HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարդու իրավունքների պաշտպանը մանրամասներ է հաղորդում Ոստիկանություն և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն այցի արդյունքների վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տեղեկացնում է, որ այսօր ողջ օրվա ընթացքում իրականացվել է Ամուլսարի հանքի հետ կապված ակցիաների դիտարկում ինչպես անմիջականորեն, այնպես էլ լրատվամիջոցների ու սոցիալական մեդիայի միջոցով:

Ուսումնասիրության ներքո են եղել նաև Ոստիկանության գործողությունները:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել է 7 ահազանգ այն մասին, որ Ոստիկանության ծառայողներն անհամաչափ ուժ են գործադրել ակցիաների մասնակիցների նկատմամբ ու նրանցից մի քանիսին բերման են ենթարկել Ոստիկանության բաժին: Ահազանգերից մեկի համաձայն՝ բերման ենթարկվածներից մեկն ունի բժշկական օգնության կարիք:

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ անմիջապես արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժին: Բաժնում գտնվելու ընթացքում պարզվել է, որ բերման է ենթարկվել բողոքի ակցիայի 6 մասնակից, որոնցից մեկը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Ուստի, Պաշտպանի որոշմամբ` մեկ այլ խումբ էլ անմիջապես մեկնել է բժշկական կենտրոն:

Ոստիկանության բաժնում Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել ակցիայի ժամանակ բերման ենթարկված բոլոր մասնակիցների հետ: Վերջիններս պնդել են, որ Ոստիկանության ծառայողներն իրենց չեն ներկայացրել ազատությունից զրկելու պատճառները և բերման ենթարկելիս կիրառել են օրենքը խախտող անհամաչափ ֆիզիկական ուժ:

Պաշտպանի ներկայացուցիչներն ուսումնասիրել են բերման ենթարկված աձանց հաշվառման մատյանը և արձանագրել լրացման կարգի խախտումներ: Նաև արձանագրվել է, որ Ոստիկանության բաժնում գտնվողներն ազատ են արձակվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքով սահմանված ժամկետում: Անազատության մեջ գտնվող անձանց պարզաբանել են նրանց իրավունքները, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու կարգը և Պաշտպանի կողմից բողոքի քննարկման ընթացակարգը:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն մեկնած արագ արձագանքման խումբն առանձնազրույց է ունեցել բուժկենտրոն տեղափոխված անձի հետ: Արձանագրվել է նրա առողջական վիճակի վերաբերյալ բժշկական անձնակազմի գնահատականը: Առանձնազրույցի ընթացքում բժշկական հաստատություն տեղափոխված ակցիայի մասնակիցը տեղեկացրել է, որ իր նկատմամբ Ոստիկանության ծառայողները կիրառել են բռնություն, այդ թվում՝ հարվածել են դեմքին և ոտքերին, ինչի պատճառով վատթարացել է իր առողջական վիճակը: 

Պաշտպանի ներկայացուցիչները նրա հետ առանձնազրույց են ունեցել նաև Ոստիկանության բաժնում, ով ևս մեկ անգամ հաստատել է այդ տեղեկությունը:

Այցի ընթացքում պարզվել է նաև, որ Ոստիկանության բաժին բերված երեք անձ, այդ թվում՝ բուժկենտրոն տեղափոխվածը, Ոստիկանության ծառայողների գործողությունների վերաբերյալ ներկայացրել են հանցագործության մասին հաղորդում:

Վերը նշված այցերի արդյունքները սահմանված կարգով կամփոփվեն և համապատասխան գրություններ կուղարկվեն ՀՀ ոստիկանություն և ՀՀ դատախազություն: 

Ամուլսարի հանքի հետ կապված խնդիրները շարունակելու են գտնվել Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter