
Հայկական գինիների ոսկեզօծ հաղթարշավը Բեռլինում
41 երկրի 7.000 հայտատու կողք կողքի պայքարում է լավագույնի կոչման համար, գույնը նույնն է, համն ու որակը՝ խիստ տարբեր: Գինու 700 փորձագետ օրեր շարունակ համտեսում, փորձում ու շրջում է տաղավարից տաղավար, մեկ գավաթ գինի ձեռքին՝ ընտրում լավագույնին:
«Berliner Wein Trophy»-ն գինու ամենամասշտաբային ու հեղինակավոր մրցանակաբաշխությունն է: Ամեն տարի այս ստուգատեսին հայկական շատ ընկերություններ են մասնակցում: Մրցակցությունը թեժ է, ֆրանսիականի, իտալականի, իսպանականի, վրացականի կողքին հայկականը չի զիջում, մեդալակիրների ցանկում են անգամ: Մասնակիցները կատակում են, թե հայերը եկան Բեռլին, հաղթեցին ու գնացին:
Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում ենք: Հեռվում նշմարվում է «Արմենիա Վայն» ընկերության տուֆակերտ գործարանը՝ Արարատին դեմ հանդիման: Ժան Բատիստ Սուլայի հետ ենք հանդիպելու, մի մարդ, որը գինու մասին շատ բան գիտի:
Մեր այցի առիթը «Արմենիա Վայն» գինիների նոր հաղթանակն է: «Արմենիա Վայն»-ի 4 գինիներ Բեռլինում հերթական անգամ արժանացել են ոսկե և արծաթե մեդալների:
Մեղմ քամին օրորում է արևից շողացող խաղողի այգին: Ժանը, ժպիտը դեմքին, դիմավորում է մեզ:
-Փարև Ձեզ, համեցեք մեր տուն:
Ներս ենք մտնում ու միանգամից հարազատի պես սկսում է հպարտությամբ պատմել, որ այս հաղթանակը բոլորինն է՝ խաղողագործից մինչև հիմնադիրներ: Տանտիրոջ հոգատարությամբ ձեռքը մեկնում է դեպի կամարներից այն կողմ նշմարվող 14 հա խաղողի նորատունկ այգին:
«Մենք խթանում ենք բիոարտադրությունը, որովհետև Հայաստանն ունի բոլոր նպաստավոր պայմանները: Սկզբում, երբ եկել էի և ասում էի հայկական գինի, բոլորն ասում էին՝ չէ, ինչ հայկական գինի, լավ գինին վրացականն է: 10 տարվա ընթացքում զգում եմ ահռելի փոփոխություն, սպառողը նախընտրում է հայկականը: Եթե համեմատելու լինենք, ապա Հայաստանում միջին որակի գինին ավելի լավն է, քան Ֆրանսիայում միջին որակի գինին»,- ջերմ զրույցի ընթացքում պատմում է Ժան Բատիստը և հրավիրում զրույցը շարունակելու գինեգործարանում գործող «Նազանի» ռեստորանում:
-Պարոն Սուլա, մի փոքր խոսենք մրցանակաբաշխության հեղինակության մասին, ի՞նչ մասշտաբի մրցանակաբաշխություն է «Berliner Wein Trophy»-ն, ո՞ր երկրներն էին մասնակցում:
- Գիտեք, այն գինեգործության ամենամեծ համաշխարհային մրցույթն է, որն անցկացվում է «OIV»-ի՝ Գինու և խաղողի միջազգային կազմակերպության հովանու ներքո: Մրցույթներ բոլոր երկրներում էլ կան, մեկը՝ մի քիչ ավել, մեկը` մի քիչ պակաս կարևորությամբ, բայց սա այն մրցույթն է, որի համբավն անցնում է բոլոր սահմանները: Չիլիից, Ֆրանիսայից, Արգենտինայից, մեծ թվով երկրներից 1000-ավոր գինիներ են հայտ ներկայացնում: Մրցակցությունը իսկապես թեժ է:
- «Արմենիա Վայն»-ը գինու քանի՞ տեսակ է ներկայացրել մրցանակաբաշխությանը և ի՞նչ հաջողություն է գրանցել:
- Շատ էինք մտածում, թե որ տեսականիով մեկնենք Գերմանիա: Որոշեցինք ներկայացնել չորս տեսակի գինի՝ երկուական «Թարիրի» և «Տակառ». մեր պրեմիում և սուպերպրեմիում տեսակի գինիները, որոնք երկուական ոսկու և երկուական արծաթի արժանացան:
-Ի՞նչ առանձնահատկություն ունեն այդ գինիները:
«Տակառ»-ը` պրեմիում, իսկ «Թարիրին» սուպերպրեմիում դասի գինի է, երկու տարբեր կոնցեպտներ: «Տակառը» հայկական բնաշխարհի և խաղողի արտահայտությունն է, մաքուր հայկական է, իսկ «Թարիրի»-ն հայկականի և եվրոպականի համադրությունն է:
-Այս մրցանակներն ի՞նչ են տալու «Արմենիա Վայն»-ին:
-10 տարի առաջ, երբ նոր էի եկել Հայաստան և ռեստորաններում ներկայանալով ֆրանսիացի գինեգործ` առաջարկում էի հայկական գինի, մարդիկ հրաժարվում էին, չէին էլ ուզում փորձել: Ասում էին՝ հայկական գինին լավը չի, վստահություն չկար: Ընդամենը մի գինետուն կար, գինու մշակույթը չկար: Մեր առաջին մրցանակը 2013 թ-ին էր, երբ «Արմենիա մուսկատ» գինին մասնակցեց Ֆրանսիայում անցկացվող «Համաշխարհային մուսկատ 2013» մուսկատ գինիների փառատոնին, և «Արմենիա Վայն»-ը հետ վերադարձավ մրցանակով: Այդ ժամանակ շատ խոսվեց հայկական գինու մասին: Առաջին տեղում հայկականն էր, հետո իսպանական, արգենտինական գիններն էին: Առաջին հերթին մեզ վստահություն տվեց հայկական գինու պոտենցիալում: Հետո դա փոխանցվեց սպառողներին և մյուս արտադրողներին:
-2013 թ.-ի հաջողության տրամաբանական շարունակությո՞ւնն էին «Berliner Wein Trophy»-ի մրցանակները:
-«Արմենիա Վայն» գինիները ճանաչված են և Հայաստանում, և Հայաստանից դուրս՝ մասնավորապես արտահանվող գինիների 60 %-ը մեզ է բաժին ընկնում: Եվ տեղական, և միջազգային մրցակցությունը շատ ուժեղ է: Քիչ է ունենալ լավ գինի, լավ պիտակ, լավ գին, պետք է ունենալ նաև լավ մրցանակներ: Այդ մրցակցությունն անվերջ է: Եթե մի տարի բրոնզ ունես, հաջորդ տարի պետք է անպայման արծաթե մեդալ ստանաս, հաջորդում՝ ոսկի: Հետո անհրաժեշտ է լինելու 2 հատ ոսկե մեդալ (ծիծաղում է, հեղ.):
-Վերջին հաջողությունը ե՞րբ կանդրադառնա արտադրանքի ծավալի վրա:
-Դա բանակցողների խնդիրն է, մենք արտադրողն ենք և որպես արտադրող` սահմանափակ քանակ կարող ենք թողարկել, եթե ուզում ենք շատ վաճառել, պետք է մեծանանք, ընդլայնվենք: Մեր խնդիրը որակն ապահովելն է, որ միշտ սպառողներին ավելի լավ գոհացնենք: Մենք ավելի շատ շահագրգռված ենք խաղողագործների հետ տարվող աշխատանքով, որ իրենց սովորեցնենք, տևական ժամանակ իրենց հետ աշխատենք, հետո ընդլայնվենք:
4 տարի առաջ «Տակառ»-ը չկար, և մի քանի տարում մենք տասնյակ հազարավոր շիշ «Տակառ» ենք վաճառում: Այդ ժամանակ խաղողագործներն ի վիճակի չէին այդ որակի խաղող մեզ մատակարարել, որ մենք ստանայինք գինու այդ տեսակը: Դրա համար մենք իրենց հետ պետք է աշխատենք, համաչափ քայլերով առաջ գնանք: Մենք ուզում ենք այնպիսի գյուղատնտեսություն զարգացնենք, որ «արժեք» ստեղծի և հնարավորություն տա բոլորին լավ ապրել: Մյուս ուղղությունը, որ սկսում ենք զարգացնել, դա բիոարտադրանքն է:
-Եթե «Արմենիա Վայն»-ը համեմատեք ձեզ ծանոթ գինու այլ գործարանների հետ, ի՞նչ առանձնահատկություն, տարբերություն կգտնեք:
-Եթե Բորդոյի արտադրողների հետ համեմատեմ, ապա այստեղ նրանց համեմատ 30 տարի առաջ են: Այստեղ իրականանում են գինեգործական երազանքները: 21-րդ դարի օրինակելի այգիներ, ամբողջովին մոդեռնիզացված տեխնիկա, միջազգային տեխնոլոգիաներ, կաթիլային ոռոգման համակարգեր, մասնագիտացված և սրտացավ աշխատակիցներ…
-Ի՞նչով է պայմանավորված մեծ տարբերությունը՝ սեփականատերերի մոտեցմամբ, թե՞ լավ կառավարմամբ:
-Պետք է իսկապես նշեմ ընկերության երկու բաժնետերերի մոտեցումները, ովքեր շատ բարձր նշաձողեր են դնում: Ամեն մանրուքը հաշվի են առնում: Օրինակ, կարող է ամիսներ տևի մինչև համաձայնություն տան պիտակի ամենափոքր դետալի վերաբերյալ: Նրանց մոտեցումն ու բարձր նշաձողերն են տարբերություն տալիս, այդ մարդկանց պահանջկոտության աստիճանը նաև: Համագործակցում են լավագույն ոլորտի մասնագետների հետ, պատահական չէ, որ գինու խորհրդատուն՝ ես, հենց Բորդո քաղաքից, կոնյակի համար ֆրանսիացի խորհրդատուի հետ ենք համագործակցում՝ հենց Ֆրանսիայի Կոնյակ քաղաքից, իսկ շամպայնի և փրփրուն գինիների համար իտալացի խորհրդատու ունենք:
-Ձեզ ինչպե՞ս գտան:
-Շատ մեծ պատահականություն է եղել: Մի օր հեռախոսազանգ եմ ստանում, և հարցնում են՝ արդյոք հետաքրքրված եմ գալ Հայաստան, գինով զբաղվել: Նշեմ, որ ես ինքս պատրաստ էի վճարել ու գալ Հայաստան՝ աշխատելու գինեգործական ամենահին օրրաններից մեկում: Երջանիկ էի, եկա…(ժպտում է, հեղ.): «Արմենիա Վայն»-ի բացվելուց հետո` 4 տարի հետո, միացա թիմին: Գործարանի մեծ մասը կառուցված չէր, տակառների հատվածը չկար, միասին մեծացել ենք:
-10 տարի հետո այս տարածքում մե՞ծ փոփոխություններ կտեսնենք:
-Ընկերության սեփականատերերը ինձ ամեն անգամ զարմացնում են: Կային ժամանակներ, որ շատ բարդ էր, գործարանն ամբողջությամբ կառուցված չէր և այդ ընթացքում և՛ կառուցվում էր, և՛ արտադրություն իրականացվում: Ծերանալով կորցնում ենք հիշողությունը՝ վատ բաները մոռանում ենք (ժպտում է, հեղ.): Անցյալ տարի «Նազանի» ռեստորանը փոքր էր, կիսով չափ էր, երկու ամսից եկա, տեսա ռեստորանը այսպես մեծացել է: Հետո եկա, տեսա հաց թխելու տեղն է ավելացել: Սեփականատերերը մտերիմ ընկերներ են դարձել, ինձ համար իսկապես սա ընտանիքի մաս է դարձել, ծնողներիս, երեխաներիս եմ բերում այստեղ: Մարդկային արկած է, որն հաճույքով վայելում եմ ամեն գալուց:
-Հայաստանցիներին ի՞նչ ասելիք ունեք:
-Հայերին այս ուղերձը պիտի փոխանցեմ՝ դուք մի տարածք ունեք, որի հողն օրհնված է, պետք է դրանով հպարտանալ ու պետք չի գնալ այլ երկրների գինիներ գնել, դուք այստեղ ավելի լավ եք պատրաստում, վայելեք ձեր գինիները, հպարտացեք ու առաջ տարեք ձեր 6000-ամյա գինեգործության պատմությունը…
Շրջայց «Արմենիա Վայն» ընկերության գործարանում
Գովազդ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել