
Ոսկու տենդ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ամուլսարի ոսկու հանքի շահագործել-չշահագործելը իջեցնում է մասնավոր մի ընկերության ներկայացրած բիզնես նախագծի տիրույթ՝ ընկերությունը գերժամանակակից մեթոդներով պատրա՞ստ է շրջակա միջավայրին մինիմալ վնաս հասցնելով՝ ոսկի կորզել, թե՞ կարող են առաջանալ բնապահպանական խնդիրներ:
Ամուլսարի ոսկու հանքի շահագործմանը դեմ ՀՀ քաղաքացիներին պիտակավորելով, վիրավորելով և նրանց պայքարի ազնվությունը կասկածի տակ դնելով՝ Փաշինյանը անձնական նեղ շահագրգռության տիրույթ է տեղափոխում նաև Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը Հայաստանի համար բնապահպանական աղետ համարողներին:
Բայց վարչապետն ինքն էլ կասկածներ ուներ, չէ՞, երբ 2018 հուլիսի 20–ին, իր իսկ համաձայնությամբ, հարուցվեց քրեական գործ` Ամուլսարի հանքավայրի շահագործման հետևանքով բնությանը հասցվող վնասի վերաբերյալ տեղեկատվությունը թաքցնելու փաստով։ Նույն տրամաբանությամբ կարող ենք ասել, թե քրեական գործի հարուցումը ժամանակ ձգձգելու միջոց էր, քանի որ, ըստ Բնապահպանական և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի, Ամուլսարի շահագործման որոշումը վարչապետը վաղուց էր ընդունել:
ՀՀ վարչապետի կարգավիճակը պարտավորեցնում է չափազանց հիմնավոր, համոզիչ և կոռեկտ խոսք՝ բոլոր իրավիճակներում: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից ակնկալում էինք լսել՝ Հայաստանի Հանրապետությունը՝ որպես սուվերեն, ինքնիշխան պետություն, ինչպե՞ս է հաշվարկել Ամուլսարի ոսկու հանքի շահագործման անհրաժեշտությունը, ի՞նչ օգուտներ ունի դրանից մեր պետությունը: Ըստ «Լիդիան Արմենիա» ընկերության հաշվարկների՝ Ամուլսարի ոսկու հանքից հնարավոր է կորզել 73,3 տոննա ոսկի, որը գնահատված է 3 միլիարդ դոլար: Ի՞նչ հիմքով է ՀՀ կառավարությունը համաձայնում այդ 73,3 տոննա ոսկին Հայաստանից դուրս տանելու, երբ, ըստ Սահմանադրության, ՀՀ ընդերքը և ջրային ռեսուրսները բոլորինս են, նաև ապագա սերունդներինը: Ոսկու այս ահռելի պաշարը կորզվում ու Հայաստանից դուրս է հանվում ՝ հանուն «Լիդիան Արմենիա»-ի կողմից 1300 աշխատատեղ (շինարարական աշխատանքներ), իսկ հանքավայրի շահագործման ամբողջ ընթացքում 650-700 աշխատատեղ ստեղծելու և 498 միլիոն դոլար հարկ մուծելու խոստմա՞ն:
Վարչապետը պետք է փարատեր բոլոր կասկածները, որ «Լիդիան Արմենիա»-ի և ՀՀ նախորդ իշխանությունների միջև կնքված գործարքը զերծ է կոռուպցիայից: Մի օրինակ. «Սևանա լճի մասին» օրենքով՝ հանքաքարի վերամշակումը արգելվում էր, եթե այն կազմակերպվում է լճի ավազանի անմիջական ազդեցության գոտում: 2013 թ-ին, Կառավարության որոշմամբ, փոփոխության է ենթարկվում ջրահավաք ավազանի տարածքային հատակագծի նախագիծը:
Փոխարենը լսեցինք «Լիդիան Արմենիա» ընկերության փաստաբանի դեր ստանձնած երկրի ղեկավարի խոսք:
Ամուլսարի ոսկու հանքի շահագործման համար Փաշինյանը հիմնավորում է համարում լիբանանյան մի ընկերության եզրակացությունը: Սա չափազանց թույլ փաստարկ է: Եվ այդ մասին հենց Նիկոլ Փաշինյանի հրապարակած սղագրության տեքստն է վկայում, որտեղ կա պատասխան, թե ինչու փորձաքննություն իրականացնելու հայտ ներկայացրած երկու ընկերությունից՝ բրիտանական և լիբանանյան, ընտրվեց լիբանանյանը.
«Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյան- Պարոն վարչապետ, հաշվի առնելով, որ բրիտանական այդ ընկերությունը / խոսքը «WSP»-ի մասին է- Լ.Ա./ նախկինում կատարել էր Թեղուտի պոչամբարի փորձաքննությունը, որն այնքան էլ արդյունավետ չէր կատարվել, այդ իսկ պատճառով բնապահպանների շրջանում ստվերվել էր իրենց համբավը: Մենք, բնականաբար, նախապատվությունը տվեցինք «Էլարդ»-ին»:
Այսինքն՝ ոչ մի երաշխիք, որ «Էլարդի» փորձաքննությունը ևս կարող է արդյունավետ չլինել:
Համաժողովրդական դժգոհության ժամանակ միջազգային աուդիտ անցկացնելու պրակտիկան վաղուց կա. «Էլեկտրիկ Երևանի» ժամանակ էլ, երբ մեր մասնագետները հիմնավորում էին, որ էլեկտրաէներգիան թանկացնելու հիմք չկա, նախագահ Սերժ Սարգսյանն անմիջապես հայտարարեց, թե ՀԷՑ-ում միջազգային աուդիտ կանցկացվի: Իսկ աուդիտի եզրակացությունը, հասկանալի է, հօգուտ էլեկտրաէներգիայի թանկացման էր:
Ամուլսարի ոսկու հանքի շահագործման թույլտվությունը վարչապետը և նրա շրջապատը համարում են ինքնուրույն, կշռադատված քաղաքական որոշում՝ ի հակակշիռ ժողովրդի զգացմունքային ու իռացիոնալ վախերի: Այս մոտեցումն արդեն իսկ մերժում է հարցը հանրաքվեով լուծելու ճանապարհը:
Հանրաքվեի դնել Ամուլսարի հարցը Փաշինյանի կառավարությունը չի էլ փորձի, քանի որ, ակնհայտ է, որ մեծամասնությունը դեմ կարտահայտվի: Ժողովուրդը զգացմունքային է և, ինչպես գիտենք դեռևս նախորդ երեք նախագահների իշխանությունից, չի կարող ճիշտ որոշում կայացնել: Հետևաբար նրա փոխարեն իշխանություններն էին որոշում կայացնում՝ կեղծելով ընտրությունների արդյունքները:
Անկանխատեսելիությունից նոր իշխանությունը վախենում է, և դա է պատճառը, որ վարչապետի և բնապահպանների հանդիպումը ուղիղ չհեռարձակվեց: Ավելի ուշ ներկայացվեց սղագրության քաղվածքը: Ուղիղ հեռարձակվում են վարչապետի ու նրա թիմակիցների աշխատանքային հանդիպումները, Կառավարության նիստերը, որտեղ ամեն բան կանխատեսելի է:
Վարչապետը գիտի (գիտեր), որ իշխանության է եկել ժողովրդի ձեռքով: Այդ աջակցությունից զրկվելով՝ նրան, իշխանությունը պահպանելու համար, այլ աջակիցներ հարկավոր կլինեն: Այսօր, արդեն, ԱԱԾ-ն մեր կենցաղում է. ԱԱԾ են հրավիրվում մարդիկ իրենց կարծիքն արտահայտելու համար: Արդեն բնապահպանների առաջ փակվում են ծնծղաներով բացված ԱԺ դարպասները:
Ի՞նչ է դրված նժարին. մի կողմում համաժողովրդական վստահությունն էր, իսկ ի՞նչ կա մյուսին: Ի՞նչն է առավել գնահատելի ժողովրդի աջակցությունից: Ասում են՝ պետական մտածողությունը:
Բայց Ամուլսարի հանքի շահագործումը ՀՀ քաղաքացիներիս դարձյալ ստիպում է մեր իսկ երկրում աշխատանքային զրո փորձ ունեցող մի ընկերության վասալը զգալ, մենք մեր ընդերքի, մեր ջրերի տերը չենք:
Որևէ լուրջ հակափաստարկ չներկայացնելով՝ ինչու պետք է Հայաստանն իր ընդերքը ստրկատիրական պայմաններով վաճառի օտարներին, իշխանությունները հակադարձում են, թե ինչու նույն ակտիվությամբ չենք պայքարում Զանգեզուրի պղնձամոլիբդենային ընկերության դեմ, երբ դա էլ բնապահպանական աղետ է Հայաստանի համար: Իշխանությունն իր դերը չի պատկերացնում: Հանքարդյունաբերող ընկերություններին միջազգային չափանիշներով աշխատել պարտադրելու փոխարեն՝ նրան խայտառակ անորակ ու վտանգավոր աշխատանքը ներկայացվում է որպես հիմնավորում, թե ինչու պետք է ոսկի կորզի «Լիդիան»-ը:
Նիկոլ Փաշինյանը իշխանություն է, քանի դեռ ունի քաղաքացիների աջակցություն: Նա լեգիտիմ է, և լեգիտիմությունը սրի պես ճոճում է աջ ու ձախ: Կորցնելով ժողովրդի վստահությունը՝ նա ստիպված է լինելու դիմել օլիգարխների, ԱԱԾ-ի ու ոստիկանության աջակցությանը, ինչի հիմքերը արդեն տեսանելի են: «Բնությունը մարդուն ստիպում է մռնչալ առյուծի պես և ցատկել վագրի պես, հանգամանքները ստիպում են մարդուն մլավել կատվի պես ու պոչը շարժել շան պես»: Հայտնի այս խոսքն այնքան բնութագրական է գործող իշխանության համար:
«Հեղափոխության» ժամանակ ժողովուրդը իշխանություններին մանդատ տվեց մռնչալ առյուծի պես ու ցատկել վագրի պես, հանգամանքները նրանց ստիպեցին մլավել կատվի պես և պոչը շարժել շան պես: Ափսոս:
Մեկնաբանել