HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Նուբարաշեն» կլոր բանտի դիմաց վեր է բարձրացվել պետական դրոշը

Մհեր Ենոքյան

«Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Սիրելի ընթերցողներ, արդեն 24-րդ տարին է, որ «Նուբարաշեն» կլոր բանտում եմ, բայց առաջին անգամ այս պետական հիմնարկի առաջ` վարչական մասնաշենքի դիմաց վեր բարձացավ Հայաստանի Հանրապետության պետական դրոշը: Քամու տակ ծածանվելիս այն տեսնում եմ 5-րդ հարկի այս համակարգչային սենյակի պատուհանից: Նորանշանակ ՀՀ արդարադատության նախարարի, ինչպես նաև «Նուբարաշեն» ՔՀ հիմնարկի նոր պետ Սամվել Մկրտչյանի նշանակման հետ համընկավ այս զարմանալի սիմվոլիկ փոփոխությունը. հուսով եմ, որ նոր նշանակումները կբերեն նաև բովանդակային փոփոխություններ:

Որպես ցմահ բանտարկյալ, իրավաբան և բանտային թղթակից, նախ և առաջ նկատի ունեմ ցմահ ազատազրկվածներիս վերաբերյալ օրենքների կիրառումը, այդ ուղղությամբ նոր ենթաօրենսդրական ակտերի արագ ընդունումը ապահովվելու համար այդ օրենքների առաջ բոլորիս հավասարությունը`բացառելով քմահաճ, սուբյեկտիվ մոտեցումները և, ինչը շատ կարևոր է, կոռուպցիոն ռիսկերը:

Վերջին ամիսներին բազմաթիվ «հարցազրույցներ» եմ ունենում բանտի աշխատակիցների հետ, որոնք, իհարկե, կրում են ոչ պաշտոնական բնույթ: Հետաքրքիր է, որ հին սերնդի աշխատակիցների մեծամասնությունը ակնհայտ կամ թաքուն դժգոհում է, որ այլևս չեն կարողանում մահակները ձեռքներին աջ ու ձախ մարդ ծեծել, որ ազատազրկվածների իրավունքները ավելի արդյունավետ են այժմ պաշտպանվում: Հակառակ այս մոտեցմանը, նոր`երիտասարդ աշխատակիցները նույնիսկ զարմանում են, երբ իմանում են, թե ինչ էր կատարվում հենց «Նուբարաշեն» բանտում, ասենք` անցած դարի 90 ականներին, կամ նույնիսկ ԵԽ-ին անդամակցելուց հետո: Երիտասարդ աշխատակիցները ակնհայտորեն ավելի առաջադեմ են և հասկանում են, որ պատժողական քաղաքականությունն անընդունելի է քրեակատարողական հիմնարկներում, մտածում են սոցիալական վերականգնաման տարբեր ծրագրերի մասին: Միևնույն ժամանակ պետք է ասեմ, որ հին սերնդի աշխատակիցները կազմակերպչական հարցերում շատ ավելի փորձառու են և, անշուշտ, պետք է իրենց փորձը փոխանցեն երիտասարդներին:

Մարդու իրավունքների վերաբերյալ, մասնավորապես` խոշտանգումների հետ կապված սովետական մտածելակերպով աշխատակիցներից, ովքեր դժգոհ են, որ մահակներ, ոտք ու ձեռք չեն կարողանում օգտագործել, հաճախ նույն վրդովմունքն եմ լսում.

-Դե՛, ասա՛, բա ի՞նչ անենք, երբ հանցագործը ասում ա. «ինչ արել եմ, լավ եմ արել, ձեր ….» ու հայհոյում ա մեզ: Բա ո՞նց տենցին մի լավ չզխկես:

Իմ պատասխանը հետևյալն է. յուրաքանչյուր պարագայում, հատկապես իրավապահ համակարգի աշխատակիցը պետք է շարժվի օրենքով և, եթե դիմացինը նախահարձակ չի լինում, չի կիրառում ֆիզիկական ուժ, ապա ծեծի ենթարկելը արգելված է, իսկ դիմադրության պարագայում, միայն համարժեք միջոցներ կարելի է կիրառել: Բացի այս, դժվար եմ պատկերացնում իրավիճակ, երբ ենթադրյալ հանցագործը, կամ դատապարտված անձը ուղղակի հայհոյի թվաքանակով ավելի և զինված իրավապահներին: Իսկ, եթե հազվադեպ լինում է նման բան, ապա ակնհայտ է, որ տվյալ կալանավորը կամ դատապարտյալը հոգեպես անհավասարակշիռ վիճակում է, բայց ծեծն ու ջարդը հարցի լուծում չեն:

Օրինակները բազմաթիվ են, որոնց անձամբ եմ ականատես եղել, նաև սեփական մաշկիս վրա զգացել, երբ կասկածյալին, ազատազրկվածին, ով որևէ դիմադրություն ցույց չի տվել, որևէ անպարկեշտ խոսք չի ասել, սակայն ոստիկանները, բանտի աշխատակիցները և՛ հայհոյել են, և՛ դաժան ծեծել: Սակայն 2006-ից հետո նման երևույթները կամաց-կամաց վերացան բանտում:

Կարծում եմ, որ յուրաքնչյուր մարդ, մանավանդ իրավագիտակից քաղաքացիները, պետք է միայն ուրախ լինեն, որ տարբեր զսպող մեխանիզմների շնորհիվ այսօր չունենք խոշտանգումների այն զարհուրելի տեսարանը, որը առկա էր հատկապես նախորդ դարի 90-ականներին:

Հիմա վերականգնողական արդարադատության էլեմենտներ են սկսում երևալ, կարևորվում են դատապարտյալի ձեռքբերումները և սոցիալականացումը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։