
Նիկոլ Փաշինյան. «Այսօր կառավարության աշխատակազմը «Էլարդի» եզրակացությունը ուղարկում է Շրջակա միջավայրի նախարարություն»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այսօր՝ օգոստոսի 21-ին, կառավարության աշխատակազմը «Էլարդի» եզրակացությունը ուղարկում է Շրջակա միջավայրի նախարարություն:
«Այսօր կառավարության աշխատակազմը «Էլարդի» եզրակացությունը ուղարկում է Շրջակա միջավայրի նախարարություն՝ հետեւյալ հանձնարարությամբ.
Պարզել՝ արդյոք եզրակացության մեջ կա՞ն տվյալներ, որոնք Հայաստանի օրենսդրության համաձայն՝ Ամուլսարի հանքի շահագործման համար Շրջակա միջավայրի ազդեցության նոր գնահատում իրականացնելու անհրաժեշտություն են առաջացնում»,- գրել է կառավարության ղեկավարը:
Մեկ այլ գրառմամբ՝ վարչապետը հայտնել է, որ խորհրդակցություն է անցկացել Ամուլսարի հարցով, որին մասնակցել է նաեւ «Լիդիանի» ներկայացուցիչը:
«Քիչ առաջ խորհրդակցություն անցկացրի Ամուլսարի հարցով: Մասնակցում էր նաեւ «Լիդիանի» ներկայացուցիչը:
Ինձ հետաքրքրում էին նախագծված գործընթացի հնարավոր փուլերը՝ շոշափելիորեն, հնարավոր ռիսկերի հնարավոր կառավարման մեթոդներն ու կառավարության ունեցած լծակները:
Շարունակում ենք աշխատել այս խիստ կարեւոր թեմայի վրա»,- հայտնել է Նիկոլ Փաշինյանը:
Մեկնաբանել