HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արձանագրվել են աղիքային վարակի դեպքեր

Գեղարքունիքի մարզի Վաղաշեն համայնքից օգոստոսի 18-ին՝ 10 քաղաքացի, որից 5-ը երեխաներ` աղիքային վարակներին բնորոշ գանգատներով հոսպիտալացվել են Մարտունու հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունք։ Վերջիններիս մոտ դիտվել է լուծ, փսխում, ջերմություն։ Այս մասին հաղորդում է առողջապահության նախարարությունը։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների կողմից անմիջապես կազմակերպված համաճարակաբանական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ բոլորն օգոստոսի 17-ին մասնակցել են տանը կազմակերպված խնջույքի` ուտելով թթվասերով և մայոնեզով համեմված հավի կրծքամսով աղցան, խոզի, հավի խորոված և տնային պայմաններում պատրաստված կրեմով թխվածք։ 

Հոսպիտալացված հիվանդների կենսանմուշները և սննդի մնացորդների նմուշները տեղափոխվել են Երևան՝ լաբորատոր հետազոտությունների նպատակով: Հիվանդների մոտ հայտնաբերվել է սալմոնելայի, ինչպես նաև ադենովիրուսի և նորովիրուսի ԴՆԹ: Հիվանդների վիճակը ներկայումս բավարար է, ունեն դրական շարժընթաց։ Աշխատանքները շարունակվում են. լաբորատոր հետազտությունների արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ:

Աղիքային վարակիչ հիվանդություններից և սննդային թունավորումներից խուսափելու նպատակով առողջապահության նախարարությունը կրկին  հիշեցնում և հորդորում է.

  • սննդամթերքը (մրգերը, բանջարեղենը, հատապտուղները)  օգտագործելուց առաջ լավ լվանալ հոսող մաքուր ջրով,
  • չօգտագործել տնային պայմաններում պատրաստվող և շուտ փչացող սննդամթերք, հում մթերքներից պատրաստվող սոուսներ, աղցաններ,  
  • պահպանել սննդամթերքը պատշաճ ջերմային պայմաններում` սառնարանում,
  • ընտրել թարմ, ոչ ժամկետանց սննդամթերք,
  • չգնել  արտաքին միջավայրի գործոնների՝ արևի ճառագայթների և մթնոլորտային տեղումների, ինչպես նաև փոշու, ավտոտրանսպորտի արտանետումների անմիջական ազդեցության ներքո գտնվող մայրուղիներում, փողոցներում, բնակելի շենքերի բակերում բացօթյա  պայմաններում պատրաստվող և վաճառվող սննդամթերք` միս-մսամթերք, կաթ-կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, ձու, ձկնեղեն, թարմ ձկնկիթ, պահածոյացված սննդատեսակներ, կարկանդակներ, փքաբլիթներ, խորոված, քաբաբ և այլն, 
  • ընդհանրապես բացառել կրեմային հրուշակեղենի օգտագործումը, չգնել տեղում պատրաստվող լցնովի փափուկ պաղպաղակ, զովացուցիչ ըմպելիքներ, կվաս, թարմ մրգերից պատրաստվող հյութեր,
  • սննդամթերքը պահել պատշաճ ջերմային պայմաններում և փակ տարողություններում՝ ճանճերի կողմից աղտոտումը կանխարգելելու նպատակով, 
  • առանձնացնել հում սննդամթերքը եփածից, ինչպես նաև սննդի պատրաստման ժամանակ հում և պատրաստի մթերքի համար օգտագործել առանձին խոհարարական պարագաներ՝ դանակներ, ափսեներ, տախտակներ: Շատ կարևոր է հետևել, որպեսզի մսամթերքից և այլ հում մթերքից հոսող հեղուկը չաղտոտի պատրաստի սննդատեսակները (աղցաններ, միրգ, բանջարեղեն և այլն),
  • սնունդը լավ եփել կամ տապակել` առնվազն 700C պայմաններում,
  • պատահական վայերից սունկ չգնել: Գնված սունկը լվանալիս պետք է լինել ուշադիր և չօգտագործել արտաքին տեսքը լրիվ կամ մասնակի փոխած սունկ,
  • հետևել ձեռքերի հիգիենային՝ լվանալ հաճախակի, ամեն անգամ սնունդը պատրաստելուց  և ուտելուց առաջ, զուգարանից օգտվելուց հետո,
  • աղիքային վարակներին բնորոշ գանգատների դեպքում ՉԶԲԱՂՎԵԼ ինքնաբուժմամբ, անհապաղ դիմել բժշկական օգնության:

Լուսանկարը՝ foodsafety.com կայքի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter