
Մեծամորում բնական գազը երազանք է. կանայք դեռ օջախ են վառում
Ամառվա ամիսներն իսկական տանջանք են Իզաբելլա Մինասյանի և Արմավիրի մարզի Մեծամոր գյուղի մյուս կանանց համար․ գյուղը գազիֆիկացված չէ, իսկ պահածոների սեզոնին կանայք ստիպված են օջախը վառել և կանգնել կրակի առջև: Գրեթե բոլորի տան բակերից ծուխ է դուրս գալիս: Ոմանք փայտ են վառում, մյուսները ջերմոցներից մնացած պոլիէթիլենային տոպրակներ, պլաստիկե տարաներ և այն ամենն ինչը հնարավոր է այրել:
«Շոգին ստիպված օջախով ենք անում: Իսկ եթե գազ լինի, գազօջախի դիմաց, հովին իմ աշխատանքը կանեմ, հարմարությունները կստեղծենք»,- ասում է Իզաբելլա Մինասյանը: Մեծամորում էինք ժամը 13:00-ի սահմաններում, երբ դրսում արդեն շոգ էր, սակայն Իզաբելլան, հագուստի ծայրով քրտինքը սրբելով, շարունակում էր օջախի կողքին աշխատել: Նա ձմեռվա համար մոշի կոմպոտ էր պահածոյացնում:
«30 տարի է՝ այս գյուղում հարս եմ, միշտ այս վիճակն է եղել: Երևի դրանից առաջ էլ նույնն է եղել, քանի որ գյուղում գազ չի եղել»,- ասում է Իզաբելլա Մինասյանը: Նա Մեծամոր հարս է եկել Երևանից: Ասում է՝ արդեն հարմարվել է պայմաններին, սակայն երազանք է մնացել բնական գազ ունենալը:
Տիկնոջ պատմելով՝ ճաշը պատրաստում են հեղուկ վառելիքով, սակայն, ըստ նրա՝ բալոններով գազ գնելը համեմատաբար թանկ հաճույք է և ոչ շահավետ: Իսկ ով տանը գազօջախ չունի, էլեկտրաէներգիա է օգտագործում:
Մեծամոր գյուղի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Անահիտ Գրիգորյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ արդեն չի հիշում, թե պատկան մարմիններին քանի անգամ են դիմել գյուղը բնական գազով ապահովելու խնդրանքով: Սակայն, միշտ ստացել են բացասական պատասխան: Միայն երկու անգամ դիմել են նոր կառավարությանը, մարզից ընտրված պատգամավոր Արգիշտի Մեխակյանին: Իսկ պատճառաբանությունը եղել է ֆինանսական միջոցների բացակայությունը, քանի որ մեծ ծախսերի հետ է կապված:
Պատգամավորը հարցը բարձրացրել է, սակայն մեծամորցիները դժգոհ են վարչապետի պատասխանից, թե «սուրճ դնելու» համար ծախսատար է գյուղը գազիֆիկացնելը: Մինչդեռ գյուղացիները մեզ հետ զրույցում փաստում էին, որ իրենք տնտեսություն են զարգացնում, ոչ թե գազով սուրճ եփում, ինչպես պատկերացնում են Կառավարության ներկայացուցիչները՝ աշխատասենյակներում նստած:
«Մեր գյուղը վճարունակ գյուղ է և կարող է իր սպառած գազի դիմաց վճարել: Ամեն ամիս մոտ 17-18 մլն դրամի էլեկտրաէներգիա ենք օգտագործում: Ձմռան ամիսներին ջերմոցները տաքացնում ենք էլեկտրաէներգիայով, ինչը մեր ապրանքը դարձնում է անմրցունակ նույնիսկ հարևան գյուղերի հետ համեմատ»,- ասում է Անահիտ Գրիգորյանը:
Աշխատակազմի քարտուղարը վստահ է, որ գյուղը կարող է զարգանալ միայն գազիֆիկացման շնորհիվ: Մեծամորցիների հիմնական զբաղմունքը հողագործությունն է: Բացի տնամերձ հողատարածքներից գյուղացիները ջերմոցային տնտեսություններ են հիմնում նաև սեփականաշնորհված հողատարածքներում: Անահիտ Գրիգորյանի ասելով՝ ձեռքի մատների վրա կարելի է հաշվել այն գյուղացիներին, ովքեր ջերմոցային տնտեսություն չունեն: Սակայն, ձմռան ամիսներին ջերմոցներին տաքություն է պետք, ինչը հնարավոր չէ էլեկտրաէներգիայով ապահովել:
Մեծամորցիների մեծ մասի տանիքներին տեղադրված են արևային ջրատաքացուցիչներ, սակայն, նշում են, որ դրանք պետք են գալիս միայն ամռան ամիսներին, իսկ ձմռանը դարձյալ փաստի առաջ են կանգնում: Աշխատակազմի քարտուղարն ասում է, որ 1988թ. գազը մոտեցրել են գյուղին, սակայն Սպիտակի երկրաշարժից հետո աշխատանքները չեն շարունակվել և գյուղը չի գազիֆիկացվել:
Անահիտ Գրիգորյանն ասում է, որ Մեծամորից բացի, գազ չունեն նաև հարևան Արաքս և Հայկաշեն համայնքները: Երեք համայնքապետերը բազմիցս առաջարկել են գազը բերել հարևան Ակնաշեն համայնքի գլխավոր խողովակաշարից: Դարձյալ մերժում են ստացել՝ ֆինանսական միջոցների բացակայության պատճառաբանությամբ:
Մարզի Լեռնամերձ համայնքը ևս գազիֆիկացված չէ: Տարիներ առաջ Կառավարությունը որոշեց էներգիայի այլընտրանքային տարբերակ առաջարկել: Կապույտ վառելիքի փոխարեն տեղադրվեցին ջրատաքացուցիչներ և արևային էլեկտրակայաններ: Անահիտ Գրիգորյանից հետաքրքրվեցինք, արդյոք իրենց գյուղում այդ տարբերակի ընտրությունը համարժեք կլինի գազին:
«Ոչ, իհարկե համարժեք չէ: Չեմ կարծում, որ դրանով հնարավոր է տունը ջեռուցել, կամ ջերմոցային տնտեսությունը ջեռուցել, եկամուտ ապահովել: Շատ կցանկանայի, որ մտնեիք հարևան Գայ գյուղ և տեսնեիք իրենց ջերմոցները, իրենց ապրելը, կենցաղային պայմանները: Ժամանակին մեր գյուղն ավելի առաջ էր, քան Գայը, իսկ այժմ գազի շնորհիվ շատ առաջ են անցել»,- ասում է Անահիտ Գրիգորյանը:
Գազ չունեցող համայնքների համար այդպես էլ հասկանալի չի դառնում Կառավարության որդեգրած քաղաքականությունը՝ տարածքները զարգացնել համաչափ: Բազմաթիվ օրինակներ են բերվում և ապացուցում հակառակը:
Աշխատակազմի քարտուղարը հակադարձում է գումար չունենալու Կառավարության անդամների պատճառաբանություններին: Ասում է, որ այժմ ավելի մեծ խողովակներով Ակնաշենից գազ են տանում արդեն գազիֆիկացված Գայ համայնք:
«Եթե այդ հնարավորությունը չունեն մեր համայնքները գազիֆիկացնելու, արդեն գազ ունեցող համայնքներին ո՞նց են կրկնակի տալիս: Գայի ջերմոցներին գազը չի բավարարում դրա համար էլ ծավալն ավելացնում են: Լավ են անում, բա մեր գյուղերին հեչ չի՞ հասնում գազ»,- ասում է Ա. Գրիգորյանը:
Մեկնաբանել