HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Բեգլարյանը բնակարանը խոստացել է պատգամավոր Մխեյանին տալ»

«Այսօր շատ հաճախ իշխանություններն այնպես են անում, որ ժառանգական խնդրո առարկա դարձած բնակարանները դատարանում ճանաչվեն տիրազուրկ, որից հետո այդ նույն իշխանությունները բնակարանները վաճառում են բավականին թանկ գներով»,-ասում է քաղաքացի Սվետլանա Անանիկյանը:

2005թ. մարտի 13-ին մահացել է Սվետլանա Անանիկյանի բարեկամուհի Կարինե Մարտինի Քարամյանը, ով Արաբկիր համայնքի Գրիբոյեդովի 44 շենքի 28 բնակարանի եւ Կենտրոն համայնքի Պարոնյան 28 կոոպերատիվ շենքի 65 բնակարանի սեփականատերն էր: Սվետլանա Անանիկյանը փաստաթղթեր ունի, որոնք ապացուցում են, որ Անանիկյանի եւ Քարամյանի մայրերի պապերը հարազատ եղբայրներ են: Այդ փաստաթղթերը ձեռք բերելու համար Սվետլանան հասել էր Թբիլիսի:

Կարինե Քարամյանը մահվանից առաջ կտակ չի կազմել, այսինքն' նա չունի ժառանգներ ըստ կտակի: Այլ հարց է, թե, արդյոք, նա ունի՞ ժառանգներ ըստ օրենքի: Օրենքի համաձայն' քաղաքացու մահվանից հետո վեցամսյա ժամկետում պետք է ի հայտ գան ժառանգները: Ժառանգների բացակայության դեպքում ժառանգվող գույքը ճանաչվում է անժառանգ եւ անցնում է համայնքի սեփականությանը:

Վեցամսյա ժամկետը չլրացած' Կենտրոն համայնքի թաղապետարանը դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան' Կարինե Քարամյանի' Կենտրոն համայնքում գտնվող գույքը անժառանգ ճանաչելու հայցով: Դատավոր Էդ. Ավետիսյանը գործն ընդունել է վարույթ, այնուհետեւ պատասխանող Պավել Մովսիսյանի միջնորդությամբ քննությունը կասեցրել մինչեւ վեցամսյա ժամկետի լրանալը' 2005թ. սեպտեմբերի 30-ը:

Պավել Մովսիսյանը ԴԱՀԿ ծառայության կողմից ճանաչվել էր հանգուցյալի գույքի պահառու, ծանոթ է եղել Քարամյանի հետ, բայց ոչ մի ազգակցական կապ չի ունեցել:

Ի վերջո, 2005թ. դեկտեմբերի 19-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը (դատավոր' Էդ. Ավետիսյան) բավարարեց Կենտրոն թաղապետարանի հայցը:

Սակայն մինչ այդ' վերոնշյալ վեց ամսվա ընթացքում, ժառանգության վկայագիր ստանալու համար նոտարիատ են դիմել Կարինե Քարամյանի գույքի պահառու Պավել Մովսիսյանը եւ հանգուցյալի բարեկամուհի Սվետլանա Անանիկյանը: Երկուսն էլ մերժում են ստացել:

Սվետլանա Անանիկյանը Երեւանի թիվ 1 նոտարիատ է ներկայացրել Հայաստանի ազգային եւ Վրաստանի կենտրոնական պետական պատմական արխիվներից բերված փաստաթղթեր Կարինե Քարամյանի ծննդյան (Կարինե Քարամյանը ծնվել է Թբիլիսիում) եւ իրենց ազգակցական կապի մասին: Ազգակցական կապը հաստատող փաստաթղթերը վերցված են եկեղեցիների չափաբերական (ծնունդներ գրանցող) մատյաններից: Նոտարիատի իրավաբան Աշոտ Ղազարյանը Սվետլանա Անանիկյանին տեղեկացրել է, որ իրենք «ժամից բերած թղթերով ժառանգություն չեն հաստատում»: Ավելին' Աշոտ Ղազարյանը հրաժարվել է Սվետլանա Անանիկյանին գրանցել նոտարիատ ներկայացած անձանց մատյանում: Անանիկյանը դիմել է դատարան, որպեսզի վերջինս այս առիթով հարցում անի նոտարիատին: Քաղաքացու դիմումը առայսօր մնացել է անարձագանք:

Իր հերթին Պավել Մովսիսյանը նոտարիատում մերժում ստանալուց հետո իրար ետեւից դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն, Ավան եւ Նոր Նորք, Շենգավիթ համայնքների առաջին ատյանի դատարաններ: Առաջինում ու երրորդում Մովսիսյանը պակաս փաստաթղթերի պատճառով հայցը հետ է վերցրել, երկրորդում նրա գործը վարույթ չի վերցվել, իսկ Շենգավիթի առաջին ատյանի դատարանը (դատավոր' Ա. Օհանյան) 2005թ. դեկտեմբերի 15-ին բավարարել է ազգակցական կապի հաստատման փաստի մասին հայցը:

Կենտրոն թաղապետարանը եւ քաղաքացի Մովսիսյանը դիմել են Վերաքննիչ դատարան' յուրաքանչյուրը բողոքարկելով մյուսի օգտին կայացված վճիռը: Վերաքննիչ դատարանն էլ անհասկանալի պատճառներով իրարից առանձին քննել է բողոքները: Պավել Մովսիսյանի դիմումը թողնվել է առանց քննության (նախագահող դատավոր' Ա. Թումանյան), իսկ թաղապետարանի գործը կասեցվել է (նախագահող դատավոր' Տ. Սահակյան):

Պավել Մովսիսյանի պես Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան էր դիմել նաեւ Սվետլանա Անանիկյանը:

«Նոյեմբերի 18-ին հրավիրվեց առաջին նիստը: Պավել Մովսիսյանը ներկայացավ որպես երրորդ անձ եւ խնդրեց փաստաթղթերին ծանոթանալու համար իրեն մեկ ամիս ժամանակ տալ: Դատարանը բավարարեց խնդրանքը: Դրանից հետո ես վատ զգացողությանս պատճառով խնդրեցի նիստը հետաձգել: Երբ դեկտեմբերի կեսերին ներկայացա դատարան, դատավորի օգնականն ասաց, որ գնամ, հունվարին գամ: Նաեւ ասաց, որ դեկտեմբերի 19-ին Կենտրոն թաղապետարանի հայցը բավարարվել է: Ես դիմեցի դատավոր Ավետիսյանին, թե ինչու է բավարարել թաղապետարանի հայցը, երբ իմ գործը դեռ վարույթում էր: Նա էլ ասաց. «Դե, գիտես, Սվետա, դու 5-րդ հերթի ժառանգ ես»: Բայց չէ՞ որ ես ժառանգ եմ, եւ ինձնից առաջ ոչ ոք չկա: Բացի այդ, օրենքի համաձայն, 4-րդ հերթից հետո բոլոր հերթերն էլ դիտվում են որպես 4-րդ հերթ»,-ասում է Սվետլանա Անանիկյանը:

2006թ. հունիսի 1-ին, ի վերջո, Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը (դատավոր' Էդ. Ավետիսյան) կայացրեց Սվետլանա Անանիկյանի հայցով գործի վճիռը: Դատարանը մերժեց հայցը' պատճառաբանելով, որ չափաբերական մատյաններում Կարինե Քարամյանի մոր' Հասմիկ Մկրտչի Էլամիրյանի ծննդի վերաբերյալ գրանցում չի հայտնաբերվել, հետեւաբար վերջինիս եւ Անանիկյանի մոր' Սառա Մելիքի Էլամիրյանի ազգակցական կապի ապացույցները բավարար չեն:

Հետաքրքիր է, որ երրորդ անձ հանդես եկող Պավել Մովսիսյանը դատական նիստերին հայտնել է, թե Անանիկյանը չի կարող ժառանգ լինել, քանի որ ինքը երբեք չի լսել Սվետլանայի, ավելին' նրա եւ Կարինեի ազգակցական կապի մասին, թե Անանիկյանը հուղարկավորությանը ներկա չի եղել, եւ անակնկալ է եղել նրա հայտնվելը: Հարկ է նշել, որ մինչ այդ Կենտրոն թաղապետարանի հետ երկարատեւ պայքարելուց հետո Մովսիսյանը դուրս է եկել «խաղից» ու այնուհետ որոշակիորեն նպաստել է նույն թաղապետարանի դեմ Անանիկյանի հայցի մերժմանը:

Այսպիսով' Պավել Մովսիսյան- Կենտրոն թաղապետարան- Սվետլանա Անանիկյան եռակողմ վեճում, ինչպես եւ կարելի էր սպասել, հաղթեց թաղապետարանը: Կարինե Քարամյանին պատկանող Գրիբոյեդովի 44 շենքի 28 եւ Պարոնյան 28 շենքի 65 բնակարանները անցան համապատասխանաբար Արաբկիր եւ Կենտրոն համայնքներին' իբրեւ սեփականություն: Սվետլանա Անանիկյանը բողոքարկել է դատարանի վճիռը:

Ս. Անանիկյանն ասում է, որ այս պատմության մեջ մեծ դերակատարում ունի ԱԺ պատգամավոր Գագիկ Մխեյանը. «Մխեյանը Կարինե Քարամյանի Պարոնյան 28/65 հասցեի հարեւանն է: Միշտ էլ աչք է ունեցել Կարինեի բնակարանի վրա, տարբեր առաջարկներ էր անում: Հիմա Մխեյանն ուզում է իրենով անել այդ բնակարանը: Նրան էլ Գագիկ Բեգլարյանը խոստացել է տալ բնակարանը: Թե ինչ փողեր են պտտվում, պարզ է, չէ՞: Բայց ես իմ իրավունքները պաշտպանելու եմ, ով էլ ուզում է լինի»,-ասում է Սվետլանան' ցույց տալով իր' հինգերորդ ժառանգ լինելը հաստատող փաստաթղթերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter