
Հեռախոս` առողջության դիմաց, կամ ներդրում` ըստ «ԱրմենՏելի»
Արդեն շուրջ մեկ ամիս Ստեփանավանի համար սովորական փշատերեւ անտառների խեժի հոտի փոխարեն օդում մազութի ծանր հոտ է: Այն տարածվում է «Պլազմա» գործարանի բակից, որտեղ մեկ ամիս առաջ մազութով եւ քիմիական նյութերով ներծծված, բնակիչների հաշվարկով շուրջ 1000 գերան են կուտակել: Գործարանին կից տների բնակիչները փաստում են, որ տհաճ հոտից գլխացավ, գլխապտույտ եւ սրտխառնոց են ունենում, եւ համոզված են, որ դա թունավորման հետեւանք է: Սակայն քաղաքի հակահամաճարակային ծառայությունը ժխտում է դրա հավանականությունը:
70-ամյա Օհանիկ Ղարագյոզյանի տունն անմիջապես գործարանի ցանկապատի հետեւում է, այդտեղից բակը չի երեւում, դրա համար էլ, տարօրինակ հոտ զգալով, Ղարագյոզյանները չեն էլ պատկերացրել, թե որտեղից է այն: Իսկ մեկ օր անց հարեւանները նրանց գտել են ուշակորույս վիճակում եւ դիմել «Շտապ օգնության» ծառայություն: «Ես կարծեցի' ճնշումս է բարձրացել, մտածեցի հարեւանիս կանչեմ, բայց չուզեցի անհանգստացնել»,-պատմում է Օհանիկ Ղարագյոզյանի կինը:
Նրանց հարեւան Միսակ Մելիքջանյանի որդու ընտանիքը թունավորումից խուսափելու համար տեղափոխվել է Երեւան: Իսկ մեղուները կոտորվել են: «Երեք փեթակից էս մեկն է մնացել,-ասում է Մելիքը' ցույց տալով մեղրահացի դատարկ շրջանակները,-եւ դա' մեղվի ամենաակտիվ շրջանում»:
«Մեզ հավատացնում են, որ հոտը առողջության համար վտանգավոր չէ, այդ դեպքում ինչի՞ց են կոտորվել մեղուները»,-հարցնում է Ռաիսա Բարսեղյանը' միաժամանակ ավելացնելով, որ հոտն ուղղակի անտանելի է դառնում հատկապես առավոտյան ժամերին եւ արեւոտ եղանակին:
![]() |
![]() |
Ստեղծված իրավիճակի շուրջ թաղամասի բնակիչները բողոքել են գործարանի տնօրեն Ժիրայր Հովհաննիսյան ին: Սակայն վերջինս տեղեկացրել է, որ գերաններն իրենը չեն, դրանք «ԱրմենՏելը» Ստեփանավան է բերել քաղաքում հեռախոսագիծ անցկացնելու նպատակով: Իսկ ինքը պարզապես վարձակալության է տվել գործարանի բակը' իբրեւ պահեստ:
Հարցի լուծման ակնկալիքով թաղամասի բնակիչները արդեն մեկ ամիս ապարդյուն դիմում են նաեւ քաղաքային եւ մարզային իշխանություններին, իսկ վիճակը գնալով ավելի է վատթարանում:
«ԱրմենՏելն» արդեն քաղաքի փողոցներում սկսել է գերանների տեղադրման աշխատանքները: Ընդ որում, դրանք ուղղակի տեղադրվում են հողում' առանց բետոնյա հենասյուների:
Հետերկրաշարժյան Ստեփանավանում բազմաբնակարան շենքեր գրեթե չկան: Իսկ համատարած գործազրկության պայմաններում ապրուստի հիմնական միջոցը տնամերձ հողամասերից ստացված բերքն է: Սյուները տեղադրվել են անմիջապես բանջարանոցների հարեւանությամբ, հետեւաբար քիմիական նյութերը գերաններից հեշտությամբ կարող են թափանցել հողի մեջ:
Սյուների տեղադրման աշխատանքների դեմ բողոքող բնակիչները եւս որեւէ արդյունքի չեն հասել: «Մեծ մասն, իհարկե, բողոքեց, բայց շատերը չեն հասկանում, որ սա թույն է,-պատմում է երեք երեխաների մայր Լարիսա Տոնոյանը' մտահոգվելով իր երեխաների առողջության համար:-Երեխեքն ուրիշ զբաղմունք չունեն, առավոտից իրիկուն էդ սյուների տակ պիտի խաղան»:
Տեղական իշխանությունները պնդում են, որ ամեն ինչ կատարվում է օրենքի սահմաններում: Սյուները տեղադրող ընկերությունը հաղթել է «ԱրմենՏելի» հայտարարած մրցույթում:
Մարզի բնապահպանական կազմակերպությունների, մասնավորապես Ստեփանավանում գործող «Լոռե» էկո-ակումբի ահազանգերի շնորհիվ իրավիճակի մասին տեղյակ են նաեւ Երեւանում: Սակայն գրությունը Բնապահպանության նախարարությունը դարձյալ վերահասցեագրել է Լոռու մարզպետարան: Նամակների ճանապարհորդությունից վիճակը չի փոխվում: Ստեփանավանը շարունակում է շնչել վտանգավոր օդը:
Մեկնաբանել