HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Գեղարքունիքում 8 հոգու մոտ սիբիրյան խոց է հայտնաբերվել. հիվանդ կենդանու տերն ասում է՝ կովը պատվաստված է եղել

Այսօր Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքի 8 բնակչի մոտ սիբիրյան խոց է ախտորոշվել՝ վարակված կովի մսի հետ շփումից:

Գյուղապետը, Սննամթերքի անվտանգության տեսչական մարմնի մարզային անասնաբուժական ծառայության աշխատակիցն ասում են, որ կենդանին այդ գյուղից չէ և չի պատվաստվել։ Կովի տերն ասում է՝ կենդանին արդեն 3 տարի է՝ իրենց գյուղում է ապրում և պատվաստվել է, իսկ թե ինչ որակի պատվաստանյութով, չի կարող ասել:

 

Օգոսոտոսի 12-ին Գեղհովիտ գյուղում Հունան Ստեփանյանն իր համագյուղացիների հետ մորթել է իր երեք հորթերից մեկը: Միսը բաժանվել է նրանց միջև: Օրեր հետո կենդանու մորթն իրականացնողներից 2 հոգի ձեռքի մատների և դաստակի շրջանում խոցոտված վերքերով (սիբիրյան խոցի մաշկային ձև) դիմել են Մարտունու բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք:

Այս դեպքից հետո Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետներն այցելել են գյուղ, արդյունքում ևս 6 հոգու մոտ հայտնաբերվել է սիբիրյան խոց:

Գյուղացիներից 5-ն ուղեգրվել են Երևան՝ «Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց»: Առողջապահության նախարարությունն այսօր հաղորդագրություն է տարածել՝ ընդգծելով, որ «բոլոր հիվանդներին տրվել է համապատասխան բուժում, իսկ համայնքի բնակչության նկատմամբ՝ սահմանվել բժշկական հսկողություն»:

 Սիբիրախտը կենդանիների և մարդու սուր վարակիչ հիվանդություն է։ Հարուցիչը սիբիրախտի ցուպիկն է (Bacillus anthracis)։ Այն երկար տարիներ հողում կենսունակ է մնում և դիմանում է մինչև մեկ ժամ եռացնելուն։

Մարդիկ սիբիրախտով վարակվում են հիվանդ կենդանիներ խնամելիս, հարկադրական մորթի և մսեղիքը կտրտելու ժամանակ։
Բուժումը սովորաբար իրականացվում է հակասիբիրախտային գամմագլոբուլինով և հակաբիոտիկներով։

Գեղհովիտի գյուղապետ Վարդան Պողոսյանը «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ վարակակիրը մեկ անասուն է եղել, գյուղացիներից մեկի կովն է, ինպես նաև հավելեց, որ իրենց գյուղ են այցելել նաև Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները․

«Եկել են (ՍԱՏՄ-ից, հեղ․), ստուգել են, տեսել են՝ ինչ կա, չկա: Նմուշը ուղարկել են, պարզվել է ՝ սիբիրախտ է,- ասաց Վ, Պողոսյանը։- Պարտադիր պետք է թաղվի»:

Այժմ էլ պատրաստվում են փոս փորել, այրել և վերացնել հիվանդ կենդանու մսեղիքի մնացորդները: Գյուղապետի խոսքով՝ իրենց անասնաբույժը գյուղում այլ կենդանիների էլ է ստուգել, սակայն որևէ մեկի մոտ նման խնդիր չի հայտնաբերվել, իսկ այս վարակակիր կենդանին իրենց գյուղում «նոր կենդանի է», ուրիշ տեղից է բերվել, իսկ թե որտեղից, դժվարացավ ասել՝ շեշտելով, որ սիբիրյան խոցի դեմ իրենք պարբերաբար պատվաստումներ անում են՝ «պետության տված պատվաստանյութերով»:

«Չորս ամիսը մեկ պատվաստում ենք,- նշեց գյուղապետը։-Սա առաջին դեպքն է, նման խնդիր չի եղել»: Հետագա իրականացվելիք գործողությունների վերաբերյալ էլ հայտնեց, որ «ինչ որ պետք լինի, անպայման կանեն»:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մարզային անասնաբուժական ծառայության աշխատակից Կորյուն Բարսեղյանը, ով գյուղում այս պահին վերահսկողական գործողություններ է իրականացնում, «Հետք»-ին հայտնեց, որ այդ գյուղում սիբիրյան խոցի դեմ կենդանիները հատուկ պատվաստվել են դեռևս այս տարվա փետրվար-մարտ ամիսներին, սակայն երինջի տերերը հրաժարվել էն այդ մեկին պատվաստելուց. «Բոլոր երինջները պատվաստված են եղել, այդ մեկին տերը չի թողել, որ պատվաստեն»:

Ըստ Կորյուն Բարսեղյանի՝ սիբիրյան խոցի դեմ կենդանիների պատվաստումն իրականացվում է տարին մեկ անգամ: Այժմ պատրաստվում են ոչնչացնել հիվանդ կենդանու մնացորդները․ «Մսի մնացորդները հավաքել ենք՝ կաշիով, ամեն ինչով, գերեզմանոց ենք նախապատրաստում, որպեսզի վառենք»։

Գիշերն էլ իրականացվել են ախտահանման աշխատանքներ: Այն հարցին, արդյոք երինջը չի շփվել այլ կենդանիների հետ, Կ. Բարսեղյանը շեշտեց, որ մնացած կենդանիները պատվաստված են, նրանց վտանգ չի սպառնում, և այս դեպքը համաճարակային տարածում չունի:

«Ովքեր որ պատվաստված են, դա նրանց համար կայուն վիճակ է, որևէ խնդիր չի կարող առաջանալ»,- հավաստիացրեց նա, սակայն հավելեց, որ ապահովության համար կրկնապատվաստում են անում։

 

Կովի տերը հերքում է․ կենդանին պատվաստված է եղել

Հունան Ստեփանյանը, ում պատկանում էր երինջը, այս պահին բուժվում է։ Նա մեզ հետ զրույցում հերքեց գյուղապետի և ՍԱՏՄ աշխատակցի խոսքերը՝ ասելով, որ ունի 3 անասուն, և բոլորն էլ պատվաստված են, և նման դեպք չի եղել, որ իր իբրեւ իր կինը հրաժարվի կենդանուն պատվաստելուց։

«Երեք հատ ունեինք կենդանի: էն երկուսը հեն ա տանն են, իրենց ստուգել են՝ ասել են՝ չկա, բայց էդ մեկը, փաստորեն, կա»,- ասաց Հունան Ստեփանյանը։

Այն հարցին, այդ դեպքում՝ ինչպես է կենդանին վարակվել, Հունան Ստեփանյանն ասաց, որ դա արդեն գյուղապետը պետք է իրեն ասի՝ անասնաբույժի հետ միասին:

«Ես չգիտեմ՝ էդ ինչ է եղել, ես սովորական գյուղացի եմ, բժիշկն եկավ, սրսկեց, ես ինչ իմանամ՝ ինչի դեմ է: Անասնաբույժը գալիս, ասում ա՝ պիտի սրսկեմ, ես էլ ասում եմ՝ սրսկի, ես ինչ իմանամ՝ ինչ նյութ ա, ժամկետանց ա, ժամկետանց չի, ես դրանից գաղափար չունեմ»,-ասում է Հ. Ստեփանյանը:

Հ․ Ստեփանյանը նշեց, որ կենդանին նախկինում որևէ գանգատ չի ունեցել, պարզապես որոշել են մորթել: «Ես հիվանդանոցում հիմա պառկած եմ, կբուժվեմ, հետո մեր գյուղապետի հետ կխոսեմ»,- ասաց նա։ Երբ մենք Հունան Ստեփանյանին հայտնեցինք, որ ըստ գյուղապետի՝ իրենք հրաժարվել են կենդանուն պատվաստելուց, նա վրդովվեց՝ «ճիշտ չեն ասում․․․ չի եղել ըտենց բան», և հավելեց, որ այդ կենդանին որևէ այլ գյուղից չի բերվել, իրենց գյուղի կենդանի է՝ 3 տարեկան։

Իրենց ընտանիքից միայն ինքն է շփվել մսեղիքի հետ և վարակվել, մնացած հիվանդներն իր համագյուղացիներն են:

ՍԱՏՄ լրատվական ծառայությունից Վարդուհի Սարգսյանը «Հետք»-ի հետ զրույցում դարձյալ շեշտեց, որ, իրենց տեղեկություններով, հիվանդ կենդանին պատվաստում չի ստացել․ «Տեսուչները հայտնաբերել են կենդանուն, այցելել են, նմուշառում են կատարել և ուղարկել են լաբորատոր փորձաքննության: Այն մարդկանց մոտից, ում մոտ այդ կենդանու մսեղիքից է եղել, իրենց մոտից էլ է հավաքվել, որ ոչնչացվի»,- ասաց Վ Սարգսյանը՝ հավելելով, որ նախնական մանրադիտարկումով՝ «սիբիրախտի պատկեր ունեն», սակայն քանի որ մանրադիտարկումը չի հանդիսանում վերջնական ախտորոշիչ միջոց, իրենք շարունակում են լաբորատոր հետազոտությունները և արդյունքները ստանալուն պես լրացուցիչ կհայտարարեն այդ մասին: Վ․ Սարգսյանը նաև նշեց, որ այն նախատեսված չի եղել վաճառքի համար։

Այն նկատառմանը, որ գյուղացին պնդում է, թե կենդանին պատվաստված է եղել, Վ. Սարգսյանն ասաց, որ պատվաստման մասին անասնաբույժի գրանցամատյանում գրառում չկա արված. Հ. Ստեփանյանի՝ 3-ից երկու կենդանու վերաբերյալ է միայն գրառումը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter