HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Հոգեկան առողջության խնդիրներ ունեցողներին տնային պայմաններում խնամքի ծառայություն մատուցել․ նոր նախագիծ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է տնային պայմաններում խնամքի ծառայություններ մատուցել նաև հոգեկան առողջության խնդիրներ ունեցող 50 անձանց։

Նախարարության ակնկալում է այդ ծրագրով նպաստել անձի և նրա ընտանիքի սոցիալական, բարոյա-հոգեբանական վիճակի բարելավմանը և անձի սոցիալականացմանը, կանխարգել նրանց մուտքը հատուկ հաստատություններ։

Նման առաջարկությամբ նախարարությունը նախագիծ է քննարկման ներկայացրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաղորդմամբ՝ գործող օրենսդրությամբ տնային պայմաններում խնամքի, սպասարկման ծառայություններ չեն տրամադրվում հոգեկան առողջության խնդիրներ ունեցողներին, այնինչ նրանց ընտանիքի անդամները երբեմն կանգնում են դժվարին ընտրության առջև` թողնել աշխատանքը և նրանց խնամել, թե տեղափոխել համապատասխան մասնագիտացված խնամքի հաստատություն։

Նախարարության ուսումնասիրություններով՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցողների մեջ քիչ չեն նաև միայնակները, իսկ գործող օրենսդրությամբ՝ այդ անձիք բացի շուրջօրյա խնամքի հատուկ հաստատություն ընդունվելուց, այլընտրանք չունեն:  

«Այդ անձինք, եթե տնային պայմաններում (առկայության դեպքում) ստանան խնամք և այլ սոցիալական ծառայություններ, ապա չեն դիմի շուրջօրյա խնամքի հատուկ հաստատություններ ընդունվելու համար: Այս ծրագիրը համահունչ է խնամքի ծառայությունների ապաինստիտուցիոնալացման գաղափարին և մարդասիրական է այն առումով, որ անձը չի հեռանում իր հարազատ միջավայրից և մնում է իր համայնքում, իր տանը»,- նշված է նախագծում։ 

Նախարարության հաղորդմամբ՝ խնամքի հատուկ հաստատություն ընդունվելու համար հաշվառված է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող ավելի քան 50 անձ։ Նրանց թվում են նաև մարդիկ, ովքեր եթե տնային պայմաններում ստանային խնամքի ծառայություններ, չէին դիմի շուրջօրյա խնամքի հատուկ հաստատություն։

Տնային պայմաններում խնամքի ծառայություններ տրամադրելու համար նախարարությունը նախատեսում է ունենալ առնավազն 11 հաստիք՝ հոգեբույժ, սոցիալական աշխատողներ, հոգեբան, արտթերապիստ, բուժքույրեր, սոցիալական սպասարկողներ։

Լուսանկարը՝ Սպիտակի խնամքի տան շահառուների աշխատանքներից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter