HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Էջմիածնի համայնքապետարանում տեղյակ չեն, թե քանի թափառող շուն կա քաղաքում, սակայն 94-ին ստերջացրել են

Էջմիածնի Հակոբ Հակոբյան 2-րդ փակուղին դարձել է թափառող շների ապրելատեղի: Երկու սեփական տների արանքում չմշակվող հողմաս կա: Հենց այդ հողամասում մոտ 30 շուն է ապրում: Փողոցի բնակիչներից Անահիտ Պետրոսյանը պատմեց, որ թափառող շների վերաբերյալ դիմել է Էջմիածնի համայնքապետարան, այնտեղից պատասխանել են, որ շներին ներարկել են, որպեսզի չհարձակվեն մարդկանց վրա:

«Եթե ցերեկը 8-10 շուն է, գիշերը այդ շները դառնում են 30: Ինչքան էլ ներարկեն, միևնույն է, նրանց միանում են այլ խմբեր: Ամբողջ գիշեր այնպիսի մեծ աղմուկ են բարձրացնում, որ հնարավոր չէ հանգստանալ».-ասում է Անահիտ Պետրոսյանը:

Նա պատմեց, որ շենքի անմիջապես հետնամասում է գտնվում Էջմիածնի թիվ 6 դպրոցը, որտեղ սովորում է մոտ 700 երեխա: Աշակերտների մեծ մասը հենց շների ապրելատեղի դարձած հողամասի առջևով են գնում դպրոց:

«Ես և այլ ծնողներ, ամեն առավոտ ժամը 8.30-ից մինչև ժամը 9-ը, պիտի երեխաներին փրկենք շներից: Ամեն րոպե երեխաները դուռը թակում, օգնություն են խնդրում:  Հնարավոր է շունն ուզում է երեխայի հետ խաղալ, բայց  երեխան վախենում է»,-հավելում է տիկին Անահիտը:

Ա. Պետրոսյանը հիշում է, որ տարիներ առաջ էջմիածնում եղել է շների կացարան: Նրանց պահել են այնտեղ: Իսկ այժմ նման կացարան չկա, և համայնքապետարանին խնդրում է այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել:

Էջմիածնի համայնքապետարանն այս տարեսկզբին ազդարարեց, որ փետրվարի 11-ից մեկնարկել է քաղաքում թափառող շների ստերջացման ծրագիրը: Քաղաքացիների մոտ հույս արթնացավ, որ ծրագիրն ամբողջությամբ կյանքի կկոչվի, սակայն՝ ապարդյուն:

«Այսուհետ էջմիածնում կշրջեն ականջին դակիչներ փակցրած շներ, ինչը կնշանակի որ նրանք ստերջացված են, պատվաստված, ճիճվաթափված, ունեն խնամող և վտանգ չեն ներկայացնում»,-նշված էր հաղորդագրության մեջ: Քաղաքապետարանը նաև հայտնում էր, որ գործընթացը ներառում է նաև Էջմիածնում առկա թափառող շների վիճակագրության, քարտեզագրման, նույնականացման և խնամքի ապահովմանը:

Անցել է 6 ամիս, քաղաքացիները շարունակում են դժգոհել թափառող շների հարձակումներից: Իսկ համայնքապետարանից «Հետք»-ի գրավոր հարցմանը պատասխանել են, որ համայնքում դեռ չի իրականացվել թափառող շների հաշվառում: Այսինքն, այս պահինն որևէ մեկը տեղյակ չէ, թե Էջմիածնում քանի թափառող շուն կա, և իրական թվի մեջ ինչ ազդեցություն կարող է ունենալ 100 շան ստերջացումը:

«Ընթացքի մեջ է թափառող շների ստերջացման ծրագիրը, որը շարունակական բնույթ է կրելու: Նախատեսված 100 շներից արդեն իսկ ստերջացվել է 94 շուն: Ծրագիրն իրականացվում է համայնքային բյուջեի միջոցներով»,-տեղեկացնում են Էջմիածնի համայնքապետարանից:

Նշենք, որ 100 շան ստերջացման ծրագիրն արժե 2 մլն 200 հազար դրամ: Ստացվում է՝ 1 շան ստերջացման համար վճարվել է 22,000 դրամ: Պայմանագիրը կնքվել է Քրիստինա Ղևոնդյան ԱՁ-ի հետ, իսկ թափառող շների բժշկական միջամտությունը տեղի է ունեցել «Օսկար Վետ» անասնաբուժական կլինիկայում, որի հիմնադիրներից է հենց Քրիստինա Ղևոնդյանը: Վերջինս նաև թափառող կենդանիների հիմնախնդիրներով զբաղվող «Դինգո Թիմ»-ի անդամ է:

Նշենք, որ «Օսկար Վետ» անասնաբուժական կլինիկայում մեկ շան ստերջացման արժեքը 20.000 դրամ է, սակայն 100 շան դեպքում իրականացնում են 20% զեղչ, որի պարագայում բժշկական միջամտության գինը կազմում է 16.000 դրամ:

Քրիստինա Ղևոնդյանն ասաց, որ համայնքապետարանի հետ բանակցություններին մասնակցել և պայմանագրը կնքել է ամուսինը՝ անասնաբուժական կլինիկայի սեփականատերերից Լևոն Մինասյանը: Վերջինս «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ անասնաբուժական կլինիկայում իրականացվել է միայն շների բժշկական միջամտությունը:

«Ես զուտ վիրահատության գինն եմ ասել, մնացածը հաշվել են իրենք: Պայմանավորվածությունը եղել է հետևյալ կերպ, իրենք ինձ ներկայացրել են 100 շուն և ասել են, որ մեկ շան վիրահատությունը տեղավորվում  է 22.000-ի մեջ: Վիրահատական ծախսը միջինացված կազմել է 16.000 դրամ»,-ասում է Լևոն Մինասյանը: Ըստ նրա՝ շների տեղափոխման, խնամքի հարցերով զբաղվել է «Դինգո Թիմ»-ը և գումարային տարբերությունը՝ 6000 դրամ, պայմանավորված է հենց այդ ծախսերով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter