HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թաթուլ Հակոբյան

Միջնորդները գաղտնազերծում են կարգավորման սկզբունքները

Քոչարյանը Ղարաբաղի հարցում գնում է աննախադեպ զիջումների, բայց Ալիեւն ավելին է պահանջում

Ղարաբաղյան կարգավորման ներկա հանգրվանում ամենաանհասկանալին Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի կեցվածքն է: Մեկ շաբաթից ավելի է, որ հրապարակվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքները (որոնք մայիսի վերջին համանախագահներն ու նրանց ուղեկցող ռուս, ամերիկացի եւ ֆրանսիացի ավագ դիվանագետները ներկայացրել էին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի քննարկմանը՝ հույս ունենալով, որ հունիսի սկզբին Բուխարեստում երկու երկրների նախագահները համաձայնության կգան), մինչդեռ պրն Ղուկասյանը դեռեւս չի շտապում հրապարակավ իր կարծիքը հայտնել մի հարցի մասին, որն ուղղակիորեն վերաբերում է նրա կողմից ղեկավարվող տարածքի ապագային:

Նախ ներկայացնենք երկուսուկես էջանոց փաստաթղթի հիմնական սկզբունքները.

1. հայկական զինված ուժերի փուլային դուրսբերում Լեռնային Ղարաբաղը շրջապատող ադրբեջանական տարածքներից' հատուկ մոտեցում ցուցաբերելով Քելբաջարի ու Լաչինի շրջանների նկատմամբ,

2. Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը որոշելու համար ապագայում նախատեսվում է հանրաքվե կամ համընդհանուր քվեարկություն, որի ժամկետը սահմանված չէ,

3. որոշակի միջանկյալ պայմանավորվածություններ կլինեն, որոնք կապահովեն Լեռնային Ղարաբաղի շփումը միջազգային աջակցություն ցուցաբերողների հետ,

4. կտեղակայվեն միջազգային խաղաղապահ ուժեր,

5. միջազգային ֆինանսական աջակցություն կապահովվի ականազերծման, վերականգնողական աշխատանքների ու ներքին տեղահանվածներին նախկինում օկուպացված ու Լեռնային Ղարաբաղի պատերազմից տուժած տարածքներում վերաբնակեցնելու նպատակով:

Վերոշարադրյալ սկզբունքները ակնհայտորեն նորություն չէին ղարաբաղյան կարգավորման հարցով զբաղվող լրագրողների եւ փորձագետների, առավել եւս՝ պաշտոնյաների համար: Նույնատիպ սկզբունքներ են պարունակում միջնորդների ներկայացրած՝ 1997թ. երկու(«փաթեթային» եւ «փուլային») եւ 1998թ. («ընդհանուր պետություն») առաջարկությունները: Նորությունը, թերեւս, հանրաքվեի գաղափարն է, եւ եթե հավատանք արտգործնախարար Վարդան Օսկանյանին՝ «բանակցությունների ընթացքում ի հայտ եկած անհամաձայնությունները չեն վերաբերում հանրաքվեին, այդ հարցը նախագահների միջեւ արդեն համաձայնեցված է, տարաձայնությունները վերաբերում են ԼՂ ռազմական կոնֆլիկտի առաջացրած հետեւանքների վերացման հերթականությանը»:

Հունիսի 22-ին ԵԱՀԿ մշտական խորհրդին ներկայացված փաստաթղթում Մինսկի խմբի համանախագահները հստակ նշում են, որ «չեն փորձել մեկ փուլով կարգավորել հակամարտության բոլոր ասպեկտները, դրա փոխարեն առաջնորդվել են այն սկզբունքով, որ հասնեն նշանակալի առաջընթացի, սակայն մի քանի չափազանց դժվար հարցերի կարգավորումը թողնել ապագային ու նախատեսել հետագա բանակցություններ»: Ավելի պարզ՝ միջնորդները, ինչպես 1997թ. աշնանը, առաջարկում են Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը թողնել ապագային, տվյալ դեպքում՝ հանրաքվեին կամ համընդհանուր քվեարկությանը, որի ժամկետները եւս ճշտված չեն: Փաստորեն, ըստ միջնորդների վերջին առաջարկների, հայկական ուժերը դուրս են բերվում վերահսկելի բոլոր տարածքներից, բացի Քելբաջարն ու Լաչինը: Քելբաջարը վերադարձվում է այն բանից հետո, երբ անց է կացվում հանրաքվեն:

Թե ինչ է նշանակում «հայկական զինված ուժերի փուլային դուրսբերում Լեռնային Ղարաբաղը շրջապատող ադրբեջանական տարածքներից' հատուկ մոտեցում ցուցաբերելով Քելբաջարի ու Լաչինի շրջանների նկատմամբ», որը համանախագահների հայտարարությունում նշվում է որպես առաջնային սկզբունք, արտգործնախարար Վարդան Օսկանյանն այսպես է մեկնաբանում. «Այս ընդարձակ ձեւակերպումն ունի երկու մակարդակ. մեկը Լաչինի հարցն է, որի սկզբունքների շուրջ բուն բանակցային տեքստի հստակ ձեւակերպումն այն է, որ լինելու է «Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցք»: Հայաստանի համար շատ հստակ է, որ այդ միջանցքը պետք է ունենա Լեռնային Ղարաբաղի հետ նույն կարգավիճակը: Երկրորդ մակարդակը վերաբերում է Քելբաջարին. Հայաստանի համար սա նույնպես հստակ է' ելնելով անվտանգության մտահոգություններից' Քելբաջարը կարող է վերադարձվել միայն հանրաքվե անցկացնելուց եւ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշումից հետո: Սա այն անհամաձայնությունն է, որին համանախագահները հղում են կատարում իրենց հայտարարության մեջ»:

Ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի ասելով՝ զբաղեցրած տարածքներից հայկական զորքերի դուրսբերումը կարգավորման հիմնական սկզբունքների կարեւոր տարր է: «Սակայն, հայերին հորդորելով՝ «դուրս բերեք զորքերը տարածաշրջանից, ինչը թույլ կտա նվազեցնել լարվածությունը տարածաշրջանում», մենք չենք հասնի ցանկալիին: Եթե հայերը իմանան, որ դրա փոխարեն ինչ-որ բան կստանան, ապա դա կանեն: Փորձագետներն իրավացի են. եթե հայկական զորքերը դուրս բերվեն, ապա դա կնվազեցնի լարվածությունը: Սակայն փոխարենը նրանք պետք է ինչ-որ բան ստանան: Այդ պատճառով պետությունների ղեկավարները պետք է ընդունեն ծանր որոշում,- «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանն ասել է ամերիկացի միջնորդը եւ ավելացրել,-դժվարությունն այն է, թե ինչպես համաձայնեցնել հայկական ուժերի դուրսբերման ժամանակային պարամետրերը Ղարաբաղի կարգավիճակի հետ»:

Եկեք մի պահ վերադառնանք 1997թ., այսպես կոչված փուլային տարբերակին, որը որպես բանակցությունների հիմք, բայց վերապահումներով, ընդունելի էր համարում Հայաստանի առաջին նախագահը: Լեւոն Տեր-Պետրոսյանը համարում էր, որ դա առավելագույնն է տվյալ պահի համար, ավելին հնարավոր չէ ստանալ, ԼՂ անկախության եւ Հայաստանին միացման հարցում Հայաստանը դաշնակիցներ չունի:

Անվտանգության խորհրդի 1998թ. հունվարի 7-8-ի հայտնի նիստում (այս մասին ներքոշարադրյալը մեզ պատմել է նիստի մասնակիցներից մեկը-Թ. Հ.) Արկադի Ղուկասյանը, Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը չեն համաձայնվում Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Տեր-Պետրոսյանը Ղուկասյանին հարցնում է՝ իսկ դուք ի՞նչ եք ուզում, գրավոր, հստակ ներկայացրեք: Ղուկասյանը պատասխանում է՝ մեկ շաբաթից հստակ կներկայացնենք: 1998թ. հունվարի 17-ին Ստեփանակերտից Երեւան է բերվում պայմանագրի մի նախագիծ, որը, ըստ ԼՂ իշխանության, պետք է կնքվեր Ադրբեջանի եւ Ղարաբաղի միջեւ, որով Ղարաբաղը միջազգային իրավունքի տեսանկյունից ստանում էր անկախությունից էլ բարձր կարգավիճակ, այսինքն՝ անկախություն, որը երաշխավորում էին Հայաստանը, Ադրբեջանը, ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն: Ոչ պակաս տպավորիչ էր քարտեզը, որով ԼՂ-ն պետք է ունենար 8000 քառ. կմ տարածք՝ Քելբաջարով, Լաչինով, Ղուբաթլուով:

Այդ օրերին հաջորդած իրադարձությունների մասին շատ է գրվել, կրկնենք շատ կարճ՝ Տեր-Պետրոսյանին վերագրվում է Հայաստանի եւ Ղարաբաղի ազգային շահերը դավաճանողի պիտակ, նա հրաժարական է տալիս, եւ իշխանության է գալիս իշխանության ղարաբաղյան թեւը իր հաղթողական ծրագրով: Իշխանափոխությունից հետո «8000 քառ. կմ տարածքով անկախ Ղարաբաղ» առաջարկությունը երբեք չի դրվում միջնորդների սեղանին: Ահա թե ինչու է այս պահին անհասկանալի Արկադի Ղուկասյանի լռությունը:

Այն բանից հետո, երբ Մեթյու Բրայզան գաղտնազերծեց կարգավորման սկզբունքները, հայտարարությամբ հանդես եկան Հայաստանի նախագահի մամլո խոսնակը եւ Արտգործնախարարությունը՝ մասնավորապես ընդգծելով, որ «բանակցությունների Ռամբույեի փուլից հետո Բուխարեստում սեղանի վրա դրված առաջարկություններին Հայաստանը համաձայնել է, իսկ Ադրբեջանը' մերժել»: «Բացի այդ,-ասվում էր ԱԳՆ հայտարարությունում,-Ադրբեջանի փոփոխամտությունը լուրջ խոչընդոտ է բանակցությունների առաջընթացում: Նման քաղաքականության շարունակության դեպքում Հայաստանը կպնդի, որ Ադրբեջանը ուղիղ բանակցություններ վարի Ղարաբաղի հետ»:

Թե հակամարտության կողմերից ո՞ր մեկն է մերժել համանախագահների վերջին առաջարկությունը, միանշանակ պարզ չէ, այդ մասին չի նշվում ո՛չ համանախագահների հայտարարության, եւ ո՛չ էլ Բրայզայի հարցազրույցներում: Միջնորդները նշում են միայն, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին չհաջողվեց համաձայնության գալ:

«Որպես համանախագահներ՝ մենք սպառել ենք մեր երեւակայությունը այս սկզբունքները ճանաչելու, ձեւակերպելու եւ վերջնական տեսք տալու հարցում: Մենք չենք հավատում, որ լրացուցիչ այլընտրանքային տարբերակները, որ առաջ կքաշեն միջնորդները կողմերի հետ լրացուցիչ հանդիպումների ընթացքում, կբերեն այլ արդյունքների»,-հուսահատորեն արձանագրում են միջնորդները: «Մենք չենք տեսնում իմաստ այս պահին շարունակելու վերջին մի քանի ամիսների ինտենսիվ միջնորդական դիվանագիտությունը: Մենք նաեւ իմաստ չենք տեսնում նախաձեռնելու լրացուցիչ հանդիպումներ նախագահների միջեւ, մինչեւ նրանք չցուցադրեն մնացած անհամաձայնությունները հաղթահարելու բավարար քաղաքական կամք»,-ասվում է համանախագահների հայտարարության մեջ:

Հայաստանում, Ադրբեջանում եւ Լեռնային Ղարաբաղում կարգավորման սկզբունքների գաղտնազերծումը ոգեւորություն առաջ չբերեց, հակառակը՝ երեք կողմերի մոտ էլ զգացվում է որոշակի դժգոհություն: Այնուամենայնիվ, Երեւանը պնդում է, որ հերթական անգամ Բաքուն է ձախողել միջնորդների առաջարկները, իսկ Բաքուն մեղքը գցում է Երեւանի վրա:

ԼՂ խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը

կարծում է, որ «բանակցությունների սեղանին դրված փաստաթուղթը ձեռնտու չէ բանակցող կողմերից եւ ոչ մեկին, եւ դիվանագիտական պատերազմը կողմերի միջեւ ընթանում է այն մակարդակի վրա, թե նրանցից որ մեկը կմերժի առաջարկվող սկզբունքները»:

Խորհրդարանականի ասելով՝ ԼՂ իշխանությունները չեն կարող ընդգրկվել բանակցային գործընթացում եւ կրել պատասխանատվություն: «Այս պահին ԼՂ-ն չի կարող ընդգրկվել բանակցային գործընթացում, քանի որ տեղի ունեցածին նախորդել է նախագահների բուխարեստյան հանդիպումը, ԼՂ-ն պաշտոնապես այդ գործընթացներում ընդգրկված չի եղել, այսինքն' երբ պաշտոնապես ընդգրկված չի եղել, չի էլ կարող պատասխանատվություն կրել այն ամենի համար, ինչ որ կա բանակցությունների սեղանին: ԼՂՀ-ն պաշտոնապես պատասխանատվություն կրում է հրադադարի ռեժիմի պահպանման 1994թ. զույգ համաձայնագրերով եւ իր այդ պարտավորությունները կատարում է»,-ասաց Աթանեսյանը:

Ադրբեջանում հայտնի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն Բաքվից մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ համանախագահների հայտարարությունը Բաքվում առաջ է բերել դժգոհության եւ մեկնաբանությունների եւս մեկ ալիք: «Ադրբեջանը չի կարող համաձայնել հանրաքվեի գաղափարի հետ, եթե այն անց է կացվում միայն Լեռնային Ղարաբաղում կամ Լեռնային Ղարաբաղի հայերի շրջանում, քանի որ դա հակասում է երկրի սահմանադրությանը: Այնպես որ, որպեսզի ադրբեջանական հասարակությանը ստիպեն գնալ հանրաքվեի, նախ անհրաժեշտ կլինի անցկացնել համաժողովրդական հանրաքվե, փոխել գործող սահմանադրությունը: Այսօր անհավատալի է թվում, որ ադրբեջանական հասարակությունը կգնա դրան»,-ասաց ադրբեջանցի քաղաքագետը:

Ալիզադեն կանխատեսում է. «Այն բանից հետո, երբ համանախագահները «լվանում են իրենց ձեռքերը», կսկսվի հակամարտության սառեցման երկար ժամանակաշրջան, չեն լինի նախաձեռնություններ, կողմերը կշարունակեն մեղադրել միմյանց եւ միջնորդներին»:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ստեփան Սաֆարյանը Հայաստանի նախագահի մամլո խոսնակի ու Արտգործնախարարության հայտարարությունները որակում է բացահայտ դժգոհություն-շանտաժ' ուղղված ԱՄՆ-ին: «Հայաստանի իշխանությունները Բրայզային անուղղակիորեն մեղադրում են իրենց դիրքերը թուլացնող բարձրաձայնումներ անելու մեջ: Նրանք հայտնվել են խուճապի մեջ, քանի որ ի սկզբանե հաշվարկը եղել է այն, որ այս մի տարբերակը եւս կձախողվի Ադրբեջանի մեղքով, հանրությունից գաղտնի կպահվի, ինչպես դա եղավ 2001թ. Քի Վեսթում, եւ հայ հասարակությունը, վարչախմբի ընդդիմախոսներն ու անգամ Քոչարյանի հենարան քաղաքական ուժերը երբեւէ հիմքեր չեն ունենա նրան մեղադրելու Հայաստանի ու ԼՂ շահերի դեմ գործելու, 1998թ. տված խոստումները չկատարելու (այդ ժամանակ Քոչարյանն իր խռովարար թիմակիցների հետ միասին հայ հանրությանը խոստացել է 8 հազար քառ. կմ տարածքով անկախ Լեռնային Ղարաբաղ) մեջ: Այդ դեպքում իրենք կկարողանային հայրենասիրության, ազգասիրության դիմակի տակ ու հայ ժողովրդին մոբիլիզացնող այդ գերխնդրի շահարկումով պահպանել իշխանությունը, ինչն արել են 8 տարի շարունակ»,-ասում է նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter