HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Փյունիկ» հիմնադրամը Երևանին բիոզուգարաններ կնվիրաբերի

Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի «Փյունիկ» հիմնադրամը Երևանին 6 բիոզուգարան կնվիրաբերի։ Երևանի ավագանին առաջիկա նիստերից մեկում քննարկելու է այդ նվիրաբերությունն ընդունելու հարցը։ Այս մասին «Հետք»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են Երևանի քաղաքապետարանից։

Քանի որ բիոզուգարանները ձեռք է բերել «Փյունիկ» հիմնադրամը, ձեռք բերման ժամկետների և այլ գործառույթների մասին Երևանի քաղաքապետարանը տեղեկություններ չունի:

Քաղաքապետարանը տեղյակ չէ նաև, թե ինչ միջոցներով և երբ է հիմնադրամը գնել այդ բիոզուգարանները։ Ըստ քաղաքապետարանի՝ դրանց ձեռքբերման համար Երևանի քաղաքապետարանը կամ «Երևան» հիմնադրամը գումար չեն հատկացրել:

Բիոզուգարաններն այժմ տեղակայված են «Երևան Տրանս» ՓԲԸ-ում և պետք է նվիրաբերվեն Երևան համայնքին: Սակայն քաղաքապետարանը նախնական որոշում դեռևս չունի, թե մայրաքաղաքի որ հատվածներում է դրանք տեղադրելու։

Բիոզուգարանները չորս տարի գտնվել են «Երևան Տրանս» ՓԲԸ-ում՝ սպասելով նվիրաբերմանը

Թեև «Փյունիկ» հիմնադրամի տնօրեն Լևոն Սարգսյանը գտնվում է հետախուզման մեջ, սակայն մեզ հաջողվեց կապ հաստատել հիմնադրամի հետ։ Հիմնադրամի աշխատակիցներից մեկը «Հետք»-ին հայտնեց, որ բիոզուգարաններ հիմնադրամից ուզել է Երևանի քաղաքապետարանը՝ նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի ժամանակ:

«Այն ժամանակ իրենք չունեին, դիմել են «Փյունիկ» հիմնադրամին, ես գիտեմ, որ իրենք 6 բիոզուգարան հանձել են իրենց (նկատի ունի Երևանի քաղաքապետարանին, հեղ.)»,- նշեց նա։

Աշխատակցի փոխանցմամբ՝ 2015-2016 թվականներից (հստակ ժամանակահատվածը չկարողացավ նշել) բիոզուգարանները գտնվել են «Երևան Տրանս» ՓԲԸ-ում և այս տարիներին քաղաքապետարանը իր միջոցառուների համար օգտագործել է դրանք, սակայն մինչ օրս հանձնման-ընդունման ակտեր չեն կազմվել։

«Այդ ժամանակ, հիշում եմ, որ ասում էին՝ էսօր-վաղը (նկատի ունի նվիրատվություն կատարելը, հեղ.)։ Հետո այդպես շտապ կարիք չկար, տվել էինք Երևան քաղաքին, կարիքը կար։ Ասեցին՝ էսօր-վաղը, էսօր-վաղը ու էդպես էլ մնացել է»,- նշեց հիմնադրամի աշխատակիցը՝ պարզաբանելով, թե ինչու են 2015 թվականից, առանց որևէ իրավական կարգավորման, այդ բիոզուգարանները գտնվում քաղաքապետարանի ենթակայության տակ։

Դեռևս 2017 թվականի փետրվարին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի օգնական Մարիա Բարաղամյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտնել էր, որ առաջիկայում համայնք-մասնավոր հատված համագործակցության շրջանակում Երևանի կենտրոնում կտեղադրվի 6-7 բիոզուգարան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter