1 միլիարդ 303 միլիոն դրամ՝ Երևանի լուսավորության համար
Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց պետական բյուջեից 1 միլիարդ 303 միլիոն դրամ հատկացնել Երևանի քաղաքային լուսավորության ծրագրին։ Նշենք, որ այն իրականացվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ։
Ինչպես Կառավարությանը հայտնել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, ծրագրի շինարարական աշխատանքների համար հունվարի 11-ին կնքվել է 6 միլիոն դոլար արժողությամբ պայմանագիր։ Սակայն շինարարական աշխատանքների դիմաց վճարային պարտավորությունները ժամանակին կատարելու համար անհրաժեշտ է ներգրավել հավելյալ միջոցներ։
Կառավարությունը նախատեսում է հատկացվող 1 միլիարդ 303 միլիոն դրամը տրամադրել Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագրի միջոցներից։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հաղորդմամբ՝ այդ ծրագրի շրջանակներում դեռևս ընթանում է շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցութային գործընթաց, որը կպահանջի տևական ժամանակ։
Այդ իսկ պատճառով այդ գումարը՝ որպես ազատ մնացորդ, կուղղվի Երևանի քաղաքային լուսավորության ծրագրին։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել