Զգուշացե՛ք, դռները փակվում են
«Ինձ շատ են հարցնում՝ ի՞նչ է նշանակում կարմիրը և ի՞նչ՝ սևը: Ես էլ օրը թեկուզ 100 անգամ, բայց սիրով պատմում եմ դրա մասին»,- ասում է Մարգարիտ Գևորգյանը:
Նրա ձեռքին գնացքն ընդունող-ուղարկող սկավառակն է, որի միջոցով գնացքավարին հաղորդում է՝ երբ կարելի է փակել դռները և շարժվել:
«Զգում եմ, որ շատերը նկատում են, շատերը չէ, իսկ ում հետաքրքիր է հարցնում է` կարմիրի և սևի «առեղծվածը»: Կարմիրն արգելքն է, ինչպես շատ հարցերում, իսկ սևը՝ սպիտակ գծերով, ապահովությունը, այսինքն՝ գնացքը կարող է փակել դռները և շարժվել»,- պատմում է Մարգարիտ Գևորգյանը:
Նա աշխատում է Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում:
«Երբ գնացքը հասնում է կանգառ, արագ մոտենում եմ գնացքի վերջին վագոնի դռներին: Այնտեղից հստակ երևում է մյուս վագոններում մարդկանց շարժը: Հետևում եմ՝ արդյոք ուղևորները գնացքի ներսու՞մ են, թե՝ ոչ, եթե ամեն բան նորմալ է բարձրացնում եմ սկավառակի սև և սպիտակ կողմը և գնացքավարին ազդանշում, որ գնացքը կարող է փակել դռները և շարժվել: Իսկ եթե վագոններից մեկում խնդիր կա, բարձրացնում եմ սկավառակի կարմիր կողմը, ինչը գնացքավարին հուշում է, որ պետք է սպասել»,- պատմում է Մարգարիտը:
Մասնագիտությամբ բուժքույր Մարգարիտը երբեք չի աշխատել ընտրած մասնագիտությամբ: Ժպտալով ասում է՝ արգելել են:
Մի քանի տարի աշխատել է ռեստորանում՝ որպես սառը ուտեստների խոհարար, հետո գանձապահ՝ խանութում, իսկ ավելի ուշ մեկնել է Ռուսաստան, աշխատել է խմորեղենի արտադրամասում՝ որպես գանձապահ-մենեջեր: Երբ վերադարձել է Հայաստան, սովորել և դարձել է վարսահարդար: Աշխատանքի ընտրության մասին խոսելիս պատմեց, որ միևնույն ժամանակ դիմել է և՛ օդանավակայանում, և՛ մետրոյում աշխատելու համար: Օդանավակայանից հրավիրել են հարցազրույցի, սակայն չի կարողացել գնալ: Դրանից մի քանի օր հետո մետրոպոլիտենից են հրավիրել հարցազրույցի եւ կարճ ժամանակ անց ընդունվել է աշխատանքի:
«Դժվար չէ աշխատանք գտնելը, եթե քեզ իսկապես պետք է: Մետրոյում արդեն աշխատում եմ մոտավորապես մեկ ու կես տարի, իմ ամենահետքրքիր և պարտավորեցնող աշխատանքն է եղել»,- ասում է Մարգարիտը:
Մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի կայարանապետը Անահիտ Մելիքսեթյանն է:
«Մեզ մոտ ընդունվում են 18-ից բարձր անձինք, որոնք կլինեն սիրալիր, կսիրեն սովորել և կնվիրվեն պարտավորեցնող աշխատանքին: Հարզացրույց ենք անցկացնում, կատարում ենք առաջնային հրահանգավորում, այսինքն՝ ունենում ենք առանձնացված հստակ կետեր և դրույթներ, որոնց ծանոթանում են մեր նորեկները. և առաջնային պայմանը տիրապետելն է ոչ միայն իր հիմնական աշխատանքին, այլ նաև կոլեգաների: Հսկիչը պետք է իմանա ավագ օպերատրի, գանձապահի աշխատանքային հմտությունները: Մենք ստեղծում ենք թիմային աշխատանք, որի շնորհիվ ունենում ենք դրական արդյունք: Երբեմն փոխարինում ենք մեկս մյուսին, այլ կերպ անհետաքրքիր կլիներ»,-ասում է Անահիտ Մելիքսեթյանը:
Նա մետրոյում 22 տարվա աշխատանքային փորձ ունի: Աշխատել է տարբեր պաշտոններում, արդեն 11 տարի կայարանապետ է: Ժպտալով ասաց՝ իմ պես երիտասարդ «Երիտասարդականի» կայարանապետն եմ:
Մետրոյի մասին պատմելիս աշխատակիցները ասում են, որ դռներից դեպի ներս մի այլ քաղաք կա:
Մետրոն կարգախոս ունի՝ «Մուտքը ժպիտով և ժետոնով»:
Դռներից դեպի ներս հաջորդ քայլը ժետոն գնելն է, հետո շարժասանդուղքին հասնելը: Շարժասանդուղքի հերթապահը Սոնա Թորոսյանն է: Մասնագիտությամբ հրուշակագործ Սոնան պատմում է, որ առաջին հայացքից շատ հեշտ է թվում աշխատանքը, բայց դա այդպես չէ: Առավելագույն զգոնություն և հետևողականություն է պետք շարժասանդուղքի վրա գտնվող ուղևորներին: Ասում է, որ ամեն պահ կարող է ինչ-որ բան պատահել: Եղել են դեպքեր, երբ ուղևորների շորի մի մասը հայտվել է շարժասանդուղքի երկու աստիճանների արանքում, այդ ժամանակ նկատել և կանգնեցրել է ընթացքը:
«Մասնագիտությամբ կապ չունեմ աշխատանքիս հետ, ամեն անգամ հրահանգս կարդալիս կարդում եմ այնպես, որ զգոնություն ու, թեկուզև, վախ առաջացնի, դա է սթափեցնում մարդկանց, և նրանք ավելի ուշադիր են լինում: Իրավիճակում շուտ եմ կողմնորոշվում, դա ինձ օգնում է աշխատանքում: Չէի պատկերացնի, որ մի օր կաշխատեմ մետրոյում, Պաշտպանության նախարարությունում ռադիոհեռախոսավար եմ եղել, իսկ այսօր՝ մետրոյի շարժասանդուղքի հերթապահ»:
Սոնան 2 ամիս է, ինչ աշխատում է մետրոյում: Նա չցանկացավ պատմել նախկին աշխատանքը թողնելու պատճառների մասին, ասաց, որ գոհ է ներկայիս աշխատանքից:
Լյուսյա Գրիգորյանը ապահովում է մաքրությունը: Գործընկերները նրա մասին խոսելիս ասում են՝ ժպտասեր Լյուսյան: Վերջինս պատմեց, որ աշխատանքի ընտրության հարցում երկար չի տատանվել, ասում է՝ աշխատանք էր պետք, եկա մետրո:
«Ընտելացել եմ աշխատանքիս, հասցնում եմ, իմ հերթափոխից բոլորը գոհ են, սուսուփուս աշխատում եմ, մարդ պետքա հոգով ու սրտով մոտենա աշխատանքին, ու լավ կլինի հա՛մ մեր համար, հա՛մ ուրիշների»,- նշում է Լյուսյան:
Տիկին Լյուսյան չի սիրում նկարվել: Նա մասնագիտությունը գաղտնի է պահում, միայն ասաց, որ ամուսնու հետ աշխատել են խորհրդային տարիներին «զինվորական գաղտնի գործարանում»:
«Տեղն էլ չկար քարտեզի վրա, բայց ես աշխատել եմ, օգնել, ու սիրով ապրել ու ապրում ենք ամուսիններով, իսկ հիմա սա իմ աշխատանքն է, իմ մետրոն, ու իմ դեռ անկայան պատմությունը»,- ասաց Լյուսյա Գրիգորյանը:
Զգուշացե՛ք, դռները փակվում են...
Ջեմմա Սարդարյան
ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել