
Կոմբինատորնե՞ր, թե՞ հանքարդյունաբերողներ
Ծանոթագրություն
Հոդվածում տեղ գտած փաստական տվյալները վերցված են Կանադական արժեթղթերի կառավարման գործակալության պաշտոնական հրապարակումների համար նախատեսված SEDAR կայքից, իսկ վերլուծությունն ու մեկնաբանությունները հեղինակինն են:
ՄԱՍ I
2006 թվականի փետրվարի 14-ին Կանադայի Ալբերտա նահանգում, վերջինիս օրենսդրության համապատասխան ստեղծվում է Dawson Creek Capital Corp. անսահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (կապիտալ ներգրավելու նպատակով ստեղծված ընկերություն, անգլերենով` capital pool company): Այս նահանգում է նաև գտնվում TSX Venture Exchange Inc. կանադական բորսայի գլխավոր գրասենյակը (Բորսան առևտրային հարթակ չունի, ամբողջ շրջանառությունը` առուծախը, տեղի է ունենում էլեկտրոնային եղանակով, որտեղ շրջանառվում են նաև ներկայում առկա Lydian International Limited-ի բաժնետոմսերը):
Ստեղծման պահին Dawson Creek Capital Corp.-ը թողարկում է 1,500,000 հատ սովարական բաժնետոմս, յուրաքանչյուրը 0.10 կանադական դոլար, որը ըստ սեփականատերերի տեղաբաշխվում է հետևյալ կերպ: Սեփական կապիտալը հիմնադրման պահին կազմում է 150,000 կանադական դոլար:
*Kréfar International Inc. –ի 100% սեփականատեր է Jeffrey A. Dawson-ը:
Այս բոլոր սեփականատերերը ընկերության ստեղծման պահին հադիսացել են Կանադայի ռեզիդենտներ: Այդ ժամանակ ղեկավար կազմը բաղկացած էր հետևյալ անձանցից`
- Jeffrey A. Dawson, Ընկերության նախագահ, գլխավոր գործադիր տնօրեն, գլխավոր ֆինանսական տնօրեն, դիրեկտոր,
- Trevor P. Wong-Chor, դիրեկտոր,
- David M. Antony, դիրեկտոր:
Ինչպես ասվում է հիմնադրման փաստաթղթերում, սկզբնական շրջանում ընկերության գործունեությունն է լինելու գտնել և գնահատել ակտիվներ կամ ամբողջական բիզնեսներ` դրանք մասնակի կամ ամբողջությամբ ձեռբերելու նպատակով:
2006 թվականի մարտի 9-ին Dawson Creek Capital Corp.-ը նախնական ազդագիր է թողարկում, իսկ ապրիլի 7ին` վերջնական ազդագիր (Անգլերեն` prospectus: Ազդագիրը հրապարակվում է նախքան արժեթղթերի թողարկում և բորսայում տեղաբաշխելու գործընթաց, որով պոտենցիալ բաժնետերերին տեղեկատվություն է տրամադրվում ընկերության գործունեության բնույթի, կառավարիչների, սեփականատերերի, ֆինանսական հաշվետվությունների, թողարկվող բաժնետոմսերի ծավալի և այլ էական գործոնների և հանգամանքների վերաբերյալ):
Արդյունքում նախատեսվում է սովորական բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխում` 1,500,000 հատ, 0.20 դոլար մեկ բաժնետոմսի դիմաց (սրանցից 300,000-ը գնելու իրավունք են ստանում գործող երեք սեփականատերերը): Ներգրավվող գումարից 41,513 դոլարը կազմում են տեղաբաշխման ծախսերը, որը հիմնականում բաղկացած է տեղաբաշխումը իրականացնող կազմակերպության` Raymond James Ltd.-ի (այսուհետ` Գործակալ ընկերություն) ծախսերից: Ի դեպ, Dawson Creek Capital Corp.-ի հիմնադիր բաժնետերերից Michael Mansfield-ը այս գործարքի պահին հանդիսացել է Գործակալ ընկերության պաշտոնյա: Այս բաժնետոմսերի տեղաբաշխումից հետո ընկերության հիմնադիրների բաժնեմասը ամբողջ ընկերության բաժնեմասում ունենում է հետևյալ պատկերը:
** Մնացյալ 50%-ից (1,500,000 հատ բաժնետոմս) 150,000 հատ բաժնետոմս ձեռք բերելու իրավունք է ստանում Գործակալ ընկերությունը, իսկ մնացյալ 1,350,000 հատ բաժնետոմսերը ենթակա են տեղաբաշխման բորսայում:
Այսպիսով, Dawson Creek Capital Corp.-ը սկիզբ է դնում Կանադական բորսա մտնելու գործընթաց: Այս պահից սկսած նրան ուղղակի հարկավոր է կատարել որևէ գործարք (ձեռբ բերել որևէ ընկերություն), որը Կանադական բորսան կհաստատի և կհամարի որակավորված գործարք (անգլերենով` Qualifying transaction), որով Dawson Creek Capital Corp.-ի բաժնետոմսերը կսկսեն շրջանառվել բորսայում:
Նշենք նաև, որ այս պահին ընկերությունը դեռ գործունեություն ծավալած չի լինում և վերջինիս նպատակը մնում է նույնը` մասնակի կամ ամբողջությամբ ձեռբերելու նպատակով գտնել և գնահատել ակտիվներ կամ ամբողջական բիզնեսներ: Հատկանշական է, որ բաժնետոմսերի նախնական հրապարակային առաջարկի (IPO) ազդագրում, որի մասին արդեն նշեցինք, ասվում է հետևյալը.
«Այս առաջարկը հարկավոր է խիստ սպեկուլյատիվ դիտարկել` պայմանավորված ընկերության առաջարկած բիզնեսի բնույթով և դրա ներկա զարգացման ընթացքով: Ընկերությունը միայն վերջերս է ձևավորվել, կանխիկ գումարից զատ այլ ակտիվներ չունի, չի իրականացրել որևէ ակտիվ բիզնես գործունեություն և շահույթ ունենալու նախապատմություն չունի: Ի լրումն, կազմակերպությունը չի կնքել որևէ նախապայմանագիր [Անգլերենով` Agreement in Principle, սա սովորաբար կնքվում է հիմնական պայմանագրից առաջ` որոշակի նախնական պայմանավորվածություններ ձեռք բերելու նպատաով]: Այս առաջարկը հարմար է միայն այն ներդրողների համար, որոնք պատրաստ են ապավինել միայն ընկերության տնօրեններին և կառավարիչներին և որոնք պատրաստ են իրենց ամբողջ ներդրումը կորցնելու ռիսկին գնալ և նաև կարող են իրենց թույլ տալ կորցնելու ամբողջ ներդրածը»:
2006 թվականի հունիսի 12-ին Dawson Creek Capital Corp.-ը հայտարարում է, որ 2006 թվականի հունիսի 7-ին պարտավորություններ չենթադրող մտադրությունների նամակ է ստորագրել Օնտարիոյում տեղակայված «Stoney Ridge Cellars Ltd.» գինեգործական ընկերության բոլոր բաժնետոմսերի ձեռքբերման շուրջ: Իսկ նույն թվականի օգոստոսի 29-ին որոշ մանրամասներ է հրապարակում այս գինեգործական ընկերության վերաբերյալ:
2007 թվականի հունվարի 11-ին Dawson Creek Capital Corp.-ը հաղորդագրություն է տարածում, որում ասվում է, որ վերոնշյալ ընկերության ձեռքբերման շուրջ մտադրությունների նամակը չի հանգեցրել որոշակի համաձայնագրի և բանակցությունները երկկողմ համաձայնությամբ դադարեցվում են:
Այս հաղորդագրության մեջ նաև ասվում է, որ Dawson Creek Capital Corp.-ի բաժնոտոմսերը շուտով կսկսեն շրջանառվել TSX Venture Exchange Inc. բորսայում:
2007 թվականի օգոստոսի 20-ին Dawson Creek Capital Corp.-ը հայտարարում է, որ 2007 թվականի հունիսի 17-ին միաձուլման մասին (անգլերեն` business combination) մտադրությունների նամակ է ստորագրել Lydian Resource Company Limited-ի (“Lydian”) հետ և եթե սա հաջող ավարտին հասնի, ապա միաձուլված ընկերությունը կանվանվի Lydian International Resource Corp (“Lydian International”).
Այս հայտարարության մեջ ասվում է, որ Lydian-ը Միացյալ Թագավորությունում գտնվող մասնավոր ընկերություն է, որը Հայաստանում, Կոսովոյում և Թուրքիայում ունի հանքային հետախուզական ակտիվների (անգլերեն` mineral exploration assets) դիվերսիֆիկացված պորտֆել: Ասվում է նաև, որ Lydian-ը սկսել է իր գործունեությունը 2006-ին և ունի շուրջ 90 բաժնետեր (մեկ այլ աղբյուրում նշվում է հարյուրից ավել բաժնետեր), որոնցից երկու խոշոր բաժնետերերն են Newmont Overseas Exploration Limited-ը և IFC-ն (անգլերեն` International Finance Corporation, Համաշխարհային Բանկի խմբի անդամ): Վերջիններս միաձուլված ընկերությունում կունենան 10-ից ավել տոկոս բաժնեմաս:
Ինչպես հայտարարության մեջ նշված է, այս գործարքի ավարտին նախատեսվում է, որ Tim Coughlin-ը կդառնա Lydian International ընկերության նախագահ, գլխավոր գործադիր տնօրեն և դիրեկտոր, Hugh Devlin-ը կդառնա գործադիր դիրեկտոր, Roderick Corrie-ին` գլխավոր ֆինանսական տնօրեն և դիրեկտոր, իսկ Gordon Wylie-ին, Marc Henderson-ը և Peter Mullens-ը կմիանան Խորհրդին, որպես ոչ գործադիր տնօրեններ, որտեղ Խորհրդի նախագահ կլինի Gordon Wylie-ին:
2007 թվականի դեկտեմբերի 28-ին Dawson Creek Capital Corp.-ը հաղորդագրություն է տարածում այն մասին, որ 2007 թվականի դեկտեմբերի 27-ին Lydian-ի բաժնետերերից ձեռք է բերել 30,132,161 հասարակ բաժնետոմս, որը կազմում է Lydian-ի թողարկած բաժնետոմսերի 98%-ը: Գնված բաժնետոմսերի դիմաց, արդեն միաձուլված Lydian International Resource Corp անվամբ ընկերությունը (այսուհետ` Lydian International) թողարկում է նույն քանակի հասարակ բաժնետոմս:
Իսկ մինչ այդ, 2007 թվականի դեկտեմբերի 12-ին այս նոր անվամբ ընկերությունը գրանցվում է Ջերսի, Նորմանդյան կղզիներ (անգլերենով` Jersey, Channel Islands) օֆշորային տարածքում, որպես բաց բաժնետիրական ընկերություն: Իսկ բորսայում բաժնետոմսերի սակարկման սկիզբ նախատեսվում է 2008 թվականի հունվարի 4-ը: Իսկ հետագայում հաղորդվում է, որ բաժնետոմսերը կանադական TSX Venture Exchange Inc. բորսայում սկսում են սակարկվել 2008 թվականի հունվարի 10-ին:
Այսպիսով, Dawson Creek Capital Corp-ը ձեռք է բերում Lydian Resource Company Limited մասնավոր ընկերությանը (այդ պահի դրությամբ Lydian-ի բաժնետոմսերը որևէ բորսայում չէին սակարկվում), ինչը կանադական բորսայի կանոններով համարվում է որակավորված գործարք: Արդյունքում, Dawson Creek Capital Corp-ը և Lydian Resource Company Limited-ը միաձուլվում են և հնարավորություն ստանում արդեն նոր` Lydian International Resource Corp անվամբ ընկերության բաժնետոմսերը սակարկել կանադական բորսայում:
Նախքան միաձուլումը գործող Lydian ընկերության մասին կարճ ակնարկ
Lydian Resource Company Limited-ը (“Lydian”) հիմնադրվել է շոտլանդական օրենսդրության համաձայն 2005 թվականի դեկտեմբերի 22-ին: Ընկերության գրանցված գրասենյակը գտնվում էր 151 St. Vincent Street, Glasgow G2 5NJ հասցեում: Ստորև գծապատկերը ցույց է տալիս Lydian Resource Company Limited-ին պատկանող դուստր ընկերությունների կառուցվածքը:
Հովհաննես Ավետիսյանը հանրային ֆինանսների կառավարման փորձագետ է
Շարունակելի:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել