
Տարկետում ստացած քաղաքացիները չեն կատարել պայմանագրային պարտավորությունները. 2 քրեական գործ է հարուցվել
«Հետքը», ուսումնասիրելով զորակոչից տարկետում տալու մասին տարբեր տարիների որոշումները, դիմել էր պաշտպանության նախարարություն՝ պարզելու, թե արտերկրում կրթություն ստանալու համար տարկետում ստացած անձինք արդյոք վերադարձել են Հայաստան և կատարել իրենց պայմանագրային պարտավորությունը, թե ոչ:
Մենք գտել էինք մի քանի փաստաթղթեր, որոնցով տարկետում ստացած քաղաքացիները պարտավորվել են կրթություն ստանալուց հետո վերադառնալ Հայաստան և 2 տարի աշխատել ՊՆ-ում կամ ՊՆ առաջարկվող վայրում:
Ըստ Կառավարության 2007 թվականի N 853-Ա որոշման՝ քաղաքացիներ Արմեն Գևորգի Հովսեփյանը, Միքայել Հայկի Խաչատրյանը, Արմեն Արամի Արմաղանյանը, Գագիկ Լևոնի Մելիքյանը, Սերգեյ Գառնիկի Ղազարյանը և Մհեր Վազրիկի Պետրոսյանը ՝ մինչև 2011 թվականի գարնանային զորակոչ (այն ժամանակ տարեկան 4 զորակոչ էր գործում՝ ներկայիս 2-ի փոխարեն) տարկետման իրավունք են ստացել, սակայն պարտավորվել են ուսումնառությունն ավարտելուց հետո վերադառնալ Հայաստան՝ համաձայն Կրթության և գիտության նախարարության հետ կնքած պայմանագրի:
Այս վեց քաղաքացիներից միայն մեկն է, որ վերադարձել է Հայաստան ու զորակոչվել զինված ուժեր: Այժմ յուրաքանչյուր դեպք ներկայացնենք առանձին:
Պաշտպանության նախարարությունը մեր հարցմանն ի պատասխան՝ հայտնել է, որ Արմեն Գևորգի Հովսեփյանը տակետման ավարտից հետո ներկայացել է տարածքային զինվորական կոմիսարիատ և օրենքով սահմանված այլ հիմքով ստացել տարկետում: Տարկետման ժամկետի ավարտից հետո կրկին ներկայացել է զինկոմիսարիատ և ազատվելով պարտադիր զինվորական ծառայությունից՝ հաշվառվել պահեստազորում: Նման կերպ զինծառայությունից ազատվել է նաև Միքայել Հայկի Խաչատրյանը և հաշվառվել պահեստազորում:
Արմեն Արամի Արմաղանյանը տարկետման իրավունքի ավարտից հետո չի ներկայացել զինկոմիսարիատ, ինչից հետո զորակոչից խուսափելու փաստով քրեական գործ է հարուցվել և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: 27 տարին լրանալուց հետո իր դիմումի համաձայն վերջինիս նկատմամբ կիրառվել է «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքը և կատարված համապատասխան վճարման հիման վրա քրեական գործը կարճվել է, որից հետո Արմաղանյանը հաշվառվել է պահեստազորում:
Գագիկ Լևոնի Մելիքյանը տարկետման ավարտից հետո ներկայացել է զինկոմիսարիատ, օրենքով սահմանված այլ հիմքով տարկետում ստացել, ապա ազատվել զինծառայությունից և հաշվառվել պահեստազորում: Նույն կերպ զինծառայությունից ազատվել է նաև Սերգեյ Գառնիկի Ղազարյանը: Նշված ցանկից զորակոչվել է միայն Մհեր Վազրիկի Պետրոսյանը:
2014 թվականի N 661-Ա որոշմամբ տարկետում է ստացել քաղաքացի Դավիթ Արմենի Հարությունյանը, վերջինս պարտավորվել է ուսումն ավարտելուց հետո վերադառնալ Հայաստան և 2 տարի իր մասնագիտությամբ աշխատել ՊՆ-ում կամ ՊՆ առաջարկած վայրում: Սակայն վերջինս տարկետում ստանալուց հետո չի վերադարձել Հայաստան, նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ և հայտարարվել հետախուզում:
ՊՆ-ն չի տրամադրել վերոնշյալ քաղաքացիների զինծառաությունից ազատման հիմքերը՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքի» պատրվակով: Եվ միայն այն հանգամանքը, որ նույնիսկ հեղափոխությունից հետո մի շարք քաղաքացիների նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ փաստաթուղթ կեղծելու միջոցով զինծառայությունից ազատվելու փորձերի համար, ավելի է կասկածի տակ դնում նախկինում տարկետումներ տրամադրելու հիմքերի օրինականությունը:
Հիշեցնենք, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 2017 թվականի փոփոխությունից հետո խստացվեց կրթական հիմքով տարկետում ստանալու հիմքերը: Այժմ տարկետում կարող է ստանալ ՀՀ պետական բուհ ընդունված այն ուսանողը, որը ՊՆ-ի հետ կնքում է քաղացիաիրավական բնույթի պայմանագիր՝ ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո ՊՆ նշած վայրում և պայմաններով զինծառայության անցնելու վերաբերյալ:
Կառավարության որոշմամբ տարկետում տրամադրվում է նաև գիտության, կրթության, բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին՝ Կառավարության սահմանած կարգով և պայմաններով: Նկատենք, որ օտարերկրյա բուհեր ընդունված քաղաքացիների մեծ մասը հենց այս հոդվածով է տարկետում ստանում:
Հ.Գ. Փաստթղթերում անընթեռնելի ենք դարձրել տվյալ քաղաքացու հաշվառման վայրն ու ծննդյան թիվը:
Մեկնաբանել