HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աղքատությունը` տուբերկուլյոզի պատճառ

Վանաձորի տուբերկուլյոզային դիսպանսերում ստացիոնար բուժում անցնող ամենաերիտասարդ հիվանդը Պրիվոլոնոյե գյուղի բնակիչ, 22-ամյա Ա.-ն է: Նա տուբերկուլյոզով վարակվել է հորից, որը վեց տարի առաջ է մահացել: Տղայի մոտ հիվանդությունը հայտնաբերվել է վարակվելուց երկու տարի անց, բանակում: Այժմ Ա.-ն իրեն լավ է զգում, առաջվա պես չի հազում, ջերմություն չունի:

Լոռու մարզում այս տարի հայտնաբերված 28 հիվանդից չորսը ժամկետային զինծառայողներ են: Անցած տարի նրանք ութն էին: Լոռու մարզի տուբերկուլյոզի գլխավոր մասնագետ Մարինե Լորիս Ռուսսոն այս ցուցանիշը բացատրում է նրանով, որ Պաշտպանության նախարարության նախորդ տարի ձեռք բերած թվային սարքավորումների շնորհիվ մանր կետն էլ հնարավոր է հայտնաբերել: Մարինե Լորիս Ռուսսոն ասում է, որ բանակից եկած հիվանդների մեծ մասը ծառայությունն անցել է Լեռնային Ղարաբաղում:

Լոռու մարզում անցած տարվա համեմատ այս տարի գրեթե երկու անգամ պակասել է առաջին անգամ հայտնաբերված հիվանդների թիվը: 2005-ին այս ժամանակահատվածում գրանցվել էր 41 նոր հիվանդ:

Բժիշկների համար մտահոգիչ են վերջին երկու տարիների ցուցանիշները: Ընդհանուր առմամբ, Լոռու մարզում վերջին հինգ տարիներին տեղի է ունեցել հիվանդության աճ: 2001-2003թթ.-ին Վանաձորում հայտնաբերվել է 52 հիվանդ: Իսկ 2004-2005թթ.-ին մասնագետներն արձանագրել են տուբերկուլյոզով հիվանդների կրկնակի աճ: 2004-ին Վանաձորում հայտնաբերվել էր 60, իսկ հաջորդ տարի՝ 106 նոր հիվանդ:

Միեւնույն ժամանակ, տուբերկուլյոզը երիտասարդացել է: Եթե 1992-1995թթ.-ին Լոռու մարզում սոցիալական այս հիվանդությունը հատուկ էր 45-ից բարձր տարիք ունեցողներին, ապա վերջին տարիներին հիվանդության տարիքային սանդղակը իջել է՝ հասնելով 25-35 տարեկանի: Մարինե Լորիս Ռուսսոն նշում է, որ երիտասարդների շրջանում հիվանդության առաջացումը պայմանավորված է սոցիալական վատ պայմաններով: Նրա հիվանդների 60 տոկոսը պատկանում է անապահով խավին: Մնացածը ռիսկի խմբի մարդիկ են, որոնց մոտ առկա են տարբեր խրոնիկ հիվանդություններ: Չնայած հիվանդության աճին' մահերը սովորաբար արձանագրվում են 65 տարեկանից բարձր հիվանդների մոտ: Եթե 2001-ին մահացել է ինը հիվանդ, ապա դրանից հետո մահացածների թիվը նվազել է՝ հասնելով չորսի: Նրանք հիմնականում դասվում են խրոնիկ հիվանդների շարքին կամ էլ առաջին անգամ հայտնաբերված հիվանդներ են, որոնց մոտ դանակը վաղուց ոսկորին է հասել, ու փրկելն արդեն ուշ է:

Մարինե Լորիս Ռուսսոն տուբերկուլյոզով վարակվելու հավանականությունը մեծ է համարում էնդոկրին, շնչառական եւ աղեստամոքսային տրակտի հիվանդությունների դեպքում:

Այս հիվանդությունների պարագայում, եթե ավելացնես սոցիալական վատ պայմանները, ապա տուբերկուլյոզը դժվար թե շրջանցի հիվանդին: Սա այն հիվանդությունն է, որը հատուկ է բոլոր օրգաններին՝ մաշկից մինչեւ ուղեղ: Վանաձորի տուբդիսպանսերում գրանցված հիվանդների 20 տոկոսի մոտ ախտորոշվել է արտաթոքային տուբերկուլյոզ: Մնացածը թոքային տուբերկուլյոզ ունի: Դիսպանսերի հիվանդների մեծ մասը տղամարդիկ են, որոնք ժամանակին խմել են, ծխել, ֆիզիկական աշխատանք կատարել:

58 տարեկան Հ. Ս.-ն ասում է, որ էլ չի խմի ու չի ծխի: Պատմում է, թե աշխատանքի վայրում ցուրտ էր, ու երբ թոքերում ծակոցներ է զգացել, մտածել է' կանցնի: Բայց գնալով վիճակը բարդացել է, ու դիմել է բժշկի: Տուբերկուլյոզը բուժելի հիվանդություն է, եթե, իհարկե, հիվանդը հետեւում է սեփական առողջությանը: «Հիվանդների 10-15 տոկոսը հաճախ կալանավայրեր են ընկնում կամ վերսկսում են խմելն ու ծխելը: Սրանք այն մարդիկ են, ովքեր չարաշահում են այն, ինչն անթույլատրելի է»,-ասում է բժշկուհին: Նրա ներկայացրած թվերը վկայում են, որ կալանավայրերից եկած հիվանդներն ավելի քիչ են, քան բանակից ու արտերկրից եկածները: Օրինակ' անցած տարվա այս ժամանակահատվածում կալանավայրերից դիսպանսերում գրանցվել էր երեք, այս տարի՝ մեկ հիվանդ: 65 տարեկան Ս. Մ.-ն վեց տարի առաջ է դուրս եկել ազատազրկման վայրից: Ասում է, որ ամիսուկես անընդմեջ հազում էր, ջերմություն էլ ուներ: Գնացել է բժշկի, որն էլ տուբերկուլյոզ է ախտորոշել:

Վանաձորի տուբդիսպանսերում ստացիոնար բուժում ստանալու հնարավորություն ունի 15 հիվանդ: Այստեղ գրանցված հիվանդների 85-90 տոկոսը բուժվում է: Բուժվածները երեքից հինգ տարի շարունակում են հաշվառված մնալ դիսպանսերում ու պարբերաբար այցելում են բժշկին՝ առողջական վիճակը ստուգելու համար:

Այս տարի տուբդիսպանսերում գրանցված հիվանդների թիվը հասել է 760-ի, որոնցից 319-ը Վանաձորի եւ հարակից Գուգարքի շրջանի բնակիչներ են: Լոռու մարզում տուբերկուլյոզի բարձր ցուցանիշներով առաջին տեղում են Վանաձոր ու Ալավերդի քաղաքները: Ալավերդում հիվանդացության նման մակարդակը բժիշկները պայմանավորում են պղնձաձուլական գործարանով, որը թունավոր գազեր է արտանետում մթնոլորտ:

«Ասում ենք չէ՞, եթե լիարժեք սնունդ լինի, հիվանդանալու հավանականությունը քիչ կլինի: Սնունդը նրա համար է, որ բարձրացնի դիմադրողականությունը, իսկ արտանետումը թուլացնում է այն»,-բացատրում է Լոռու մարզպետարանի առողջապահության վարչության պետ Ռոբերտ Դիլբարյանը:

1997թ.-ից Հայաստանում հատուկ ռազմավարությամբ գործող ծրագրով հանրապետության դիսպանսերներն ապահովված են դեղորայքով, լաբորատոր ախտորոշիչ սարքավորումներով: Մարինե Լորիս Ռուսսոն ասում է, որ ծրագրի շնորհիվ վերջին տարիներին պակասել են մահվան դեպքերը: Մյուս կողմից, դեղորայքը տրվում է անվճար, ու հիվանդը բուժումից հետո հսկողության տակ գտնվելիս եւս շարունակում է ստանալ դրանք: Չնայած կառավարության ծրագրի գոյությանը' Վանաձորի տուբդիսպանսերը առաջնային երկու խնդիր ունի՝ տարածքի եւ ռենտգեն սարքավորման: Գլխավոր բժիշկը թվային սարքավորումների խնդիրը լուծում է հիվանդներին անհրաժեշտության դեպքում Աբովյանի տուբդիսպանսեր ուղարկելով: Տուբդիսպանսերը առայսօր տեղակայված է տնակներում:

Ռոբերտ Դիլբարյանն ասում է, որ կառավարության որոշմամբ դիսպանսերը կտեղափոխվի Վանաձորի մեկ այլ բուժհաստատության տարածք: Մասնաշենքն արդեն առանձնացվել է, բայց այն պետք է վերանորոգվի: Դրա համար մեծ գումարներ են հարկավոր. «10 միլիոն դրամ»,-ասում է Լոռու մարզպետարանի առողջապահության վարչության պետը: Ռոբերտ Դիլբարյանը մտածում է, որ հովանավորներ պետք է գտնեն, նաեւ դիսպանսերը գումար կհատկացնի: Միայն թե ազատվեն տնակներից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter