HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ակնալիճ համայնքն անապատանում է

Լուսանկարում առվույտի դաշտ է, որը միանգամից դժվար է գուշակել: Գարնան ամիսներին կանաչած դաշտը դարձել է անպիտան ոռոգման ջուր չլինելու պատճառով: Նման հողակտորները քիչ չեն Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքում: Այստեղ տարեց տարի նվազում են կանաչ տարածքները, մշակովի հողատարածքները, և գյուղը դառնում է գորշ ու մռայլ: Մոտ երկու տասնյակ տարի համայնքի բնակիչները պայքարում են ոռոգման ջուր ստանալու համար, սակայն՝ անօգուտ:

Ակնալիճը ոռոգման ջուր ստանում է երեք աղբյուրներից՝ խորքային հորերից, «Սև ջուր» պոմպակայանից և Ստորին Հրազդանի ջրանցքից: Ակնալիճը Ստորին Հրազդանի ջրանցքից սնվող վերջին համայնքն է: Հողերի այն հատվածը, որը ոռոգվում է Հրազդան գետի ջրերով, ամառվա ամիսներին գրեթե դառնում են չոռոգվող, քանի որ ջուրը չի հասնում Ակնալիճ: Իսկ Սև ջուր գետի վրայի երկու պոմպակայաններն աշխատում են հերթափոխով, քանի որ բավականաչափ ջուր չի հավաքվում երկու պոմպ աշխատեցնելու համար: Նախկինում 18 խմ ջուր է արտադրել Սև ջուր գետը, այժմ՝ 1.5-2 խմ: Այս պայմաններում Ակնալիճ համայնքի 1200 հա ոռոգելի տարածքից փաստացի ոռոգվում է 400 հա-ն, մնացածը դարձել է անմշակ:

Անխափան չեն աշխատում նաև պոմպակայանները: Այսօրվա դրությամբ աշխատում է 10 խորքային հորի պոմպ, մեկը չի աշխատում, իսկ 3 խորքային հորերը փլուզվել են, որից մեկը հնարավոր է վերականգնել, ինչը չի արվում:

«Այդ տարածքի հողօգտագործողներն իրենց հողերը թողնում են և հարևան համայնքներում են հողեր վարձակալում, կամ էլ՝ հող չմշակելով հարևան համայնքներում օրավարձով բանվոր են աշխատում»,-ասում է Ակնալիճ համայնքի ղեկավար Գևորգ Միսակյանը:

Նշենք, որ Ակնալճի հողերը համարվում են գերնորմատիվային, ինչը նշանակում է, որ նորմայից ավել ջուր է օգտագործվում: Հայաստանում նմանատիպ 54 համայնք կա:

«Ամեն տարի մենք սթրեսի մեջ ենք ընկնում, մարդկանց հոգեկան աշխարհը տակնուվրա է լինում հատկապես սակագնի հետ կապված: Տանը նստած ես, չեկը գալիս է, թե այսքան պարտք ես: Բայց իրականում այդ մարդը պարտք չէ: Հարցնում ենք՝ որտեղի՞ց է այդ պարտքը, պատասխանում են, թե դրա հետ գործ չունեք, դա այն գումարն է, որը գոյացել է գերնորմատիվային ջրի օգտագործումից և գրել ենք ձեր վրա: Վաղը կարող է մեկ ուրիշը գա և մտցնի դատարան և այդ գումարները գանձի: Անձամբ ես ոչ մի տարի պարտք չեմ ունեցել, իմ չեկի վրա 8 մլն դրամ պարտք է կուտակվել, և այդպես բոլորի վրա»,-նշում է համայնքապետը:

Գևորգ Միսակյանն ասում է, որ Ակնալիճ համայնքը տուժում է նաև ջրի բաշխման սխալ քաղաքականության հետևանքով: Համայնքապետի խոսքերով՝ բազմիցս բարձրաձայնել, պաշտոնատար անձանց տեղեկացրել է, որ սխալ գրաֆիկ է կազմվում, և Ակնալիճը, լինելով «Էջմիածին» ՋՕԸ-ի սպասարկման տարածքի վերջին համայնքը, գրեթե ջուր չի ստանում:

«Ակնալիճ համայնքում 20 տարի է՝ ջրի համար ենք պայքարում: Մի 8 տարի առաջ փոխեցինք մեր ՋՕԸ-ն, «Արմավիր»-ն էր սպասարկում: Մտածեցինք՝ Ստորին Հրազդան ջրանցքից վերջապես ջուր կստանանք: Առաջին երեք տարիները լավ էր, բայց դրանից հետո վիճակը գնալով վատացավ: Ես համոզված եմ, որ նման տեմպերով եթե շարունակվի, Ակնալիճ համայնքում միայն բազմամյա տնկարկների մշակությամբ են զբաղվելու, այլևս բանջարեղեն չեն կարող մշակել»,-ասում է Գևորգ Միսակյանը:

Համայնքապետը նշեց, որ դժվարություններ են ունենում հողի հարկերի հավաքագրման ուղղությամբ: Մի կերպ են կարողանում գյուղացիներին համոզել վճարել չմշակվող հողերի հարկը: Գ. Միսակյանը նշում է, որ օրենքով հողի սեփականատերը պարտավոր է վճարել հարկը՝ անկախ նրանից, մշակում է, թե ոչ, սակայն բարոյական տեսանկյունից «երես» չի ունենում հարկի գումար հավաքել:

«Շնորհակալ եմ մեր համագյուղացիներին: Իրենք էլ գիտակցում են, որ համայնքապետարանից կախված չէ ոռոգման ջրի մատակարարումը, և մեր խնդրանքը բավարարում են, հարկերը վճարում են»,-հավելում է Գ. Միսակյանը:

Համայնքապետը պատմեց, որ վերջին 3-4 տարիների ընթացքում գյուղում ոռոգման ներտնտեսային ցանցի վերանորոգման, բարեկարգման որևէ լուրջ ծրագիր չի իրականացվել: Մինչդեռ ցանցն ամենօրյա ուշադրություն է պահանջում: Ասում է, որ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով տարիներ առաջ ոռոգման ցանցում բավականին աշխատանքներ կատարվել են, սակայն ծրագրի դադարեցումից հետո ներդրումները ևս դադարել են: Միայն համայնքապետարանի միջոցներով կարողանում են տարեկան 1.5 մլն դրամի աշխատանքներ կատարել, ինչը շատ քիչ է:

«Անցյալ տարվանից մեր համայնքն ընդրգրկվել է մի ծրագրում, որտեղ մի շարք համայնքներում 700.000 դոլարի ներդրում է կատարվելու ներտնտեսային ցանցերի վերականգնման համար: Ծրագիրը հաստատվել է, բայց այդքան էլ հույս չունեմ, որ իրականություն կդառնա: Այդ ծրագիրը մեկնարկել է 2016-ից, չեն ասում՝ չի լինի, ուղղակի հույսով թողնում են: Ֆինանսավորումն իրականացվելու է Համաշխարհային բանկի կողմից»,-ասում է Գ. Միսակյանը:

Զրուցեցինք նաև հողօգտագործողների հետ: Օրեր առաջ Ակնալճի բնակիչները փակել էին Երևան-Արմավիր ճանապարհը և ոռոգման ջուր էի պահանջում: Բանակցությունների արդյունքում ճանապարհը բացվել է, մի քանի ժամ ջուր են տվել, սակայն դրանից հետո էլի նույնն է:

Կորյուն Սակահյանը Ակնալիճ համայնքի սկզբնամասում գտնվող փակ կանգառում նարդի էր խաղում տարեկիցների հետ:  Նա ևս դժգոհեց, որ պատկան մարմիններն անուշադրության են մտանել գյուղը, ինչի հետևանքով կանաչ տարածքները կրճատվել են, և դաշտերը նմանվել են անապատի: Նա մտահոգ էր, որ երիտասարդները, պայմաններից ելնելով, կլքեն գյուղը, և Ակնալճում կմնան միայն ծերերը, ովքեր կապրեն պետության տրամադրած թոշակով ու նպաստով:

Փորձեցինք պարզաբանումներ ստանալ նաև «Էջմիածին» ՋՕԸ-ից, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter