապա շարունակում. «Անասնակերն էլ մի կերպ հայթայթում ենք Ծովագյուղի կամ հարեւան Սեմյոնովկայի հանդերում խոտքաղի սեզոնին հունձ անելով եւ հունձքը կիսրար բաժանելու պայմանով»: Նույն կերպ էլ աշխատում են անտառտնտեսության հետ կամ վճարում 5000դրամ' 1հա-ի դիմաց: Բնակիչները դժգոհում էին, որ Ցամաքաբերդից երկու ավագանի ունեն ընտրված, բայց ոչ մեկը չի մտահոգվում բնակավայրի խնդիրներով, ոչ մի հարցում չեն աջակցում: Նույն իրավիճակում էլ Գոմաձորն է:

Բնակիչները տարակուսանքի մեջ են. տասնամյակներով լուծում չստացած խնդիրները քաղաքին միանալուց հետո էլ չլուծվեցին: Իրենք էլ չեն հասկանում՝ քաղաքաբնա՞կ են, թե՞ գյուղաբնակ: æրի խնդիրը եւս մի անլուծելի թնջուկ է դարձել: Դեռեւս խորհրդային ժամանակներից գյուղի խմելու ջրի հարցը մնացել է չլուծված: Չկա ոչ ցանցավորում, ոչ էլ ջրային պաշարի բարելավում: Այսօր էլ ջուրը տանում են բնակավայրի կենտրոնի միակ աղբյուրից, իսկ ծայրամասային մի քանի տներ էլ հորեր են փորել եւ դրանցից են օգտվում: Բնակիչներն արդարացիորեն բողոքում էին, որ չափազանց դժվար է այդքան ջուր կրել կենցաղային կարիքները հոգալու համար: Իսկ անասուններին ջուր տալու համար հարկադրված տանում են մինչեւ ծովը (այսպես են նրանք անվանում Սեւանա լիճը), որը մոտ 5կմ հեռավորության վրա է գտնվում, ինչը կրկնակի դժվարանում է խստաշունչ ձմեռներին: Ճիշտ է, 1998թ. նորվեգական մի ծրագրով խորքային հորերից ջուր բերվեց մինչեւ Ցամաքաբերդ, բայց տեղ չհասավ. պաշարը քիչ էր:

Այս խնդիրների մասին իր մեկնաբանությունն ուներ Սեւանի քաղաքապետ Գեւորգ Մալխասյանը: Նա պնդում է, որ Ցամաքաբերդը երբեւէ պահուստային հողեր չի ունեցել, այդ արոտավայրերն առաջ էլ Ծովագյուղինն են եղել, պարզապես համատեղ տնտեսություն վարելու պայմաններում համատեղ էլ օգտագործել են: «Նրանցը միայն իրենց տնամերձերն են, քանզի ժամանակին այդ երկու գյուղերն այդպես էլ հիմնվել են' Գոմաձորը' տեղի սովխոզի գոմերի, իսկ Ցամաքաբերդը՝ մարդկանց հիմնած տնտեսությունների հիման վրա»,-հավաստիացնում է պրն Մալխասյանը:

æրի խնդիրն օրակարգային է ողջ վարչատարածքի համար: Քաղաքապետի վկայությամբ' ներկայիս պաշարները շատ քիչ են, քաղաքի հորատանցքից վայրկյանում ընդամենը 5լ ջուր է մղվում, որով քաղաքը օրը մեկ ժամ ջուր է ստանում: Խնդրի լուծմամբ, սակայն, արդեն զբաղվում են: «Ֆրանսիական ընկերության հետ համատեղ նոր ջրագիծ ենք կառուցում, երկու նոր հորատանցք է փորվել Լճաշենի մոտ, որը վայրկյանում մինչեւ 100լ ջուր է մղելու, ինչն էլ, միախառնվելով եղած պաշարներին, հնարավորություն կտա վերջնականապես լուծել երկար տարիների չարչրկված խնդիրը»,-վստահեցրեց պրն Մալխասյանը:

Բնակիչները շատ էին դժգոհում աշխատատեղերի բացակայությունից: Որոշ չափով միայն օգնում է ամռան ամիսներին զբոսաշրջիկների հոսքը դեպի Սեւան, ինչն էլ նրանց համար, թեկուզեւ կարճաժամկետ, աշխատատեղեր է բացում լճի առափնյա հանգստյան գոտիներում ու ռեստորաններում:

Քաղաքապետը նշեց, որ քաղաքի հետագա զարգացման պլանն են մշակում՝ հիմքում դնելով տուրիզմի զարգացումը: Սեւանն ու Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքը քույր քաղաքներ դառնալու հուշագիր են ստորագրել: Երկու քաղաքները պետք է համագործակցեն զբոսաշրջության ու առողջապահության զարգացման ոլորտներում: Եվ ցույց տվեց նախորդ տարի կազմված մի բուկլետ, որտեղ նշված էին Սեւանի ու նրա շրջակայքում գտնվող տեսարժան վայրերը, հյուրանոցները, հանգստյան գոտիներն ու ժամանցի վայրերը: Մեր հարցին, թե առկա միջոցներով, որոնք գոյանում են հարկային եկամուտներից՝ 40 մլն դրամ եւ պետականորեն տարեկան հատկացվող դոտացիայից՝ 126 մլն դրամ, հնարավո՞ր չէ եղած խնդիրներից գոնե որոշներին լուծում տալ, պրն Մալխասյանը միանշանակ պատասխանեց' ոչ: Նա պարզաբանեց, որ բյուջեի դեֆիցիտն էլ վարձակալությամբ տրված հողերի կամ արտադրական տարածքների ու օբյեկտների զբաղեցրած հողատարածքի դիմաց վճարվող ինքնարժեքի գումարներով են մի կերպ ծածկում:

Քաղաքում առկա բոլոր խնդիրների համար քաղաքապետը լուծման ուղիներ չի տեսնում: Կարծում ենք, սակայն, որ եթե քաղաքապետարանի «նիհարիկ» բյուջեով նոր շենքեր չի կարող կառուցվել, ապա դրանք ամրացնելու կամ գոնե կոյուղաջրի խողովակներ կարելի է փոխել, եւ դրա համար հազիվ թե վերին ատյանների թույլտվության ու նախաձեռնության կարիքը լինի:

Մետաքսե Պետրոսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter