HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ինչի հաշվին է աճում արդյունաբերությունը. հանքարդյունաբերության ու մշակող արդյունաբերության կշիռները

Ամուլսարի հանքի շահագործման թեմայի բուռն քննարկումների շրջանակներում վերջին օրերին իշխանության ներկայացուցիչները շատ են խոսում Հայաստանի արդյունաբերության մեջ հանքարդյունաբերության դերի նվազման ու մշակող արդյունաբերության աճի մասին։ Այս տարվա առաջին կիսամյակի պաշտոնական տվյալները ցույց են տալիս, որ հանքարդյունաբերության կշիռն ամբողջ արդյունաբերության մեջ, իսկապես, նվազել է, սակայն մետաղական հանքաքարի արդյունահանման ծավալները շարունակում են աճել։

Այս տարվա առաջին կիսամյակին (հունվար-հունիս) Հայաստանի ամբողջ արդյունաբերության արտադրանքի ծավալն ընթացիկ գներով կազմել է 900.5 մլրդ դրամ։ Ինչպես տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեից, նախորդ տարվա նույն ժամանականաշրջանի համեմատ, արդյունաբերության աճը կազմել է 6.9%: Ընդ որում, նկատելի է, որ այս աճն հիմնականում պայմանավորված է երկրորդ եռամսյակով։

Հանքարդյունաբերությունն աճել է 6.8%-ով

Առաջին կիսամյակին հանքարդյունաբերության ծավալը, ըստ Վիճկոմիտեի, կազմել է 159.2 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելանալով 6.8%-ով։ Մասնավորապես, այս ընթացքում մետաղական հանքաքարի արդյունահանումը կազմել է 154.4 մլրդ դրամ՝ աճելով 7.1%-ով։ Իսկ հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման այլ ճյուղերն ապահովել են մոտ 4.5 մլրդ դրամ՝ աճելով 8.7%-ով։

Ընդհանուր առմամբ, ամբողջ արդյունաբերության մեջ հանքարդյունաբերության տեսակարար կշիռն այս տարվա առաջին կիսամյակում կազմել է 17.7%: 2018 թվականի առաջին կիսամյակում այն կազմել է 19.6%: Այդպիսով, հանքարդյունաբերության կշիռը նվազել է 1.9 տոկոսային կետով։

Այսինքն՝ մի կողմից հանքարդյունաբերության ծավալները շարունակում են աճել, մյուս կողմից՝ այս ոլորտի տեսակարար կշիռն արդյունաբերության մեջ նվազում է։  

Մշակող արդյունաբերության կշռն այս ընթացքում 63.1%-ից դարձել է 67.2%, էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման կշիռը՝ 15.8%-ից 13.7%, իսկ ջրամատակարարման կշիռը՝ 1.5%-ից 1.4%։   Ստացվում է, որ արդյունաբերության մյուս ճյուղերի կշիռը նվազել է, մշակող արդյունաբերության կշիռը՝ մեծացել։

Մշակող արդյունաբերությունն աճել է 8.7%-ով

Այս տարվա հունվար-հունիսին մշակող արդյունաբերության ծավալները կազմել են 605.1 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ամիսների համեմատ աճելով 8.7%-ով։

Մշակող արդյունաբերությունը շարունակում է հիմնվել մեծամասամբ 4-5 ճյուղերի վրա։ Ու չնայած որոշ ճյուղերում աճ է արձանագրվում, ինչպես հագուստի արտադրությունում, սակայն չափազանցված են այն պնդումները, թե այդ կամ այլ փոքր կշիռ ունեցող ճյուղերի հաշվին է աճել արդյունաբերությունը։

Ինչպես տեսնում եք, Հայաստանի մշակող արդյունաբերության մեջ ամենամեծ կիշռ ունի սննդամթերիք արտադրությունը։ Հաջորդում են ծխախոտի ու հիմնային մետաղների արտադրությունը։ Էական կշիռ ունի նաև խմիչքի արտադրությունը։

Այս տարվա առաջին կիսամյակում սննդամթերքի արտադրության ծավալները, 2018 թվականի առաջին կիսամյակի համեմատ, աճել են 7.8%-ով, խմիչքի ծավալները՝ 7.9%-ով, ծխախոտի ծավալները՝ 16.7%-ով։

Իսկ հիմնային մետաղների արտադրանքը ծավալները կրճատվել են 2.5%-ով։

Ինչ վերաբերում է, հագուստին ու մանածագործական իրերին, ապա հագուստի արտադրության ծավալներն աճել են 26.2%-ով, իսկ մանածագործական իրերինը՝ 35.5%-ով։

Մշակող արդյունաբերության վիճակագրության մեջ մտահոգիչ են ոսկերչական իրերի ցուցանիշները։ Այս տարվա առաջին կիսամյակում ոսկերչական արտադրատեսակների արտադրությունը կրճատվել է 31.8%-ով։

Էլեկտրաէներգիայի արտադրության, հաղորդման ու բաշխման ծավալները կրճատվել են 3%-ով

Հաջորդ խումը արդյունաբերության մեջ էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարումն է, որի ծավալներն այս տարվա հունվար-հունիսին կազմել են 123.4` նվազելով 0.3%-ով։

Մասնավորապես, էլեկտրաէներգիային արտադրության, հաղորդման ու բաշխման ծավալները կազմել են 103.4 մլրդ դրամ՝ կրճատվելով 3%-ով։

Ի դեպ, էլեկտրաէներգիայի արտադրության գերակշիռ մասն, ըստ էլեկտրակայանների ապահոված ծավալների, բաժին է ընկնում ջերմաէլեկտրակայաններին ու հիդրոէլեկտրակայաններին։

Ջրամատակարարման ոլորտում 2.7% աճ է գրանցվել

Արդյունաբերում մյուս խոշորացված ենթախումբն է ջրամատակարարումը, կոյուղին, թափոնների կառավարումն ու վերամշակումը, որի ծավալները վեց ամսում կազմել են 12.8 մլրդ դրամ՝ աճելով 2.7%-ով։

Մասնավորապես, ջրի հավաքումը, մշակումն ու բաշխումը կազմել են 8.1 մլրդ դրամ՝ ավելանալով 7%-ով։

Արդյունաբերությունը կենտրոնացված է մայրաքաղաքում

Հայաստանի տնտեսության գլխավոր խնդիրներից մեկը մայրաքաղաքի շուրջ գերկենտրոնացվածությունն է, որը չափազանց խոցելի է դարձնում մարզերը։ Արդյունաբերության ոլորտում ևս այդ խնդիրը կա։

Այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով՝ Հայաստանի ամբողջ արդյունաբերության 39.8%-ն ապահովել է Երևանը։ Մարզերից համեմատաբար էական կշիռ ունեն Սյունիքը՝ 18.6%, Արարատը՝ 14.4% և Կոտայքը՝ 9.1%:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter