HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Պյոտր Սվիտալսկու հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն, որը ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Այս մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:

Ըստ հաղորդագրության՝ վարչապետը բարձր է գնահատել դեսպան Սվիտալսկու դիվանագիտական գործունեությունը Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման գործում և կարևորել նրա ակտիվ ներգրավվածությունը Հայաստանի ժողովրդավարական գործընթացներում:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել պաշտոնավարման ընթացքում Ձեր կատարած աշխատանքի և Հայաստանի բարեփոխումների գործընթացին ցուցաբերած աջակցության համար, ինչը շատ կարևոր էր և արդյունավետ: Մենք Ձեզ համարում ենք Հայաստանի, Հայաստանի ժողովրդավարության, Հայաստանի կառավարության և հայ ժողովրդի բարեկամը: Հեղափոխությունից հետո ՀՀ-ԵՄ հարաբերությունները նշանակալի օրակարգ ունեն. ԵՄ-ն հուսալի և կարևոր գործընկեր է Հայաստանի համար, մեր բարեփոխումների համար, և վստահ եմ, որ երկկողմ գործակցությունը գնալով ավելի արդյունավետ կդառնա», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

Դեսպան Պյոտր Սվիտալսկին շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին բարձր գնահատականի համար և նշել, որ իր համար մեծ պատիվ էր Հայաստանում դիվանագիտական ծառայություն իրականացնելը: 

«Հայաստանում Եվրամիության դեսպանի կարգավիճակում պաշտոնավարումը կարևոր փորձառություն էր՝ թե՛ մասնագիտական, թե՛ անձնական առումով: ԵՄ համար նույնպես Հայաստանի հետ համագործակցությունն արդյունավետ է և կարևոր, և ԵՄ-ն կշարունակի օժանդակել Հայաստանին՝ առաջ գնալու, բարեփոխումները հաջող կյանքի կոչելու գործում», - նշել է Պյոտր Սվիտալսկին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգի շուրջ, անդրադարձել թավշյա հեղափոխությունից հետո երկկողմ հարաբերությունների զարգացման դինամիկային, համատեղ ծրագրերին և նախաձեռնություններին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter