
Տեղի ունեցավ «Ֆորտեի» երկրորդ համերգը
Այսօր Ավանի մշակույթի տանը տեղի ունեցավ «Ֆորտե» հաշմանդամների գիտամշակութային հասարակական կազմակերպության համերգը, որին մասնակցում էին ՀԿ-ի անդամները, ինչպես նաև այլ երիտասարդ կատարողներ:
ՀԿ-ի անդամ երգիչները կատարեցին բազմաժանր ծրագիր՝ ժողովրդական, աշուղական, էստրադային երգեր, շարական, նաև համաշխարհային դասական երգեր և ասմունք:
«Ֆորտեի» անդամ երգիչներից ոմանք արդեն ելույթ են ունեցել տարբեր բեմերից: ՀԿ-ի անդամների մոտ կեսը պրոֆեսիոնալ երաժիշտ է՝ բարձրագույն երաժշտական կրթություն ունի կամ առնվազն երգում է ինչ-որ խմբում:
«Ֆորտեի» առաջին համերգը տեղի էր ունեցել դեկտեմբերին: «Փորձում ենք, որ ավելի լուրջ ծրագիր լինի, համերգը ավելի բարձր մակարդակով կազմակերպվի, և մեր երգիչները կամաց-կամաց ավելի մեծ բեմերից երգեն»,- ասաց «Ֆորտեի» ղեկավար, երիտասարդ երգահան Նորայր Աղասյանը:
Նա համերգի ընթացքում նվագակցում էր երգիչներին, նաև նվագեց իր գրած ստեղծագործություններից չորսը:
Համերգին, որին ներկա էին հյուրեր նաև Վրաստանից ու Լեհաստանից, աջակցել են Ավանի թաղապետարանը և Մշակույթի տան տնօրինությունը:
Մեկնաբանել