HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թվային մանկություն

«Խնդրում եմ բալիկիս նկարը մեծացրեք, լայքեք»

Եթե գրանցված եք ֆեյսբուք սոցիալական ցանցում, ուրեմն դուք ձեր թվային կենսագրության ընթացքում առնվազն մեկ անգամ ծանոթների  կամ անծանոթների խնդրանքով որևէ «բալիկի նկար մեծացրել ու լայքել» եք: Ընդհանրապես, համացանցը երեխաների պակաս չունի. մեր վիրտուալ ընկներները սիրահարվում են, ամուսնանում, զավակներ ունենում, մենք տեսնում ենք երեխայի առաջին լուսանկարը հիվանդանոցից, լուսանկարներով ու տեսանյութերով հետևում ենք երեխայի առաջին քայլերին, նրա անվախ լողալն ենք տեսնում, հեծանիվ քշելն ու մանկապարտեզ ու դպրոց գնալը: Հաճախ  նույնիսկ երեխայի գրած շարադրությունների լուսանկարն է հայտնվում ֆեյսբուքում՝ արված հպարտ մայրիկի կամ հայրիկի կողմից: Լուսանկարները սովորաբար ուղեկցվում են երեխայի մասին զվարճալի պատմություններով, որոնցում արտացոլված են լինում նրա զգացմունքները, ապրումներն ու երազանքները: Երբեմն էլ, խորհրդատվություն ստանալու համար ծնողները բժշկական խմբերում գրում են երեխայի հիվադությունների մասին: Մի խոսքով, հայտնի արտահայտությունը կարելի է հանգիստ փոխել ու հայտարարել, որ երեխաները համացանցի ծաղիկներն են: 

«Թվային մանկության» պերճանքն ու թշվառությունը

Պետք է խոստովանեմ, որ ես միշտ հաճույքով ու ժպիտով եմ կարդում ընկերներիս գրառումներն իրենց երեխաների մասին: Որպես կանոն, դրանք զվարճալի են, մաքուր, անմեղ ու բոլորիս մեր սեփական մանկությունն են հիշեցնում: Բայց հետևելով մանկության շարունակական թվայնացմանը, անհնար է չմտածել այն մասին, թե այս երևույթը ի՛նչ ռիսկեր ու վտանգներ է պարունակում: Հայտնի է, որ համացանցից ոչինչ չի ջնջվում: Եթե անգամ լուսանկարը ներբեռնելուց հետո դուք փոշմանեք ու վայրկյանների ընթացքում ջնջեք, միևնույն է, այն  վերջնական չի ջնջվում: Արդյո՞ք այն, ինչ մենք զվարճալի ենք համարում, ինքը՝ երեխան, մեծանալուց հետո զվարճալի կհամարի կամ առհասարակ արդյո՞ք վաղվա գիտակից անհատը գոհ կլինի այն հանգամանքից, որ իր մանկությունը ոչ թե միայն իր ընտանիքի, այլ ամբողջ համացանցի սեփականությունն է: Ի վերջո, արդյո՞ք անվտանգ է մեր երեխաների զարգացման բոլոր փուլերը համացանցում ներկայացնելը:

Մեր հետազորությունը ցույց տվեց, որ շատ ծնողներ երեխաների կիբեր անվտանգության մասին խոսակցությունները չափազանցված են համարում և վստահ են, որ Հայաստանում նման հիմնախնդիր գոյություն չունի: Տեղեկատվական  անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը հաստատում է, որ երեխաների անձնական տվյալների պաշտպանության խնդիրը բարդ ու չհասկացվող հարցերից է, քանի որ մարդկանց երբևէ չի բացատրվել, որ դա լուրջ խնդիր է:

«Ոչ-ոք չի էլ մտածում երեխաների մասին։ Վերջերս մի լուսանկար տարածվեց (կոնկրետ չենք նշում, որպեսզի ավելորդ անգամ ուշադրություն չհրավիրենք լուսանկարի վրա),  երբ գրեցի, որ անթույլատրելի է դա տեղադրելն ու տարածելը, շատերը կռվում էին հետս»,-ասում է Սամվել Մարտիրոսյանը

Չնայած ծնողների մոտ ապահովության զգացմանը, մասնագետները պնդում են՝  վտանգներ կան և դրանք երեխաների համար սարսափելի հետևանքներով են հղի: 

Կիբեր հետապնդում անչափահասների նկատմամբ

Արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության (ԱՏՊ) գործակալության պետ Գևորգ Հայրապետյանը բացատրում է, որ երեխաները  դեռևս ֆիզիկական և մտավոր զարգացման փուլում են, դրա համար կարող է չգիտակցեն իրենց անձնական տվյալների պաշտպանության կարեւորությունը կամ գիտակցեն, բայց չկարողանան պաշտպանել դրանք, դրա համար էլ երեխաներն  ավելի շատ պաշտպանության կարիք ունեն: 

«Երեխան դեռ չի կարողանում առարկել, որ՝ չէ՛, իմ նկարը մի՛ գցեք համացանց,  որովհետև ես մտածում եմ, որ գուցե 20 տարուց ցանկանամ պաշտոնյա դառնալ, ու այս լուսանկարն ինձ խանգարի: Քանի որ երեխան դեռ փոքր է, այդքան հեռու չի մտածում, ուրեմն այդ բեռն իրանց վրա պետք է վերցնեն երեխայի նկատմամբ հոգածություն ունեցող մարդիկ՝ ծնողները, օրինական ներկայացուցիչները, ինչպես նաև բոլորը, ովքեր երեխայի հետ աշխատում են՝ դպրոցները, խնամքի հաստատությունները, լրագրողները… Բոլորը, ամեն մեկն իր հերթին պետք է մտածի՝ երեխային վնասում է թե ոչ»:

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն էլ ծնողների ուշադրությունը հրավիրում է այն փաստի վրա, որ այժմ  համացանցում երկրի բնակչության մոտ ութսուն տոկոսը կա։ Դա նշանակում է, որ ծանր թմրամոլներից սկսած մինչեւ բարդ սեռական հոգեկան խանգարումներով մարդիկ օգտվում են  ցանցի բոլոր հնարավորություններից.

«Համացանցն անդառնալի  փոխվել է, և վտանգներն անընդհատ թարմանում են: Արդեն իսկ դրանց հետևանքները ծածուկ զգացվում են, բայց քանի որ թեման զգայուն է, դրանց  մասին չի բարձրաձայնվում… Հայաստանում շատ խնդիրների բարվոք վիճակը պարզապես վիճակագրության բացակայությամբ է պայմանավորված»-հավաստիացնում է փորձագետը: 

Սամվել Մարտիրոսյանը «Հետքին» ներկայացրել է վտանգավոր սխեմաներից մեկը. անհայտ «ֆեյքը» վերցնում է երեխայի լուսանկարները և «ֆոտոշոփ» ծրագրով այն դարձնում է պոռնոգրաֆիկ բովանդակությամբ նկար ու տարածում ընկերներին: Այսպիսով, անչափահասը ենթարկվում  է կիբեր հետապնդումների և խորը հոգեբանական խնդիրներ է ձեռք բերում: Տեղեկատվական անվտանգության մասնագետը վստահեցնում է, որ ամեն ամիս նման խնդիրների բախված մի քանի ծնող է դիմում իրեն, բայց, ցավոք, այդ դեպքերի մասին չեն բարձրաձայնվում, ինչի հետևանքով էլ մարդկանց մոտ թվացյալ ապահովության տպավորություն է ստեղծվում:

«Նոր սեռական հասունացման հասած աղջիկներին նույնկերպ շանտաժի են ենթարկում, խոստանում են «ֆոտոշոփները» չհրապարակել՝ պայմանով, որ իրենց  մերկ նկարներ ուղարկեն...Հենց այս պատճառով է, որ ֆեյսբուքը անչափահասին թույլ չի տալիս հրապարակային գրել, այլ՝ միայն ընկերների համար»: 

Իմաստ ունի՞ պաշտպանել երեխաների տվյալները, եթե, մեկ է,  «մեծ եղբայրը մեզ հետևում է

Տեղեկատվական անվտանգության շուրջ քննարկումներում ամենահաճախ հանդիպող փաստարկն այն է, որ ժամանակակից աշխարհում անձնական տվյալները պաշտպանելու փորձն ի սկզբանե դատապարտված է ձախողման, քանի որ որոնողական համակարգերը, սոցցանցերը և մյուս տեխնոլոգիաները արդեն իսկ մեր տվյալներն ունեն (բանալի բառ՝ BIG DATA): Սամվել Մարտիրոսյանը հակադարձում է, որ էական տարբերություն կա, թե ո՞վ է մեր մասին ինֆորմացիային տիրապետում:

 «Գուգլը մեր հարեւան Բուլղուդարը չէ, ով շատ ավելի մեծ հավանականությամբ կարող է մեզ կոնկրետ վնաս տալ, քան վերացական Գուգլը»,-ասում է Սամվել Մարտիրոսյանը: 

Թեև ուսումնասիրվող խնդիրը հասարակության լայն զանգվածների համար մնում է դժվարըմբռնելի, սակայն վիճակագրությունը ցույց է տալիս, որ տարեցտարի անձնական տվյալների պաշտպանությամբ ավելի մեծ թվով մարդիկ են մտահոգվում: 

Համաձայն ԱՏՊ գործակալության վիճակագրության՝ 2019-ի առաջին կիսամյակում կտրուկ աճել են գործակալության հարուցած վարչական վարույթներն ու տրված խորհրդատվությունները: Այսպես, եթե 2018 թվականի հունվար-հունիս ամիսներին հարուցվել էր ընդամենը 6 վարչական վարույթ, ապա  այս տարվա նույն ժամանակահատվածում հարուցվել է 37 վարույթ: Վիճակագրությունը հաստատում է, որ ավելի շատ մարդիկ են դիմում անձնական տվյալների հարցերով խորհրդատվության, 2019-ի առաջին կիսամյակում արդեն իսկ տրվել է 138 խորհրդատվություն (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 81 է), շուրջ 600 հոգու համար իրականացվել է 15 ուսուցում: Դրանցից առավել կարևորներին կանդրադռնանք հոդվածի երկրորդ մասում: 

Ապագայի կանխատեսումներ

Այն, որ նախկինում հրապարակված լուսանկարը կարող է ձեր մասնագիտական  կամ անձնական կյանքի որևէ փուլում խտրականությունների ու շահարկումների առիթ հանդիսանալ, վաղուց արդեն ապացուցված է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2018-ի հունիսի 11-ի որոշմամբ Սմբատ Գոգյանը նշանակվեց Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ: Նշանակումից օրեր անց որոշ կայքեր տարածեցին ԲՈԿ նորանշանակ նախագահի՝ անցյալում հրապարակված  լուսանկարները, որոնք քաղաքական շահարկումների առիթ դարձան: Սմբատ Գոգյանը մեկնաբանում է, որ աղմկահարույց լուսանկարներն իրականում իր անցյալն են արտացոլում ու նկարագրում են իրեն՝ որպես անմիջական ու կատակասեր մարդ։ Չնայած Գոգյանը համարում է, որ «սկանդալային» լուսանկարների շնորհիվ այժմ  ԲՈԿ-ի մասին շատ ավելի մեծ թվով մարդիկ գիտեն, քան նախկինում, ինչպես նաև՝ հանրությունը կարճ ժամանակում հասկացավ, որ նկարներում «իրենց երևակայածն ու իրականն իրար հետ չեն բռնում», բայց փաստն այն է, որ նախկինում արված լուսանկարները ԲՈԿ նախագահի լրջությունն ու տվյալ պաշտոնին համապատասխան լինելը հարցականի տակ էին դրել: Պարոն Գոգյանը համոզված է, որ « [...] հանրութունը փոխվում է, բնականաբար 10-15 տարի անց մեր հասարակությունը շատ ավելի ազատ է մտածելու, չեմ կարծում, որ անցյալի նկարների համար այսպիսի պատմություններ էլի կկրկնվեն։ Այլ բան է, որ երեխաներին պետք է հասկացնել, որ առցանց միջավայրը կյանքի հետ կապ չունի, որ անձնական կյանքը սոցիալական ցանցերում լուսաբանելով ու լայքեր հավաքելով իրական երջանկություն ձեռք չես բերի»: 

Ի վերջո, ինչու՞ չհրապարակել երեխայի լուսանկարը համացանցում

Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը առանձնացնում է երեք հիմնական պատճառ, թե ինչու խորհուրդ չի տրվում երեխայի լուսանկարները համացանցում հրապարակել:
Նախ, պետք է նկատի ունենալ, որ երեխան ինքնուրույն պատրաստ չէ որոշում կայացնել իր անձի վերաբերյալ:  Տեղեկատվության տարածման հետ կապված ծնողը պետք է որոշում կայացնողը լինի: Բայց ծնողը պետք է հաշվի առնի, որ կարող է տարիներ անցնեն, տվյալ տեղեկատվությունը մնա ցանցում, ընդ որում, պարզ չէ, թե արդեն գիտակից քաղաքացի դարձած նախկին երեխան գոհ կլինի՞, որ իրեն, օրինակ, ինչ֊որ հիմար իրավիճակում նկարել են, որովհետև դա զվարճացրել է մեծերին:

Մյուս կարևոր հանգամանքը, ըստ Սամվել Մարտիրոսյանի, այն է, որ ձեր երեխայի լուսանկարը կարող է անկառավարելի տարածվել ցանցում: Հրապարակված լուսանկարները շատ հաճախ օգտագործվում են երրորդ անձանց կողմից։ Օրինակ, ֆեյք պրոֆիլ ստեղծելու կամ ինչ֊որ մի հոդվածի համար լուսանկար ունենալու համար (և ևս հարյուրավոր հնարավոր դեպքեր)։ Ի վերջո, կա նաեւ հոգեկան շեղումներով մարդկանց գործոնը, որը իր հերթին առանձին ու բարդ թեմա է:

Մեկնաբանություններ (1)

Աստղիկ
Խնդրում եմ հաջորդող հոդվածում նշել թե քանի տարեկաից կարող ենք անչափահասին թույլատրել սոց ցանցերում էջեր ունենալ: Եվ շատ եմ խնդրում 2 հոդվածո այս մեյլերին ուղարկել, շնորհակալություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter